Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսահոլովակներ՝ օրենքից դուրս

Հունվար 15,2003 00:00

Տեսահոլովակներ՝ օրենքից դուրս Մասնավոր հեռուստաընկերություններն արդեն հայտարարել են, որ քարոզարշավի ընթացքում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը $120 է։ Այս կապակցությամբ նախագահի թեկնածուների շարքերում դժգոհություն կա, թեպետ՝ ոչ բոլորի։ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, առայժմ որեւէ դժգոհություն չի հայտնել։ Մինչդեռ «16»-ի միավորումն արդեն պատրաստվում է այս մասին հայտարարություն անել։ Միավորման անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ. «Տեղեկություններ կան, որ հեռուստաընկերությունները միմյանց հետ պայմանավորվածության արդյունքում են սահմանել այդ գինը։ Շուկայական հարաբերությունները նման բան թույլ չեն տալիս։ Խնդիրը ո՞րն է՝ եթե արտադրողները միավորվում են եւ գին են նշանակում, սա արդեն մենաշնորհ է, որովհետեւ սպառողն այլընտրանք չունի։ Այս պարագայում ո՞րը կլիներ ճիշտ մոտեցում։ Հասկանալի է, որ հեռուստաընկերությունները հիմնականում գոյատեւում են գովազդի հաշվին, հասկանալի է, որ Հայաստանում գովազդի շուկան շատ փոքր է այն պարզ պատճառով, որ Հայաստանում արտադրություն չկա, եւ այդ տեսակետից բնական է ավելի մեծ գումար վաստակելու ցանկությունը, բայց մյուս կողմից շուկայական արդեն գոյություն ունեցող գովազդի գին կա, որը տարբեր հեռուստաընկերություններում տարբեր է։ Իսկ երբ կտրուկ այդ գինն աճում է, այն էլ՝ կապված այնպիսի քաղաքական կարեւորագույն իրադարձության հետ, ինչպիսին ընտրություններն են, դա արդեն կամա-ակամա բերում է այն ենթադրությանը, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ես հասկանում եմ, որ հեռուստաընկերությունները, հնարավոր է, հենց տնտեսական հարց են լուծում, բայց արդեն քաղաքական ենթատեքստն առկա է»։ Շավարշ Քոչարյանը ճիշտը համարում է այն, որ վճարը համապատասխանի հեռուստաընկերություններում մինչ այժմ եղած գովազդային գներին։ Ի վերջո, հեռուստադիտողների տարբեր թիվ ունեցող հեռուստաընկերությունները չեն կարող ունենալ նույն գինը։ Սակայն եթե վճիռն արդեն կայացվել է, հակառակն անելն անհնարին է, որովհետեւ չունենք Հակամենաշնորհային օրենք. «եթե դա լիներ, ապա հնարավոր կլիներ միանգամից դիմել դատարան»։ Այս ֆոնի վրա ՀՀԽ-ն կարող է այլ ժեստ կատարել՝ իր գինը սահմանելով ավելի պակաս, ասենք՝ $110, սակայն միեւնույն է, թեկնածուների համար սահմանված նախընտրական ծախսերն ունեն կարելիի սահման, որը չի կարելի խախտել։ Շ. Քոչարյանի ներկայացմամբ, այդ գումարի առյուծի բաժինը կխլի գովազդը. «այնպես որ, խախտվում է նաեւ «Ընտրական օրենսգրքի» տրամաբանությունը»։ Կատարվածը, ըստ ԱԺԿ նախագահի, «ձեռնտու է գործող նախագահին, որովհետեւ նա գովազդվում է հենց այսօր, ավելին՝ հասել են այն աստիճանի, որ տեսահոլովակներ են ցուցադրում, մինչդեռ քարոզարշավը սկսվելու է հունվարի 21-ից։ Բնական կլիներ, որ մեր հայտարարությունից հետո, նախագահի թեկնածու գործող նախագահը եւս իր ձայնը բարձրացներ գովազդային գների դեմ. «բայց այդպիսի բան կարելի է սպասել այն դեպքում, երբ մարդը հակված է արդար պայքարի»։ Մ.ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել