Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՅԼԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՐԺԵԼ

Հունվար 15,2003 00:00

ՍԱՅԼԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՐԺԵԼ Չարենցի եւ Քոչարի տուն-թանգարանների նման, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն էլ տեղավորված է բնակելի շենքում։ Եվ բոլոր նման մշակութային օջախների կենսագործունեությունը, բնականաբար, պայմանավորված է այդ շենքերի բնակիչների նորմալ կյանքով։ Ինչ վերաբերում է Սայաթ-Նովա 4 շենքի բնակիչներին (ուր «բնակվում» է նաեւ տիկնիկային թատրոնը), ապա նրանց կյանքը հաստատ նորմալ չի կարելի համարել, քանի որ այս շենքում ջրի եւ կոյուղու խողովակների վթարները խրոնիկ բնույթ են կրում։ Ցավոք, դրանից մշտապես տուժում է տիկնիկային թատրոնը ու ժամանակ առ ժամանակ հեղեղվում կոյուղաջրերով։ Վերջին անգամ ստեղծված աղետալի վիճակի մասին թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը Կենտրոն թաղապետարան էր ահազանգել դեկտեմբերի 26-ին, այնուհետեւ հունվարի 8-ին նամակով դիմել ե՛ւ թաղապետարան, եւ քաղաքապետարան։ «Լինսի» հիմնադրամի «Մշակույթ» ծրագրով վերանորոգվող տիկնիկային թատրոնում, ըստ Ռ. Բաբայանի, բոլոր աշխատանքները ջուրն են լցվել, ավելի ճիշտ՝ «դրանք անիմաստ են այնքան ժամանակ, քանի դեռ շենքի կոյուղագծերն ու խմելու ջրի խողովակները կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել»։ Ռ. Բաբայանի կարծիքով, այդ հարցը միայն «Լինսի» հիմնադրամը չի կարող լուծել (թեեւ այն քանիցս վերանորոգել է վնասված խողովակները). «Լինսին» հո չի՞ կարող մտնել 13 հարկանի շենքի բոլոր բնակարանները»։ Տիկնիկային թատրոնի տնօրենին զարմացնում է նաեւ այն հանգամանքը, որ հաճախ երբ որեւէ վթարի հարցով դիմում են այս կամ այն կառույցին ու ատյանին, իսկույն հետաքրքրվում են, թե ում ենթակայությամբ է գործում տիկնիկային թատրոնը։ «Տիկնիկային թատրոնը պատկանում է Հայաստանի Հանրապետությանն ու երեխաներին։ Այն ոչ մշակույթի նախարարությունն է ստեղծել, ոչ քաղաքապետարանը, ոչ թաղապետարանը, ոչ էլ «Լինսի» հիմնադրամը։ Եղել է պահանջ ու թատրոնը ստեղծվել է, իսկ այսօր այն չենք կարողանում պահպանել»,- ասում է Ռ. Բաբայանը։ Տիկնիկային թատրոնի տնօրենին մտահոգում է նաեւ մանր-մունր չինովնիկների՝ մշակույթի հանդեպ ունեցած վերաբերմունքը. պատճառը պարզ է՝ ֆինանսներ են անցնում կողքներով, իսկ վերջիններս չեն կարողանում իրենց գայթակղությունը զսպել։ Անցյալ տարի թատրոնը այս վիճակով անիվների վրա շուրջ 120 ներկայացում է խաղացել եւ առաջին տարին է, որ այստեղ ամանորյա ներկայացումներ չեն եղել, այն դեպքում, երբ նախօրոք վաճառվել են աբոնեմենտներ։ Ռ. Բաբայանը կասկածում է, որ հարցը մինչեւ հունիս-հուլիս ամիսներ՝ այսինքն մինչեւ պատերի չորանալը, կլուծվի։ «Ի վերջո պետք է բոլոր գերատեսչական ամբիցիաները մի կողմ դրվեն եւ մարդիկ հասկանան, որ բոլորս մի ընդհանուր գործ ենք անում»,- ասում է նա։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Երբ նյութը պատրաստ էր տպագրության, «Կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արտաշես Մանուչարյանը տեղեկացրեց, որ Սայաթ-Նովա 4 շենքում սկսվել են վթարի վերացման աշխատանքները։ Շենքի ջրամատակարարումը վերականգնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել ջրմուղ-կոյուղու Կենտրոնի մասնաճյուղի հետ։ Ըստ Ա. Մանուչարյանի, վթարի վերացմանը խոչընդոտում է այն, որ «շենքը շախտային տիպի է», ու վթարները հաճախ դժվար է լինում հայտնաբերել։ Հայտնի չէ, երբ կհաջողվի թաղապետարանին լուծել Սայաթ-Նովա 4 շենքի արդեն ավանդական դարձած պրոբլեմը, սակայն ուրախալի է, որ մեր թերթի նախորդ հրապարակումը ստիպել է պատկան մարմիններին գոնե փորձ անել սայլը տեղից շարժելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել