Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿՓՈԽՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ»

Հունվար 16,2003 00:00

«ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿՓՈԽՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ֊ Ինչու՞ եք ցանկանում դառնալ հանրապետության նախագահ։ 172 Այդ որոշումը պայմանավորված է երկրի ապագայի նկատմամբ լուրջ մտահոգությամբ, պատասխանատվության զգացումով եւ որոշակի հասարակական պահանջով։ Որպես ՀՀ նախագահի թեկնածուի՝ իմ առաջադրումը ամենեւին չի հետապնդում ճանաչման կամ ինքնագովազդի նպատակ։ – Եթե դառնաք նախագահ, մտադի՞ր եք փոխել հանրապետության հիմնը։ – Մինչեւ հիմնը դեռ փոխելու շատ բան կա։ – Հրապարակումներից մեկում ասվում էր, թե Ձեր սիրած քաղաքը Նյու Յորքն է, իրոք այդպե՞ս է։ – Ես ծնվել եւ ապրում եմ Երեւանում եւ իմ սիրած քաղաքը Երեւանն է։ – Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորումը շարունակ հայտարարում է, թե անպայման կլինի միասնական թեկնածու, սակայն անուն չի տրվում։ – Ես գտնում եմ, որ ընդդիմությունը կարող է ունենալ ուժեղ, հաղթող թեկնածու։ Այլ հարց է, թե քանի կուսակցություն կպաշտպանի այդ թեկնածուին. տասնվե՞ց, ավելի՞, թե՞ պակաս։ Իսկ միասնական թեկնածուի հարցը, միշտ ասել եմ եւ ստիպված եմ կրկնել՝ լուծվելու է բնականոն ճանապարհով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը ձգտում են հանդես գալ միասնական թեկնածուով։ ՀԺԿ-ն միշտ գնացել է եւ շարունակելու է գնալ համախմբման ճանապարհով։ – Գրեթե բոլոր սոցհարցումներում Դուք գտնվում եք Ռոբերտ Քոչարյանից հետո երկրորդ տեղում, թեպետ պնդում եք, թե չեք հավատում սոցհարցումներին, այսինքն չե՞ք հավատում, թե Դուք երկրորդն եք։ ֊ Խոսքն ակնհայտորեն պատվիրված որոշ հարցումների մասին է, բայց այդ դեպքում էլ խորհուրդ կտայի ավելորդ համեստությամբ չտառապել՝ ի՞նչն է խանգարում Քոչարյանին տալ 99 %, կես տոկոս՝ ամբողջ ընդդիմությանը, մի կես տոկոս էլ չկողմնորոշվածներին։ – Ամենատարբեր առիթներով ասում եք, թե հարկավոր է առաջին հերթին փոխել երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչպե՞ս է դա արվելու։ – Երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը կարող է փոխվել հենց առաջիկա ընտրությունների արդյունքում, եթե հերթական անգամ չարհամարհվի ժողովրդի կամքը, եթե ժողովուրդն ինքն ընտրի իր նախագահին։ Միայն ժողովրդի աջակցությունը վայելող իշխանությունը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Ես միշտ ասել եմ, որ բարոյահոգեբանական մթնոլորտը կփոխվի հոկտեմբերի 27-ի ոճրագործության, ինչպես նաեւ մյուս քաղաքական սպանությունների լիարժեք բացահայտմամբ։ – Ընդդիմությունը չի՞ պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի ՀՀ քաղաքացիության կապակցությամբ։ – Հայաստանին անհրաժեշտ է լեգիտիմ իշխանություն եւ այս ընտրություններում այդ խնդիրը պետք է լուծվի։ Հակառակ դեպքում հետեւանքները կարող են ուղղակի կործանարար լինել մեր երկրի համար։ Դիմել-չդիմելը ես համարում եմ երկրորդական, մենք հարցը լուծելու ենք ընտրություններում։ – Ինչպե՞ս է գոյացել Ձեր ընտրագումարը։ – Համենայնդեպս, ոչ այն աղբյուրներից, որ նշվում էին մամուլի որոշ հրապարակումներում։ Օգնում են համակիրները, իսկ համակիրներ մենք շատ ունենք։ – Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո ուղղակի մեղադրանքներ հնչեցին ընդդիմության հասցեին։ Դուք Ձեր տեսակետն արտահայտել եք հենց սպանության հաջորդ օրը, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը մինչ հանցագործությունը եւ դրանից հետո։ – Մենք դատապարտում ենք ցանկացած ահաբեկչություն, ինչպես նաեւ դատապարտում ենք հասարակական կարծիքի ուղղորդման փորձերը, ինչի դրսեւորումներին ականատես ենք թե՛ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, թե՛ հիմա։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իշխանությունների կողմից անմիջապես շրջանառության մեջ դրվեց, թե այդ մարդասպանների ետեւում պատվիրատուներ ու կազմակերպիչներ չկան։ Հիմա էլ նույն իշխանությունները փորձում են ձեւավորել կարծիք, թե այս սպանության ետեւում կանգնած է ընդդիմությունը։ Լավ կլիներ՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մի քիչ ավելի զգույշ լինեին իրենց «կարծիքը» հայտնելիս եւ պատասխանատվություն զգային իրենց ասածների համար։ Ցավալի է, որ այս ամենին մասնակից են դառնում իրենց մտավորական համարող որոշ մարդիկ։ Հիշո՞ւմ եք հոկտեմբերի 27-ից հետո տարածված խոսակցությունները ռոբինհուդների ու ռոմանտիկների մասին կամ, թե ինչպես ոմանք ասում էին, որ չի կարելի վիրավորել մարդասպանների մարդկային արժանապատվությունը, ոմանք էլ հայտարարում էին, որ ահաբեկչությունը երբեմն արդարացված է։ Կամ՝ երբ մենք գնահատում էինք «Հոկտեմբերի 27»-ի գործով անցնողների նկատմամբ համաներման կիրառումը որպես ահաբեկչության հովանավորում, մեզ մեղադրում էին, թե շահարկում ենք «Հոկտեմբերի 27»-ը։ Իսկ այսօր գործող նախագահը հայտարարում է, թե չի ներելու Տիգրան Նաղդալյանի «ստոր սպանությունը»: Իհարկե, չի կարելի ներել, բայց ի՞նչ է, «Հոկտեմբերի 27»172ը եւ մյուս քաղաքական սպանությունները կարելի՞ է ներել ու մոռանալ։ Անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություններ եւ ոչ մի ահաբեկչություն չի կարելի արդարացնել ու ներել։ – Տ. Նաղդալյանի սպանության տարբեր վարկածներ կան, շեշտադրվում է «Հոկտեմբերի 27»-ի վարկածը եւս։ – Իհարկե, չի կարելի բացառել, որ այդ սպանությունը կարող է կապված լինել «Հոկտեմբերի 27»-ի հետ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել