Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԼՖԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՉԷՐ

Հունվար 15,2003 00:00

«ԱԼՖԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՉԷՐ Այն առավել եւս փափկասուն կանանց կազմակերպություն չէ: Ռուսական թերթերից մեկին ճիշտ այդպես էր ասել ռուսական հատուկ ջոկատի՝ «Ալֆայի», սպաներից մեկը՝ պատասխանելով «Նորդ Օստում» պատանդների ազատ արձակման ժամանակ ձեռնարկված գործողություններին եւ խեղդամահ եղած հանդիսատեսներին վերաբերող հարցադրմանը: Իսկ Երեւանում «Հոկտեմբերի 27»-ի գործով փաստաբան Օլեգ Յունոշեւը երեկ հայտարարեց, որ մտադիր է առաջիկայում դատարան հրավիրել նաեւ այնպիսի վկաների, ովքեր ցուցմունքներ կտան «27»-ին ռուսական «Ալֆա» ջոկատը հրավիրելու վերաբերյալ. «Կարծում եմ, մեզ կհաջողվի ապացուցել, որ «Ալֆան» ի սկզբանե հրավիրված է եղել ահաբեկիչներին ոչնչացնելու նպատակով»: Ըստ փաստաբանի, «Ալֆային» հրավիրելու որոշումը կայացվել է այն բանից հետո եւ այն դեպքում, երբ ըստ գործի նյութերում առկա ցուցմունքների՝ ահաբեկչական ակտից արդեն 1,5-2 ժամ անց ահաբեկիչներն այլեւս ագրեսիվություն չեն դրսեւորել, ավելին, նրանց տրամադրության անկումն ակնհայտ է եղել եւ վերջիններս պատրաստ են եղել բանակցել: «Ասել է թե, դեպքից մի քանի ժամ անց, մոտավորապես ժ.19-ին ահաբեկիչներին ոչնչացնելու անհրաժեշտություն այլեւս չի եղել: Այդուհանդերձ, գիշերը ժ. 00:00-ն անց նախագահը խորհրդակցել եւ «Ալֆային» հրավիրելու որոշում է կայացրել»: Օ. Յունոշեւի պնդմամբ, ռուսական հատուկ ջոկատը եկել է մինչեւ ատամները զինված, ռազմական գործողություն իրականացնելու հրամանի պատրաստ վիճակում եւ, այդ պարագայում, ըստ նրա, խոսք չէր կարող լինել, ինչպես որոշ պաշտոնյաներ են պնդում, իբր, միայն խորհրդատվական օգնություն ցուցաբերելու մասին: Ու եթե դատարանը շարունակի մերժել բավարարել փաստաբանի՝ հիշյալ, նաեւ «27»-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության մասին վկայող նոր վկաների հարցաքննելու միջնորդությունը, ապա՝ Օ.Յունոշեւը հարկադրված կլինի ասուլիս հրավիրել եւ հրապարակել վերջիններիս արդեն գրավոր ցուցմունքները: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել