Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՋԱՆՈՒՄ Է ՈՒՂՂԵԼ ՄԵՋՔԸ

Հունվար 15,2003 00:00

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՋԱՆՈՒՄ Է ՈՒՂՂԵԼ ՄԵՋՔԸ Լինելով տաք երկիր՝ Հայաստանում համեմատաբար զարգացած են ամառային մարզաձեւերը։ Ու այդ է պատճառը, որ տարվա այս եղանակին հանրապետության մարզական կյանքում մի տեսակ հարաբերական անդորր է տիրում։ Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե ամառային մարզաձեւերի ներկայացուցիչները երկարատեւ արձակուրդում են։ Հիմա նրանց համար ապագա կարեւոր մրցաշարերին նախապատրաստվելու ժամանակաշրջանն է։ Յուրաքանչյուր մարզաձեւ արդեն կազմել է իր ծրագիրը եւ աշխատանքները կազմակերպում է ըստ դրա։ Մասնավորապես, բռնցքամարտիկները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի ԽՍՀՄ գլխավոր օլիմպիական մարզաբազայում։ Այնտեղ է կաշվե ձեռնոցի մեր ներկայիս վարպետների ողջ ընտրանին, որը ղեկավարում է ճանաչված մասնագետ, նախկինում ԽՍՀՄ հավաքականի՝ Հայաստանում մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը։ Հանգամանքների բերումով, նա վերջին վեց տարիներին մարզում էր Հունաստանի ազգային հավաքականը։ Սակայն բոլորովին վերջերս ընդունելով հանրապետության մարզական ղեկավարության առաջարկը, վերադարձել է հայրենիք եւ ստանձնել բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ղեկը։ Անցած հանգստյան օրերին մի քանի մարզական լրագրողներով որոշեցինք անակնկալ այցելել Ծաղկաձորի օլիմպիական ավան, որտեղ էլ ներկա եղանք բռնցքամարտի ազգային հավաքականի մարզումներին ու օգտվելով առիթից՝ զրուցեցինք Ռ. Մեհրաբյանի հետ։ – Պարոն Մեհրաբյան, փաստորեն, «Դինամոյում» կազմակերպված ընտրական մրցաշարից հետո ձեր գլխավորությամբ ազգային հավաքականի թեկնածուների մասնակցությամբ առաջին հավաքն է։ Գո՞հ եք դրա ընթացքից։ – Այո, առաջին անգամ ենք բոլորս միատեղ հավաքվել։ Ես եւ հավաքականի մյուս մարզիչները ցանկանում էինք տեսնել բռնցքամարտիկների թե ընդհանուր, թե հատուկ ու ֆիզիկական, թե տեխնիկական ու տակտիկական պատրաստվածության աստիճանը։ Իմ համոզմամբ, հավաքը ծառայում է նպատակին։ – Դուք մի ամբողջ կյանք եք անցկացրել բռնցքամարտում եւ, ինչպես ասում են, հազար փորձություն տեսած աչք ունեք։ Ժամանակին երկար տարիներ եղել եք ԽՍՀՄ հավաքականի մարզիչը Հայաստանում։ Այսօրվա մեր բնցքամարտիկների մեջ տեսնո՞ւմ եք այնպիսի անհատների, ովքեր կարող են շարունակել կամ վերածնել մարզաձեւի մեր երբեմնի հարուստ ավանդույթները։ – Ներկայիս հավաքին մասնակցում են հավաքականի 38 թեկնածուներ։ Չնայած, ըստ էության, նրանց հետ նոր եմ սկսում աշխատել, բայց հեռանկար տեսնում եմ։ Հուսով եմ, որ կարճ ժամանակում, մինչեւ օլիմպիական խաղերը, այս տղաների մեջ կտեսնենք Աթենքում 2004թ. կայանալիք օլիմպիական խաղերի մասնակիցների։ – Որքան տեղյակ ենք, այս անգամ բավականին դժվարացվել են օլիմպիական վարկանիշ նվաճելու պայմանները։ Տղաներն ի վիճակի՞ են հաղթահարելու այդ արգելքը եւ եթե այո, ապա մոտավորապես քանի՞ բռնցքամարտիկի հույս կարող ենք ունենալ օլիմպիական խաղերում։ – Իրոք, որ դժվար է լինելու վարկանիշ նվաճելը։ Բայց այդ դժվարությունը բոլոր երկրների համար է։ Հայաստանն ունի բռնցքամարտի հարուստ ավանդույթների դպրոց։ Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի Հայաստանը արժանավայել մասնակցի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին։ Կարծում եմ, որ նպատակասլաց նախապատրաստվելու դեպքում, եթե ունենանք լավ պայմաններ, կունենանք չորսից վեց օլիմպիական բռնցքամարտիկներ։ – Դա ցանկությո՞ւն է, թե՞ հիմնավորված հայտարարություն։ – Հենց հիմա ունենք եւ փորձառու, եւ անվանի, նաեւ՝ հեռանկարային բռնցքամարտիկներ։ Առաջիններից են Ալեքսան Նալբանդյանը, Արամ Ռամազյանը, Մարատ Թովմասյանը, ում հետ ես հույսեր եմ կապում։ Ինձ թվում է, որ նրանք, ինչպես նաեւ մի քանի երիտասարդներ, ովքեր մոտ ժամանակներս կմասնակցեն միջազգային մրցաշարերի, իրենց մասին խոսել կտան։ – Ասացիք, որ այս հավաքը ծառայում է նպատակին։ Բայց կա՞ն հարցեր, որոնք ձեզ մտահոգվելու առիթներ են տալիս։ – Մտածելու շատ բան, ինչ խոսք, կա։ Մարզիկներն ունեն թերություններ, որակներ կան, որ նրանք դեռ պետք է ձեռք բերեն։ Բայց, կրկնում եմ, սա մեր առաջին հավաքն է։ Ու մենք պետք է մնացած ժամանակում հասցնենք դրանք վերացնել։ Կարծում եմ, դա մեզ կհաջողվի։ Տղաներից գոհ եմ, որովհետեւ նրանք ամբողջությամբ նվիրված են աշխատանքին ու հիմնականում կատարում են մարզիչների կազմած ծրագրերը, տրվող առաջադրանքները։ Այ, եթե հնարավոր լինի նաեւ լրացնել մեծ ռինգի, միջազգային մրցափորձի պակասը, ամեն բան, կարծում եմ, նորմալ կլինի։ – Որքան նկատեցինք, դուք ձեզ շրջապատել եք փորձառու, բանիմաց մարզիչներով։ Բայց ինչ էլ անեք, արդյունքը լիարժեք չի լինի, եթե ձեզ հետ չաշխատեն բժիշկները։ – Դա, իրոք, այդպես է։ Այ հենց այսօր եկել է բժշկական խումբը եւ հետազոտում է մարզիկներին։ Կարճ ժամանակում նրանցից կստանանք յուրաքանչյուր բռնցքամարտիկի տվյալները եւ անհրաժեշտության դեպքում կմշակենք այնպիսի ծրագիր, որով կապահովենք բոլոր այն պահանջները, որ պետք է ունենա հավաքականի յուրաքանչյուր անդամ։ – Գաղտնիք չէ, որ վերջնական արդյունքը անմիջականորեն կախված է նախապատրաստական փուլը ճիշտ կազմակերպելուց, հավաքների կազմակերպման տեղն ու վայրը ճիշտ ընտրելուց։ Ինչո՞վ է պայմանավորված, որ դուք այս փուլի համար ընտրեցիք հենց Ծաղկաձորը։ – Ծաղկաձորի օլիմպիական ավանը տարիների ընթացքում փորձված միջավայր է։ Փորձը ցույց է տվել, որ այստեղի բարձրությունը, բնակլիմայական պայմանները գրեթե իդեալական են ցանկացած մարզաձեւի ներկայացուցիչների համար։ Եվ այստեղ մարզվող-նախապատրաստվողները գրեթե միշտ միջազգային ասպարեզներում, դրանք լինեն մրցաշարեր, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ, հաջողությունների են հասել։ Այս մարզաբազան աշխարհի լավագույն երկրներում եղածներից, իսկ ես այդպիսիք շատ եմ տեսել, առանձնանում է իր կոմպակտությամբ, լիարժեք մարզվելու համար եղած հնարավորություններով։ Մարզչական ցանկացած մտահղացում Ծաղկաձորում կարելի է իրականացնել առանց ավելորդ ժամանակ կորցնելու, քաշքշուկների։ Հյուրանոցում սենյակները տաք են, սնունդը դժգոհելու առիթներ չի ընձեռում։ Միակ բանը, որ զգացնել է տալիս հատկապես ձմռան ամիսներին՝ դահլիճներում պահանջվող ջերմաստիճանի բացակայությունն է։ Սակայն դա օլիմպիական ավանի ղեկավարության մեղքը չէ։ Պատճառներն օբյեկտիվ են ու բացատրելի։ Օգտվելով առիթից, ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել օլիմպիական ավանի ողջ աշխատակազմին՝ մարզիկների, թիմերի հանդեպ ցուցաբերած հոգատար ու ջերմ վերաբերմունքի համար եւ հատկապես համալիրի գլխավոր տնօրեն Մխիթար Հարությունյանին, որը մեծագույն պատրաստակամությամբ ու բարի կամքով անհապաղ կարգավորում ու լուծում է տալիս ծագող նույնիսկ այն խնդիրներին, որոնք ըստ էության իր իրավասությունների շրջանակներից դուրս են։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել