Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՐ ՄԻ՛ ՎԱԽԵՑՐԵՔ

Հունվար 16,2003 00:00

ԻՐԱՐ ՄԻ՛ ՎԱԽԵՑՐԵՔ Այսօրվա Հայաստանի ամենաբնորոշ իրողություններից մեկն այն է, որ քաղաքական-լրագրողական «տուսովկայի» կյանքը մեկուսացված է մնացած հասարակության կյանքից: Դրանք երկու տարբեր ոլորտներ են, որոնք ապրում են իրենց օրենքներով, իրենց դարդերով: Առաջինը /այսպես կոչված՝ «վերնախավը»/ բուռն նախընտրական շրջան է ապրում եւ, նրա ընկալմամբ, մթնոլորտն այսօրվա Հայաստանում չափազանց շիկացած է: Բայց իրականում այն շիկացած է մի քանի հարյուր հոգու համար, որոնք ընկել են նախընտրական թոհուբոհի մեջ, եւ կարծում են, թե ամբողջ աշխարհն է այդ կրքերով ապրում: Սակայն բացի հիշյալ «վերնախավից», մնացած աշխարհը ոչ այդ «շիկացումն» է նկատում, ոչ էլ «շիկացած» մարդկանց: Պարզ է, որ ՀՀ քաղաքացիների այդ բացարձակ փոքրամասնության համար կյանքի եւ մահու խնդիր է նախագահի այս կամ այն թեկնածուի ընտրվելը կամ չընտրվելը, եւ ամեն մի իրադարձություն կարող է նրանց հուզել՝ վալիդոլ խմելու չափ: Ինձ համար թե՛ իշխանության եւ թե՛ ընդդիմության գործիչները եւ մանավանդ գործընկերներս իմ եղբայրներն ու քույրերն են, եւ ես չէի ուզենա, որ նրանք այս կրիտիկական օրերին շատ նյարդայնանան: Եվ դրա համար նրանք պետք է հրաժարվեն իրար վախեցնելուց: – Սիրելի ընդդիմադիրներ, «վհուկների որս» չի լինելու, դուք այդչափ վտանգավոր չեք իշխանության համար: Միակ «վհուկը», որը Քոչարյանի տեսակետից վտանգավոր էր, «Ա1+»-ն էր, որը նա հաջողությամբ փակեց: – Սիրելի իշխանամետներ, եթե դուք վստահ եք, որ Տիգրան Նաղդալյանին Գեղամյանն է սպանել /կամ ընդդիմադիր որեւէ այլ թեկնածու/, եկեք հրապարակենք դրա ապացույցները եւ բոլորս նպաստենք, որ նրա /կամ նրանց/ դեմ քրեական գործ հարուցվի: – Սիրելի ընդդիմադիրներ, եթե դուք վստահ եք, որ «Հոկտեմբերի 27»-ը իշխանություններն են կազմակերպել, ապա տվեք ապացույցները մեզ, մենք դրանք կհրապարակենք, եւ եկեք բոլորս նպաստենք, որ մեղավորները պատժվեն: – Սիրելի իշխանամետներ, եթե ձեզ հայտնի է, որ որեւէ ընդդիմադիր գործիչ բռնության կամ հեղաշրջման կոչ է արել եւ դրանով նպաստել է Տիգրան Նաղդալյանի սպանությանը, ապա եկեք գտնենք այդ կոչի ձայնագրությունը կամ տեսագրությունը եւ հասնենք նրան, որ կոչերի հեղինակները քրեական պատասխանատվության ենթարկվեն: – Սիրելի իշխանամետներ, եթե որեւէ մեկն ասում է, որ Տիգրան Նաղդալյանը «27»-ի գործով կարեւոր վկա էր, պետք չէ հուզված վեր թռչել եւ կրծքով պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞ւ եք այստեղ պարտադիր կապ տեսնում: Եվ ամենակարեւորը, այդ ամբողջ նախընտրական անցուդարձը սրտներիդ մոտ մի՛ ընդունեք: Օրեր են՝ կանցնեն-կգնան: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել