Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնոց է նետում

Հունվար 15,2003 00:00

Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռնոց է նետում Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը։ Պրն Հովհաննիսյանը Ժուռնալիստների տանը կայացած երեկվա ասուլիսում հայտարարեց. «Մեր երկրի ինքնիշխանության առաջին օրը ես իմ ձեռքով գրեցի իմ դիմումը, մեծ հպարտությամբ առաքեցի համապատասխան ատյանին, եւ այսօր ոչ մեկը, ո՛չ նախագահը կամ դատարանը, ո՛չ չարակամը կամ հակառակորդը չի կարող դա խլել իմ կյանքից, իմ կենսագրությունից ու իմ էությունից։ Դրանից հետո կրկնել եմ հավատարմության, հանձնառության այդ դիմումը բազմաթիվ անգամներ։ Եվ պատասխանող կողմի, ինչո՞ւ չէ, նաեւ դատավորի, դատարանի փորձը՝ հարցականի ենթարկել իմ մտադրությունը եւ պարկեշտությունը, ստոր է, կեղծավոր է եւ ուղիղ վերագրելի գործող նախագահին»։ Պրն Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքն ամեն ինչ արել է իր քաղաքացիության խնդիրը երկու վարչակարգերի հետ լուծելու համար. «համբերատար, տեւական հիշեցումներով, խնդրանքներով, իրենց առիթ տալով՝ ուղղել սխալը, առանց դատարանին դիմելու։ Ամոթ է մեզ, մեր անցյալն ու ներկան ունեցող երկրին, հային եւ հայաստանցուն, որ այս հայցով դատական նման նախադեպի կարիքը պետք է լիներ»։ Նա հարկ համարեց հայտնել հետեւյալը. «Ապահովելու համար ընտրությունների բացարձակ օրինականությունը, ինչպես նաեւ Հայաստանի ամուր, կայուն, ժողովրդավար եւ հեռանկարային զարգացումը, ընտրական փուլը չսկսած, անհրաժեշտ է. 1) որ բոլոր թեկնածուները՝ գործող նախագահից սկսյալ, հայտարարագրեն, ծանուցեն դատարանում կամ ԿԸՀ-ում՝ երդման ներքո՝ իրենք հանդիսանում են, թե ոչ՝ այլ պետության քաղաքացի։ 2) Թեկնածուները՝ սկսյալ գործող նախագահից, պիտի ներկայացնեն ապացույցներ (դատարանում կամ երդման ներքո) բնակության եւ քաղաքացիության մասին իրենց ստացած տեղեկանքների բովանդակության եւ օրինավորության վերաբերյալ։ Այդ տեղեկանքները պետք է վերլուծվեն խստիվ, ՀՀ-ի կտրվածքով։ Էլ չենք խոսում արդեն մամուլի էջերը մտած այն բանավեճի մասին, ըստ որի, հարց է ծագում, թե ի՞նչ միջոցներով, հանրային թե մասնավոր, արդեն այսօր ծավալվում է նախընտրական պայքարը, շտաբի հետ ուղիղ կապ ունեցող ընկերությունների «անկախ» հարցումների միջոցով, արդեն մեր եթեր սպրդած ամենատարբեր հոլովակների միջոցով։ Ինձ համար սա ոչ այնքան զարմանալի է, որքան հարց բարձրացնող՝ ինչպե՞ս կարող է Սահմանադրության երաշխավոր գործող նախագահը թույլ տալ, որ ժամանակից շուտ, խախտելով օրենքը, իր նկարը, իր գովազդը տարածվի»։ Պրն Հովհաննիսյանը բարձրացրեց նաեւ հետեւյալ հարցը. Հանրային հեռուստաընկերության նորընտիր ղեկավարը պետք է պարզաբանի՝ «ունի՞ ինքն արդյոք անձնական շահեր այն նույն ոլորտում, որի հանրային պատասխանատուն է, որո՞նք են այդ շահերը եւ ի՞նչ չափի»։ Պրն Հովհաննիսյանի կողմից բարձրացված հաջորդ պահանջը հետեւյալն էր. «պաշտպանության նախարարը եւ ԱԱ խորհրդի քարտուղարը պետք է հրաժարական տա իր զույգ պաշտոններից՝ պաշտպանելու համար մեր պետականության անխոցելիությունը եւ ամբողջականությունը եւ ընդգծված տարանջատելու համար պետական ծառայությունը հակվածական մասնակցությունից։ Այս բոլորը խիստ հրամայական են ոչ թե ինձ, ոչ թե նշված անձանց համար, այլ՝ ՀՀ-ի օրինավոր, իրավաչափ, ազատ եւ անվտանգ ապագան ապահովելու համար»։ Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ աշխարհը կույր կամ անականջ չէ եւ ամեն ինչ տեսնում է։ ԱԳ առաջին նախարարը չխնայեց նաեւ այսօրվա ԱԳ նախարարին. «անհրաժեշտ է լինել ազնիվ եւ անկեղծ ու հարց տալ՝ արդյո՞ք նա (Վարդան Օսկանյանը.- Մ. Ե.), այս պահին դե ֆակտո կամ դե յուրե, չի հանդիսանում այլ պետության քաղաքացի։ Օրենքի մասին ենք խոսում եւ ժողովրդավարության. «ես մեծ ցավ զգացի, դիտելով գործող նախարարին, եւ ականատես լինելով, թե ինչպես է նա հերթական անգամ օգտագործվում որպես գործիք՝ փոքրիկ շահիկների հետապնդման համար»։ Րաֆֆի Հովհաննիսյանը Վարդան Օսկանյանի մասով ասաց նաեւ հետեւյալը. «Թող հանգիստ մնա, իր գործն անի, երախտամոռության մասին մի փոքր մտածի»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել