Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի «այն տղամարդը»

Հունվար 15,2003 00:00

Ո՞վ կլինի «այն տղամարդը» Նախընտրական հարցումներ Վանաձորում 1998թ. նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանը Վանաձորում հավաքել էր 19.599 ձայն (37,61%), Ռոբերտ Քոչարյանը՝ 18.484 (35,47%), Պարույր Հայրիկյանը՝ 5733 (11%), Սերգեյ Բադալյանը՝ 4655 (8,93%), Վազգեն Մանուկյանը՝ 2780 (5,37%)։ Քանի որ ԱԻՄ-ը այժմ պառակտվել է, ուստի Հայրիկյանից հեռացածների (նրանց, ովքեր համախմբվել են կառավարության կազմում աշխատող Ներսես Զեյնալվանդյանի շուրջ) ձայները նույնպես կգնան Ռոբերտ Քոչարյանին։ Ի դեպ, այս կարծիքը հաստատեցին նաեւ ԱԻՄ-ի Լոռվա կառույցի նախկին նախագահ Գագիկ Մարիկյանը եւ հնագույն ԱԻՄ-ական Գեւորգ Զաքարյանը՝ այն բանից հետո, երբ հետաքրքրվեցի, թե արդյո՞ք մտադրություն չունեն հնագույն ԱԻՄ-ականներից նախագահության թեկնածու Արամ Հարությունյանին ձայն տալ։ «Մենք իրեն շատ ենք հարգում, մեր լավ ընկերն է, բայց մենք ձայն ենք տալու Ռոբերտ Քոչարյանին»,- պատասխանեցին իմ 2 զրուցակիցները։ Ժողովրդի ընդդիմադիր մասի (անկախ կուսակցական պատկանելությունից) ձայները, թերեւս, կբաշխվեն Արտաշես Գեղամյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Կարապետյանի միջեւ։ Չնայած Ա. Գեղամյանը 1998թ. Վանաձորում 213 ձայն (0,43%) էր հավաքել, սակայն այդ ժամանակվանից հետո շատ ջրեր են հոսել, իսկ այդ ընթացքում Գեղամյանը շարքային ժողովրդի աչքում ընկալվում է իբրեւ ընդդիմության լավագույն խորհրդանիշ (հակառակ այն հակաքարոզչության, թե նա «ընդդիմություն է խաղում»), գումարած՝ «սովետի» ժամանակվա բարձրաստիճան ղեկավար լինելու հանգամանքը։ Հարկ է հիշատակել, որ այս փաստը նկատել էր նաեւ նախագահական ընտրապայքարից վերջերս դուրս եկած քաղաքական գործիչ Պ. Հայրիկյանը, որը Վանաձորում դեռեւս աշնանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ փոքր-ինչ վիրավորված նշեց, թե «նախկին ընտրություններում 1% չհավաքած Գեղամյանն այսօր լավագույն թեկնածու է համարվում»։ (Վերջինս դա բացատրում էր ժողովրդի մեջ «ձախակողմյան» տրամադրությունների թեժացման, անցյալի «կարոտախտի» հանգամանքով)։ «Ով ուզում է լինի՝ մենակ էս նախագահը չլինի»,- ասաց բարձրագույն կրթությամբ մի երիտասարդ գործազուրկ կին, որը միաժամանակ տեղեկացրեց, որ թերեւս ձայնը կտա Արամ Կարապետյանին, թեպետ… չի ճանաչում, բայց միայն լսել է նրա մասին ուրիշներից։ Քանի որ Ա. Կարապետյանն ընկալվում է որպես «Մոսկվայից եկած», ուստի նրա օգտին կգնան ոչ միայն ՍԻՄ-ի (եւ նրանց համակիրների) ձայները, այլեւ լեգալ ու անլեգալ որոշ կոմունիստների։ Այս ենթատեքստում որպես ուղեցույց հարկ է հիշատակել, որ հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում մոտ 8000 ձայն հավաքել էր Կոմկուսի թեկնածուն, իսկ սա արդեն խոսուն փաստ է՝ ժողովրդի մեջ առկա տրամադրությունների մասին։ Ընդդիմության թեկնածուների օգտին կգնան այն մարդկանց ձայները, ովքեր տուժել ու տուժում են գործող նախագահի հովանավորչությունից կառչած չինովնիկների կամայականությունից։ Կա նաեւ հիասթափվածների «թիմ», ովքեր 1998թ. կռիվ էին տալիս ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, սակայն այժմ մեծագույն ափսոսանք են զգում դրա համար։ Եվ, այդուհանդերձ, գործող նախագահին ձայն կտան նաեւ նրանք (բացի իրեն սատարող կուսակցություններից), ովքեր ընդհանրապես բոլոր ժամանակներում կողմնակից չեն եղել փոփոխությունների, եւ մշտապես կասկածել են, թե որեւէ իշխանափոխություն կարող է հաջողություն բերել եւ առաջնորդվել «բա որ ինքը չլինի, ո՞վ կլինի», «բա որ հետո ավելի վատ լինի՞», «մեր տեսած գայլը մեզ ուտի», «ով տեր՝ մենք ծառա» կարգախոսներով։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել