Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Հունվար 14,2003 00:00

ԱՐՄԱՏԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ 2003 թվականը ՀՖՖ-ում սկսվել է աշխատանքային եռուզեռով։ Ամանորյա տոներից հետո բաժիններն անցել են իրենց պարտականությունների կատարմանը, որոնք քիչ չեն։ Քննարկվում են այս կամ այն խնդիրները, կազմվում նոր ծրագրեր։ Զրուցեցինք ՀՖՖ գործադիր տնօրեն Արման Հովհաննիսյանի հետ։ Շնորհավորելով ֆուտբոլային հասարակության Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, նա շարունակեց. «Հույս ունեմ, որ այս տարի հաջողություններ կունենանք ֆուտբոլային դաշտերում եւ կկարողանանք ուրախացնել հայ ֆուտբոլասերին։ Այդ հնարավորությունը կա, քանզի այս տարի ազգային հավաքականն անցկացնելու է 6 պաշտոնական հանդիպում։ Պլանավորում ենք նաեւ մի քանի ընկերական խաղեր»։ – Ֆեդերացիան 2003թ. մտավ նոր կարգավիճակով, իսկ դա բազմաթիվ անելիքներ է ենթադրում։ – Այդ գործընթացը դեռ շարունակվում է։ Սակայն այսօր արդեն կարելի է ասել, որ դեկտեմբերի 24-ին կոնֆերանսում առաջին ընթերցմամբ ընդունված նոր կանոնադրության պահանջների համապատասխան, փոփոխություններն արդեն առկա են։ Դրանք առաջին հերթին վերաբերում են ՀՖՖ ծրագրերին։ Հիմա ֆեդերացիայի նախագահի հանձնարարությամբ ավելի մեծ կարեւորություն է տրվում մանկապատանեկան ֆուտբոլին։ Դա ոչ թե օդի մեջ ասված գաղափար է, այլ կոնկրետ առաջադրանքներ, գործեր։ Առաջնային խնդիր է Մալաթիայի ՖԴ-ի վերակառուցման ավանդույթը շարունակել մեր ամբողջ ֆուտբոլային տնտեսությունում։ Այդ աշխատանքը պետք է լինի շարունակական, թեեւ շատ ծանր ու դժվար գործ է։ Ինչ վերաբերում է ֆեդերացիայի ներսում կառուցվածքային փոփոխություններին, դա նույնպես սկսվել է։ Առաջին օրինակը թերեւս այն է, որ մանկապատանեկան բաժանմունքը սպորտային բաժնից դուրս է եկել եւ միավորվել է լիցենզավորման բաժնի հետ։ Այս տարի սկսվել ու շարունակվում է յուրաքանչյուր մարզում ՀՖՖ առնվազն մեկ ներկայացուցիչ ունենալու գործընթացը։ Նրանց առջեւ ֆեդերացիան դնում է հստակ ու խիստ պարտականություններ, սկսած՝ մարզում ֆուտբոլային ունեցվածքի անձնագրավորումից (խաղադաշտեր, մարզագույք, ֆուտբոլիստների հաշվառում), մինչեւ՝ բակային ֆուտբոլի վերակենդանացում ու կայունացում։ Այս ամենի ֆինանսավորումը ֆեդերացիան վերցնում է իր վրա։ – Բայց այդ աշխատանքներն իրականացնելու համար լուրջ ֆինանսներ են հարկավոր։ – Մենք դրանք կապահովենք հնարավորության սահմաններում։ Հույս ունենք, որ մարզպետարաններն էլ անմասն չեն մնա։ – Եկեք անդրադառնանք Ազգային հավաքականին։ Գաղտնիք չէ, որ մեր ընտրանին այսօր չունի սեփական մարզաբազա ու հաճախ է ստիպված լինում հավաքները կազմակերպել հյուրանոցներում, մարզվել տարբեր դաշտերում կամ էլ պարզապես մեկնում է այլ երկրներ։ Դրանք լրացուցիչ խոշոր ծախսեր են։ – Այդ խնդիրը եղել է մշտապես։ Բայց ներկայիս ղեկավար Ռ. Հայրապետյանը այս հարցում տրամադրված է վճռական ու ավելի գործնական է։ – Ի՞նչ կասեք գալիք առաջնության մասին։ – Այդ հարցով նույնպես ակտիվ զբաղվում ենք։ Առայժմ չեմ կարող ասել, թե բարձրագույն եւ առաջին խմբերում քանի թիմ հանդես կգա։ Դրա պատճառը ակումբների անպարտաճանաչությունն է։ Ֆեդերացիա-ակումբներ փոխհարաբերությունները, հուսով եմ, կհստականան, կկարգավորվեն լիցենզավորման գործընթացի արդյունքում, գոնե նվազագույն պահանջների մակարդակով։ Լիցենզավորումը ակումբների առջեւ բազմաթիվ կոնկրետ պահանջներ է դնում, որոնք պարտադրում է ՈՒԵՖԱ-ն։ Բայց ավաղ, ակումբները հապաղում են, դրանց կարեւորություն չեն տալիս։ Եթե հարցեր կան, որոնք իրոք կապված են լուրջ կազմակերպական աշխատանքների հետ, ապա ծիծաղելու ասիտիճանի է հասնում, երբ բարձրագույն խմբի ակումբը չունի իր բլանկը, խորհրդանիշը։ Մեր ակումբները գուցե չեն պատկերացնում խնդրի կարեւորությունն ու լրջությունը, որ նոր կարգավիճակով ֆեդերացիան իրավունք ունի իր կազմում ընդունել կամ հեռացնել տարբեր սուբյեկտների։ Այլ կերպ ասած՝ որոշ ակումբներ չեն ցանկանում վերափոխվել, անտեսում են ներքին կուլտուրայի գործոնը։ – Լիցենզավորում ասածը վերաբերում է նաեւ ֆուտբոլային տարբեր մասնագիտությունների՞ն։ – Այո, խոսքը մարզիչների, մրցավարների, տեսուչների եւ այլոց մասին է։ Եթե մինչեւ այսօր մրցավարների հետ այդ աշխատանքը այս կամ այն մակարդակով տարվել է հիմնականում թեստերի միջոցով, նույնը չենք կարող ասել տեսուչների մասին։ Անցած տարի առաջին փորձն արվեց նաեւ նրանց լիցենզավորել եւ արդյունքները բացասական իմաստով ապշեցուցիչ եղան։ Նրանցից շատերը, համոզված եմ, որ անձնական մեծ ներդրում ունեն ֆուտբոլում։ Բայց պարզվեց, որ շատերը չգիտեն ֆուտբոլի տարրական կանոնները ու… այդ վիճակով երկար ժամանակ եղել են հանդիպման տեսուչներ։ Ամենավատն այն է, որ նույն մարդիկ գտնում են, թե վերապատրաստվելու, գիտելիքները հարստացնելու, չիմացածը սովորելու կարիք չունեն։ Այս երեւույթի դեմը նույնպես առնելու ենք։ Կարճ ասած՝ ֆեդերացիան որդեգրել է նաեւ ինքնամաքրման սկզբունքը։ – Ի՞նչ կասեք հավաքականի ճակատագրի մասին, ասում են, թե Օսկար Լոպեսը չի վերադառնալու Արգենտինայից։ – Իմ ունեցած տեղեկություններով՝ տարաձայնություն է առաջացել նրա եւ «Փյունիկի» ղեկավարության միջեւ։ Ֆեդերացիան մինչեւ վերջ կատարել է հավաքականի եւ նրա գլխավոր մարզչի առջեւ ստանձնած իր բոլոր պարտականությունները։ Ճիշտ կլինի, եթե ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը փորձեք ստանալ ակումբից։ – Հայտարարվել էր, որ հավաքականը գարնանը մեկնելու է Արգենտինա։ «Լոպեսի գործոնը» կարո՞ղ է խանգարել դրան։ – Միանշանակ դժվար է պատասխանել։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախապես ու պիտի որ չխանգարի։ Մյուս կողմից, մենք ոչինչ էլ չենք բացառում։ Հիմա, որպես պահեստային տարբերակ, բանակցում ենք Հորդանանի ֆեդերացիայի հետ։ – Ֆուտբոլասերներին տեղեկացրել էինք, թե այս տարի Հայաստան է ժամանելու Բրազիլիայի երիտասարդական հավաքականը… – Ցավալի թյուրիմացություն է եղել։ Դեկտեմբերին ես Բրազիլիայում էի եւ զբաղվում էի այդ հարցով։ Հայաստան գալու նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել «Սան Պաուլու» ակումբի երիտասարդական թիմի հետ, որի կազմից 7-8 հոգի Բրազիլիայի երիտասարդական հավաքականի հիմնական կորիզն են։ Եթե դա ստացվի, մեր հավաքականին ձեռնտու տարբերակ է։ Ըստ էության, «Սան Պաուլուի» եւ Բրազիլիայի երիտասարդական թիմերի միջեւ էական տարբերություն գրեթե չկա։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել