Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր անակնկալ

Հունվար 16,2003 00:00

Նոր անակնկալ «Հանրապետությունը» խոստանում է նոր անակնկալներ: Թեեւ դեռ չեն դադարել նախկինում խոստացված անակնկալների վերաբերյալ ենթադրությունները: Մեր «Վերլուծաբանները «16»-ի մի զգալի մասը համարում են բալաստ եւ առաջարկում, որ «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն ավելի ուժեղ դաշինք կազմեն, որպես լիակատար իրավահաջորդ՝ ընտրելով «Միասնություն» անվանումը: Ի՞նչ ունեք հակադրելու այս մոտեցմանը» հարցին ի պատասխան՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը 2002-ի հոկտեմբերի 15-ին ասել էր. «Ոչինչ չունեմ հակադրելու: Արձանագրեմ, որ, այո՛, ՀԺԿ-ն մեր ամենամոտ գործընկերն է, եւ քաղաքական գործընթացներում որեւէ բան բացառված չէ: Բայց, դարձյալ վերադառնալով ընտրական տեխնոլոգիաներին՝ պիտի ասեմ, թե չեմ համարում, որ հիմա է այն ժամանակը, երբ պետք է բացահայտել գործընթացների նախատեսվող ցանկը: Առնվազն մի քիչ համբերություն է պետք՝ մինչեւ նոյեմբերի վերջը եւ, կարծում եմ, որ ընդդիմադիրներին հետեւող ու համակրող մարդիկ կունենան ուրախանալու առիթներ: Կարծում եմ, որ այդ ժամանակ ես էլ կսկսեմ կատակներ անել որոշ թեմաներով»: Հիրավի հիվանդագին երեւակայություն է հարկավոր, որ այս համատեքստում խոստացված անակնկալն այժմ համարես… Տիգրան Նաղդալյանի սպանությունը: Բայց ահա իշխանական արդեն որերորդ լրատվամիջոցը հենց այդպես էլ վարվում է: Համատեքստից կտրելով՝ հիշեցնում են նաեւ նույն հարցազրույցում Արամ Սարգսյանի մեկ այլ միտք. «Բացարձա՛կ միանշանակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին: Բացարձա՛կ միանշանակ չէ, որ նա կհասնի այդ օրվան՝ ինչեր ասես կարող են լինել, սկսած Ազգային ժողովում զարգացումներից»։ Թեեւ այս արտահայտությունները բնավ երկիմաստ չեն, այնուամենայնիվ, հաշվի առնելով սկիզբ առած շահարկումները՝ տարընթերցումների տեղ չթողնելու համար՝ պրն Սարգսյանին խնդրեցինք հավելյալ պարզաբանել, թե ինչ նկատի ուներ, երբ խոստանում էր անակնկալներ. «Ակնհայտ է, որ այդ մտքերիցս որեւէ մեկը չէր կարող վերաբերել որեւէ մեկի սպանությանը կամ քաղաքական իրավիճակն ահաբեկչության միջոցով ապակայունացնելուն: Ընդհանրապես, անցածս ուղին վկայություն է, որ ես, ընդհակառակը, լարված իրավիճակներ հանդարտեցնող եմ, եւ դա պատճառներից մեկն էր, թե ինչու համաձայնեցի դառնալ վարչապետ: Ինչ վերաբերում է ընտրություններին Քոչարյանի չմասնակցելու խնդրին՝ այսօր էլ այդ կարծիքին եմ, քանի որ հրաշալի ճանաչում եմ Քոչարյանին սատարող կուսակցություններին, այն թիմին, որ կանգնած է նրա կողքին: Նաեւ տիրապետում եմ արտաքին քաղաքական ոլորտից որոշ տեղեկատվության: Իսկ խոստացված անակնկալը նախ վերաբերում էր «27»-ի դատավարությանը՝ Յունոշեւի մամուլի ասուլիսը դրա ապացույցն է: Այդ ուղղությամբ կլինեն նաեւ նոր լուրջ անակնկալներ, որոնք կբացահայտվեն դատարանում: Անակնկալը վերաբերելու է նաեւ ընդդիմադիր դաշտի համագործակցված գործունեությանը: Երբ ես խոստանում էի, թե կլինեն ուրախանալու առիթներ՝ նկատի ունեի միավորումը»: Մեր հարցին, թե ինչո՞ւ այդ անակնկալները միայն այժմ են մատուցվում, եւ չպահպանվեցին խոստացված նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկիզբ ժամկետները՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «16»-ի շրջանակներում համագործակցում են քաղաքական բավականին լուրջ փորձառություն ունեցող մարդիկ: Բացի այդ՝ ընտրական տեխնոլոգիաներն ունեն իրենց տրամաբանությունը: Եվ երբ մարդիկ գործընթացները ներկայացնում են ավելի իրատեսական՝ ես համաձայնում եմ այդ տեսակետներին»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել