Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկակի ստանդարտ

Հունվար 16,2003 00:00

Երկակի ստանդարտ ԿԸՀ-ն երեկ նիստ է հրավիրել, ուր ՀՀ նախագահի առաջադրված թեկնածուներից 11-ի գրանցման մասին որոշումներ են ընդունվել: Առաջադրված բոլոր թեկնածուները գրանցվել են գրեթե միաձայն որոշմամբ: Բացառություն են կազմել, ինչպես եւ պետք էր ենթադրել, միայն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրանցման որոշումները: Մասնավորապես վերջինիս դեպքում՝ որոշումն ընդունվել է յոթ «կողմ», երկու «դեմ» ձայներով: «Դեմ» են եղել ԿԸՀ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի ներկայացուցիչ Զ.Պլուզյանն ու ԱԺՄ անդամ Պ.Եդիգարյանը: Ու թեեւ ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանը հայտարարել էր, թե բոլոր 11 թեկնածուները հավուր պատշաճի ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, այդուհանդերձ, նախագահ Քոչարյանի գրանցումը թույլ չտալու նախաձեռնությամբ եւ համապատասխան փաստարկներով հանդես եկավ Զ.Պլուզյանը: Բնականաբար, փաստարկների առաջին պլանում Քոչարյանի՝ ՀՀ 10 տարվա քաղաքացիություն չունենալու փաստն էր: Ահա այստեղ էր, որ ի հայտ եկավ «16» կոչվող միավորման իրական դեմքն ու, մեղմ ասած, այն թշվառ իրավիճակը, որում նրանք հայտնվել են: Բանն այն է, որ «16»-ի ու մասնավորապես «Ժողովրդահայրենասիրական» դաշինքի անդամ Կոմկուսի ներկայացուցիչը երեկ ԿԸՀ նիստում պարզապես «քցեց» իր գործընկեր ընդդիմադիրներին: Նա հայտարարեց, թե հանձնաժողովականները բարոյական իրավունք չունեն քննարկման առարկա դարձնել Քոչարյանի քաղաքացիության հարցն ու չգրանցել նրա թեկնածությունը: Միակ փաստարկը, որ, մեղմ ասած, հեռու էր իրավական հիմնավորում համարվելուց, այն էր՝ բա Եռաբլո՞ւրը, բա Ղարաբաղում թափած մեր արյո՞ւնը: Շատ բարի, բայց եթե երկրի Սահմանադրության վրա թքած ունենալով՝ առաջնորդվում ենք բարոյական չափանիշներով, ապա արդյո՞ք անբարոյականություն չէր Րաֆֆի Հովհաննիսյանի չգրանցումը, բա ասում ենք՝ աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիքն է Հայաստանը, բա խոսում ենք Հայաստան-Սփյուռք կապերի, 1915թ. Ցեղասպանության հետեւանքների վերացման մասին: Բա նրանք հայ չե՞ն: Միեւնույն ժամանակ, կարծում ենք, անբարոյականություն է խոսել Ղարաբաղը՝ Հայաստան, ղարաբաղցիներին հայաստանցիներ համարելու մասին եւ այդ ամպագոռգոռ հայտարարությունները միայն բացառության կարգով շնորհել Ռոբերտ Քոչարյանին: Ինչո՞վ է նա առավել մյուս բոլոր ղարաբաղցի մեր հայրենակիցներից, թե՞ նա էր, որ մեն-մենակ պայքարեց, կռվեց եւ ազատագրեց Ղարաբաղը: Իսկ ինչո՞ւ Քոչարյանի քաղաքացիության հարց բարձրացնելն անբարոյականություն համարողները ՀՀ ընտրություններում նաեւ ղարաբաղցիների մասնակցության, ԼՂ-ում ընտրական տարածքներ ստեղծելու հարց չեն բարձրացնում: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ են իշխանություններն ու նրանց սատարող ուժերը երկակի ստանդարտներ կիրառում հենց ղարաբաղցիների նկատմամբ: Ի՛նչ է, կան լավ ղարաբաղցիներ, որոնք արժանի են ՀՀ նախագահ ընտրել ու ընտրվել, ու վատերը, որոնք այդ իրավունքը չունե՞ն: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել