Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ԻՍԿ ՍՐԱԾ ԲԶԻ ՎՐԱ

Հունվար 15,2003 00:00

ԻՐԵՆՑ ԻՍԿ ՍՐԱԾ ԲԶԻ ՎՐԱ Դեկտեմբերի 28-ին իրականացված սպանությունից հետո նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցների համար տեսանելի դարձավ, որ Հայաստանում տիրող մթնոլորտը նպաստավոր է ահաբեկչությունների համար: Վաղուց հրատապ դարձած այս թեմայի շուրջ էլ զրուցեցինք ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ: – Ինչպե՞ս մեր երկրում ստեղծվեց նման մթնոլորտ: Արդյոք ո՞չ այնժամ, երբ մի կուսակցության գործիչ սկսեց հրապարակավ դատողություններ անել «լավ եւ վատ» ահաբեկչությունների մասին, այլ գործիչներ կառավարությունն ու ԱԺ-ն գլխատած ահաբեկիչներին պատվեցին «ռոբին հուդ»-եր, «հեղափոխական ռոմանտիկներ» բնորոշումներով, իսկ իշխանական քարոզչամեքենան էլ հարձակվեց բոլոր նրանց վրա, ովքեր նվազափաղաքշաբար չէին խոսում ահաբեկիչների մասին: Արդյոք այսպիսո՞վ ճանապարհ չբացվեց նոր ահաբեկչությունների համար: – Այդ ամենին կավելացնեի մի օրինակ էլ՝ երբեմն որոշ պետական այրեր անգամ բացահայտորեն, ի տես հանրության՝ մեծարում կամ շնորհներ էին մատուցում ահաբեկչության համար դատապարտված անձանց, ցուցադրելով նրանց հետ իրենց մտերմությունը: Մայակովսկու ասած «ինչն է լավը, իսկ ինչը՝ վատ» պարզ եւ շիտակ միտքն այս իրողության մեջ նույնիսկ մեզ համար է անհասկանալի: Ընդհանրապես, ցանկացած պարագայում դատապարտելի են փորձերը՝ արդարացնել ահաբեկչությունը՝ անկախ նրանից, թե ինչպես է այն իրագործվել, ում նկատմամբ եւ այլն: Զուտ պետական գաղափարախոսության տեսակետից՝ այդ երեւույթն ինձ համար անընդունելի է: Եվ այս ամենն էին նաեւ այն նախապայմանները, որոնք երեկ եւ այսօր ձեւավորում են ահաբեկչություն ծնող մթնոլորտը մեր հասարակության մեջ: – Տիգրան Նաղդալյանի սպանությանը հետեւած քարոզարշավը նաեւ ապացույց դարձավ, որ դիմադիր կամ ընդդիմադիր ուժերից որեւէ մեկն այլեւս իրավունք չունի մյուսին մեղադրել, թե քաղաքական շահարկումների է դիմում կամ հանցագործության պատվիրատուներին որոնում «ո՞ւմ էր ձեռնտու» տրամաբանությամբ: Մի՞թե երկու կողմն էլ չեն առաջնորդվում նման մոտեցումներով: – Այո՛, եւ տվյալ պարագայում չեմ ցանկանում զատել իշխանությանն ընդդիմությունից: Իհարկե, մթնոլորտ ձեւավորելու, խաղի կանոնները թելադրելու արտոնությունը միշտ իշխանությանն է: Բայց այս երեւույթի դառը պտուղները քաղելու են բոլո՛րը, եթե չլինի միասնական ճակատ ահաբեկչության դեմ: Համոզված եմ, որ օրենքի ոչ մի խստացում կամ պետական «պատասխան» ահաբեկչություն չի կարող կանխել այս երեւույթը: Պետք է ուղղակի որեւէ մեկի մտքով անգամ չանցնի, թե խնդիրները (երբեմն անգամ՝ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող) կարելի է լուծել այդ ձեւով: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն իր մեղքի բաժինը չտեսնի այս ամենի մեջ եւ որպես երեւույթ չդատապարտի ահաբեկչությունը, թեկուզ իր վերաբերմունքով չձեռնարկի կոնկրետ գործողություններ՝ համոզված եմ, որ ցավոք, հանրության համար չարիք դարձած նման երեւույթներն անխուսափելիորեն կունենան շարունակություն: – Ընդդիմության դեմ սանձազերծված քարոզարշավը հանգեցրեց նրան, որ շատ անգամ՝ դատապարտումի խոսքերը չարտասանված լռեցին կոկորդում: Ի սկզբանե միայն իշխանության հակառակորդներին մեղադրելով կատարվածի մեջ՝ հասցրին այն վիճակին, երբ նրանց մնում էր միայն պաշտպանվել: Համաձա՞յն չեք, որ այս սպանությունը կարծես առիթ դարձավ վարկաբեկելու ընդդիմության առավել անցողիկ թեկնածուներին: – Դեռ նախաքննական շաբաթը չանցած՝ արվեցին որոշակի եզրահանգումներ, քննությունն ուղղորդվեց քաղաքական որոշ դեմքերի կողմը: Երկու հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել: Առաջինը՝ ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է քաղաքական հայտնի գործչի, առավել եւս՝ նախագահի թեկնածուի հասցեին առանց բավարար հիմքի, անհիմն մեղադրանք հնչեցնելը: Համոզված շեշտում եմ, որ այդ անլուրջ հայտարարությունների բոլոր հեղինակները միասին այնքան պետական մտածողություն եւ հայրենասիրություն չունեն, որքան Արտաշես Գեղամյանը, որի հասցեին անթաքույց հնչում էին բաց ակնարկներ: Եվ վերջապես, հասկանալ է պետք, որ որքան շինծու են լինում մեղադրանքները, այնքան արագ է բարձրանում տվյալ գործչի հեղինակությունը հանրության մեջ: Երկրորդը՝ ինձ համար կրկնակի անհասկանալի են այն արտահայտությունները, թե «մենք կիսատ չենք թողնի Տիգրան Նաղդալյանի գործը, կռիվը, պայքարը…»: Կիսատ թողած գործը հասկանալի է, բայց ի՞նչ կռվի կամ պայքարի մասին է խոսքը: Գոնե ես դա չեմ նկատել նրա հաղորդումներում: Նա ուղղակի բարձր վարպետությամբ, ժպիտը երեսին իր գործն էր անում՝ անդավաճան ձեւով: Ուզում եմ շեշտել, որ նման քարոզարշավ սանձազերծողներն ավելի շատ վնասում են եւ պատասխանատու են մեզ բոլորիս անհանգստացնող բարոյահոգեբանական մթնոլորտի համար: Անկեղծ ասած, սարսափելի է փաստելը, բայց մեր հասարակության շարժիչ ուժը դարձել է անասնական վախը, քծնանքն ու ստորությունը: Դավաճանությունը դարձել է փեշակ եւ վճարվում է անթաքույց, բոլորի աչքի առջեւ: Եվ զուտ ղեկավարման տեսության տեսանկյունից վերլուծելով իրավիճակը՝ գալիս ես եզրակացության, որ մեր համակարգն աշխատում է ինքնաոչնչացման ռեժիմով: Աստված տա՝ սխալվեմ: Եվ վերջապես, ժամանակն է հասկանալ, որ եթե Տիգրան Նաղդալյանի ողբերգական մահը բոլորիս ցավը չէ, եթե «Ա1+»-ի փակվելը բոլորիս պարտությունը չէ, եթե Օպերայի այգին «բռնաբարելը» բոլորիս հոգսը չէ, եթե… ուրեմն սխալ ենք ապրում, ու ոչ ոք եւ ոչինչ ապահովագրված չէ մեր երկրում: – Մթնոլորտը շիկացավ բոլորովին անսպասելի, երբ թվում էր, թե մինչ նախագահական ընտրություններ ամեն ինչ ընթանալու է նախանշված հունով: Բայց Ռոբերտ Քոչարյանը, որն առաջին տեղում է անգամ ընդդիմության պատվիրած սոցհարցումներում, պատեհ առիթն օգտագործեց իր մրցակիցներին բարոյապես ոչնչացնելու համար: Արդյոք սա բնորո՞շ է լինելու ընտրություններին մնացած հետագա ժամանակահատվածի համար: – Երբ թեկնածուներ առաջադրվեցին 15-ը, բոլորը միասին սկսեցին ակտիվորեն աղմկել, թե շա՜տ են, շա՜տ են… (Լատվիայի պես քաղաքակիրթ երկրում, եթե չեմ սխալվում, թեկնածուները 17-ն էին, բայց չեղավ նման աղմուկ): Թեկնածուներին սկսեցին պիտակավորել եւ պախարակել: Այս ամենից եկա մի եզրահանգման, որ ըստ թեկնածուների թիվը շահարկող ու առանձին թեկնածուների արժանիքները նսեմացնել փորձող մարդկանց ճաշակի՝ մեր երկրում Ռոբերտ Քոչարյանի արժանի հակառակորդ կարող է լինել միայն Սերժ Սարգսյանը, բայց նա էլ ղեկավարում է գործող նախագահի նախընտրական շտաբը: Եթե նրանց չափանիշներով՝ թեկնածուների բազմաքանակությունը ապակայունացնում է երկիրը, ի՞նչ, Քոչարյանը պիտի մենա՞կ առաջադրվեր: Վարկաբեկելով եւ փչացնելով այս կամ այն գործչին (կաշառք, պարգեւատրում, վարկաբեկիչ նյութեր, ահաբեկում, պաշտոնի նշանակում եւ այլն՝ ձեւը կարեւոր չէ) երկրում չի՛ ստեղծվի կայունություն: Կամ կլինի թվացյալ կայունություն՝ հիմնված կեղծ արժեքների վրա, որից երբե՛ք չի շահի հասարակությունը, առավել եւս՝ պետությունը: Շարունակելի Զրույցը՝ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել