Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գրիպոզով էլ վատ չենք երգում»

Հունվար 15,2003 00:00

«Գրիպոզով էլ վատ չենք երգում» Մոսկվայի Մեծ թատրոնի «լա-սկալաներ», «մետրոպոլներ» տեսած-«լկստված» հանդիսատեսի համար «ֆուրոր» է արել մեր օպերային թատրոնն իր «Նորմայով»։ Դա այն դեպքում, երբ ներկայացման փորձերն անցել են թատրոնի հաշվապահության սենյակում, Գեղամ Գրիգորյանի բնակարանում եւ առանց ռեժիսորի։ Ներկայացման բեմադրող, մոսկվաբնակ Բորիս Հայրապետյանն այդ օրերին Մոսկվայում պրոդյուսերական հարցեր էր լուծում։ «Հետեւանքը եղավ այն, որ երկու հարյուր հոգանոց թատերական խմբից շատերը հիվանդ-հիվանդ հասան Մոսկվա, երգիչների մի մասը բեմ դուրս եկավ գրիպոզով»,- պարզաբանեց Գ. Գրիգորյանը լրագրողներին։ Անշուշտ, դա չի խանգարել ամենակարեւորին՝ հոտնկայս ծափահարություններ, բիս ու բրավոներ։ «Ինչպես գիտեք, ըՏսՖՔՏռ-ի առաջին, ընդ որում՝ իրենց, ներկայացումը նոր բեմահարթակում չէր հաջողվել, քննադատության էր արժանացել հատկապես դահլիճի ակուստիկան։ Բայց, երկրորդ՝ այսինքն մեր, ելույթից հետո ունկնդիրը հասկացավ, որ ակուստիկան լավն է, ուղղակի իրենք լավ ձայն չէին լսել»,- համեստորեն նկարագրեց գեղղեկավարը, թատրոնի բարձր վոկալ կուլտուրան ու ճաշակը կենտրոնացնելով հատկապես Նորմայի դերակատար Անահիտ Մխիթարյանի մեջ (իրեն չհաշված)։ Զուր չեն մամուլում նշել, որ «այս թատրոնը եթե փորփրենք՝ շատ ձայներ դուրս կգան»։ Ի դեպ, մամուլն արձագանքել էր նաեւ ռեժիսուրային, ներկայացումը համարելով «ոչ այնքան թանկ, բայց ճոխ ու շքեղ»։ «Նեգատիվ» արձագանքներն, ըստ Գեղամ Գրիգորյանի, կապված էին ոչ այնքան բեմադրության, որքան բեմադրողի անձի հետ։ Համենայնդեպս, նշենք, որ կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանի բեմադրած «Նորման» մեր հանդիսատեսն ընդունել է առանց քննադատությունների (2001թ.)։ Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն իր ելույթի մի առանձին «գլուխ» նվիրեց «Առավոտի» շաբաթօրյա համարի առաջնորդողին։ Ընթերցողին հիշեցնենք, որ հրապարակումն անդրադարձել է Օպերայի եւ բալետի թատրոնի մոսկովյան հյուրախաղերին, հպարտությամբ նշել նրա հաջողությունները, նաեւ մեջբերել ռուսական ԶԼՄ-ներով հնչած «չհպարտանալու» փաստեր՝ կապված արտիստների ստեղծագործական ու նյութական վատ պայմանների հետ։ Անշուշտ, երբ երկրից դուրս եկող պաշտոնական քարոզչությամբ միայն լավն ու դրականը լսող դրսեցին հանկարծ առիթ է ունենում հակառակն իմանալու՝ դուր չի գա իշխանություններին։ Ամենայն հավանականությամբ, նրանց դժգոհությունն արդեն հասել է թատրոնի տնօրինությանը։ Եվ եթե մոսկվաներում ոչինչ ուղղել չեն կարող՝ ասվածն ասված է, «Առավոտը» հո տեղում է։ Հերքելու փորձ կարող են անել, թեկուզ ուշ եւ ոչ ճիշտ հասցեով։ «Այո, թատրոնն օգուտով չի աշխատում, 30 դոլար աշխատավարձ պիտի ստանանք՝ ուշացումով ենք ստանում, հովանավոր չունենք, բայց մենք նվիրյալներ ենք, աշխատել ենք ու պիտի շարունակենք նույն նվիրվածությամբ»,- չգիտես արդարացա՞վ, թե՞ բողոքեց Գեղամ Գրիգորյանը։ «Առավոտից» կրկին անցնելով իրենց, Կամո Հովհաննիսյանը շարունակեց ներկայացնել փորձությունների այն շարքը, որոնց միջով անցնելով է խմբին հաջողվել «հոտնկայս ծափահարություններով» ներկայացում տալ։ Բացի կիսատ-պռատ փորձերից, երկար ժամանակ չէին կարողանում գտնել նաեւ 50 հազար դոլար ծախսը «քաշողին»։ Մեծ թատրոնն, ըստ պայմանագրի, համաձայնել է հոգալ Մոսկվայում խմբի տրանսպորտային ծախսը, ապահովել գովազդ եւ օրական մեկ անգամ ճաշ։ Իսկ բեռներով հանդերձ Մոսկվա գնալ-գալը, հյուրանոցային եւ այլ ծախսեր մնացել են մերոնց վրա։ «Օդանավի ու տեղափոխման հարցերը լուծեցինք այստեղ, իսկ հյուրանոցում ապրելու խնդրով դիմել էինք Արա Աբրահամյանին (Ռուսաստանի հայերի միության նախագահ)։ Մինչեւ վերջին րոպեն նա հրաժարվում էր, բայց Մեծ թատրոնի տնօրինության միջամտությամբ, ի վերջո, իր վրա վերցրեց այդ հոգսը»,- պարզաբանեցին հանդիպման մասնակիցները։ Հյուրախաղերից գումար վաստակելու մասին մերոնք չեն էլ երազել՝ շահույթը ռուսներինն էր, մերը՝ փառքն ու պատիվը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել