Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽՎԵ՞Լ

Հունվար 15,2003 00:00

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽՎԵ՞Լ ՀՀ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունն իշխանությունները հենց առաջին պահերից սկսեցին օգտագործել «Հոկտեմբերի 27»-ից հետո ընդդիմության կողմից իրենց դեմ ուղղված մեղադրանքներին առաջիկա ընտրությունների համատեքստում հակադարձելու նպատակով: Իսկ երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը հավաստիացրեց, թե Տիգրան Նաղդալյանի կորուստը ցավալի էր նաեւ այն պատճառով, որ իրենք շահագրգիռ էին վերջինիս՝ դատարանում ցուցմունքներ տալու հանգամանքով, որովհետեւ գտնում են, որ նա «27»-ի ոճրագործությանն անմիջականորեն առնչված անձ էր: Փաստաբանը Տ.Նաղդալյանի սպանության մասին տեղեկացել է Մոսկվայում եղած ժամանակ: Նրա ասելով, ռուսաստանյան ԶԼՄ-ների շրջանակներում որոշակի կապեր ունենալով՝ հանդիպել եւ խոսել է լրագրողական շրջանակների հետ եւ նրան ապշեցրել էին մասնավորապես «HTB» եւ ռուսաստանյան հեռուստաընկերության լրագրողներից ստացած այն տեղեկությունները, թե Տ.Նաղդալյանը նրանց ներկայացել է որպես գործող նախագահին ընդդիմադիր անձ: «Ընդ որում, ինձ ասվեց, որ Տ.Նաղդալյանը ընդդիմադիրի տեսանկյունից պատրաստել էր մի շատ հետաքրքիր նյութ, որն առնչվում է ՀՀ նախագահական ընտրություններին, որը պետք է ցուցադրվեր այդ ընտրություններից անմիջապես առաջ: Այսօր ես չեմ կարող Տ.Նաղդալյանի սպանությունն անմիջականորեն կապել այդ նյութի հետ»,- հայտարարեց Օ.Յունոշեւը եւ հիշյալ ընկերությունների հայաստանյան թղթակիցների միջոցով խնդրեց աջակցել եւ տրամադրել այդ ֆիլմը՝ Հայաստանում հնարավոր ցուցադրման համար: Ռուս փաստաբանը՝ հիշեցնելով գործով մի քանի վկաների, այդ թվում՝ «Հ1»-ի թղթակից Տիգրան Նազարյանի, ԱՄՆ-ում գտնվելու փաստը, նաեւ հայտարարեց, թե առաջիկայում դատավոր Ս. Ուզունյանը կհրապարակի նման եւս մեկ փաստ. 27-ին ահաբեկիչներին ԱԺ տարածք թողած ոստիկան Սահակովան նախաքննության փուլում «հարցաքննվելուց փաստորեն անմիջապես հետո անհետացել է անհայտ ուղղությամբ, մոտավորապես գտնվում է Մոսկվայում եւ արդեն 2 տարի Հայաստան չի եկել»: «Կարծում եմ, բոլոր այդ փաստերը պատահականություններ չեն եւ վկայում են այն մասին, որ բոլոր նրանց, ովքեր կարող են «27»-ի դեպքերի մասին ինչ-ինչ բաներ ասել, ռեալ վտանգ է սպառնում: Ցավոք, նրանց լսելու դանդաղկոտության գինը մարդկային կյանքն է»,- եզրակացրեց նա եւ հրապարակեց հարցադրումների այն շրջանակները, որոնք ինքն ակնկալում էր տալ Տ.Նաղդալյանին եւ որոնց պատասխաններն անխուսափելիորեն որոշակի հետեւությունների էին հանգելու: Դրանք հիմնականում վերաբերում էին «27»-ի տեսաերիզին, Տ. Նազարյանի հայտնի հայտարարությանը, ահաբեկիչներից երկուսի՝ Հունանյան եղբայրների, Ազգային հեռուստատեսության փաստաթղթերով ԱԺ մուտք գործելու փաստերին եւ այլն: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ, եթե դատարանը ժամանակին քննարկեր տեսաերիզի մոնտաժված լինելու հանգամանքը, պարտավոր կլիներ նաեւ դատարան հրավիրել Տ.Նաղդալյանին, եւ գուցե այսօր նա կենդանի լիներ: Ինչ վերաբերում է առաջիկային, Յունոշեւը հայտարարեց, որ պատրաստվում է դատարանին ներկայացնել «27»-ին առնչվող տեսագրություններ, որոնք «անմիջականորեն հաստատում են մեր պնդումները ԱԺ դահլիճին անմիջապես հարող տարածքներում զինված մարդկանց գտնվելու մասին: Դրանք մարդիկ են, ովքեր ընդգրկված չեն եղել Հունանյանի խմբում եւ ովքեր հետո թաքնվելու հնարավորություն են ստացել: Այդ տեսագրությունը ո՛չ Զինդատախազությունում, ո՛չ գործի նյութերում չկա: Բացի այդ, մենք ունենք վկաներ, ովքեր կհրավիրվեն դատարան եւ պատրաստ են ցուցմունքներ տալ ահաբեկչությանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցության մասին: Այսօր այդ անունները ես չեմ տա: Դուք դրանք կլսեք դատարանում»,- վստահեցրեց Օ.Յունոշեւը: Վերջինիս հավաստմամբ, դրանց արդյունքում դատարանում ոմանք ստիպված կլինեն պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ Հունանյանի եւ նրա հանցախմբի անդամների տված ինքնախոստովանական ցուցմունքներն ու այդ հարցաքննությունների արձանագրություններն անհետացել են: Նա խոստացավ դատարանում անդրադառնալ նաեւ «27»-ին ԱԺ-ում տեղի ունեցած Հունանյան-Քոչարյան առանձնազրույցին, առավել եւս, որ այդ զրույցը գաղտնալսվել է, եւ նյութերն էլ կան: Լրագրողի հարցադրմանն ի պատասխան՝ փաստաբանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե գաղտնալսման ձայնագրության, այլ այդ զրույցի բովանդակությանը քաջատեղյակ վկաների դատարանում ցուցմունքներ տալու մասին է. «Կան մարդիկ, ովքեր պատրաստ են դատարանում ցուցմունք տալ: Այդ մարդիկ ժամանակին հարցաքննվել են, բայց նրանց ցուցմունքները դատարան չեն հասել»: Փաստաբանի ասելով, նրանք ցանկանում են օր առաջ ազատվել այդ տեղեկությունը կրելուց՝ քաջ գիտակցելով իրենց սպառնացող վտանգը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել