Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշխարհին համընթաց, բայց հայավարի

Հունվար 14,2003 00:00

Աշխարհին համընթաց, բայց հայավարի Դերասան Սերգուշ Բաբայանը ժամանակին թատրոնից իր հեռանալը բացատրում է Արմեն Խանդիկյանի՝ դրամատիկական թատրոնի ղեկավար նշանակվելով։ Ըստ նրա, Արմեն Խանդիկյանի թատրոն գալով, շատերի առաջ ծառացել է թատրոնում աշխատել-չաշխատելու խնդիրը, քանի որ երկար տարիների փորձ ունեցող դերասանները միայն մրցույթն անցնելուց հետո կարող էին իրավունք ստանալ աշխատանքը շարունակել թատրոնում։ Ավարտելով Թատերական ինստիտուտը, 1973-ին Ս. Բաբայանը սկսել է աշխատել հեռուստաթատրոնում, 12 տարի շարունակ մարմնավորելով մի շարք կերպարներ։ 1985-ին նա աշխատանքի է անցել դրամատիկական թատրոնում, որի գեղարվեստական ղեկավարն էր Հրաչյա Ղափլանյանը։ Այնուհետեւ նրան փոխարինել է Ա. Խանդիկյանը։ Այդ ժամանակ Ս. Բաբայանը խաղում էր Շեքսպիրի «Կարմիր եւ սպիտակ վարդեր» ներկայացման մեջ, որը ճակատագրական է եղել նրա համար, քանի որ որոշվելու էր թատրոնում մնալ-չմնալու հարցը։ Ս. Բաբայանը այստեղ մնում է մինչեւ 1995թ.։ Թատրոնից հեռանալը այլ պատճառ էլ ուներ. «10-15 հազար դրամով դժվար էր ընտանիք պահելը, իսկ թատրոնը պահանջում է, որպեսզի ամբողջովին իրեն նվիրվես»։ Այնուհետեւ նա սկսում է աշխատել գովազդային գործակալությունում, դրան համատեղ էլ սկսում է թարգմանել «Ֆորտ-Բոյար» ֆրանսիական հեռուստախաղը ու մի շարք հաղորդումներ։ Այնուհետեւ «Պարադիզ» ընկերությունում սկսում է կրկնօրինակել լատինամերիկյան սերիալներ։ Մի քանի տարի շարունակ ցուցադրվում էին տնային տնտեսուհիներին սիրելի «Սուրճ՝ կնոջ բուրմունքով», «Մեղքերի թողություն», «Բլանկոյի այրին», «Սիրո կախարդանք» ֆիլմերը, որոնք ինչքա՜ն արտասուք են քամել շատ շատերի աչքերից։ Սակայն, Ս. Բաբայանի կարծիքով, դրանք «զուրկ են ճաշակից ու հեռու ֆիլմ հասկացությունից»։ Բայց քանի որ ուրիշ ելք չկար, ապրել էր հարկավոր, ու բացի այդ ինքը դրանցով թատրոնի կարոտն էր առնում, ստիպված էր լինում այդ աշխատանքը կատարել։ Սակայն, իր կարծիքով, այնպես է արել, որ ոչ երեխաներն ամաչեն, ոչ էլ՝ բարեկամները։ Սերիալների հայերեն տեքստերը ինքն է խմբագրել, անձամբ ընտրել այն դերասաններին, որոնց հետ պիտի աշխատեր։ Ս. Բաբայանը հավատացնում է, որ ցանկացած ֆիլմի կամ հեռուստախաղի կրկնօրինակման ժամանակ ինքը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հայերենի մաքրությանն ու անաղարտությանը, սակայն «միլիոններ էլ չի դիզել», ինչպես շատերին է թվում։ «Երեք տարի է հանրային ռադիո չեմ գնացել, բայց ասում են՝ ամեն օր իմ ձայնը հնչում է եթերից»,- ասում է նա։ Ի դեպ, Ս. Բաբայանը կրկնօրինակել է նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հանրահայտ «Արարատը», որը մեծ հաջողությամբ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում, ու բազմաթիվ հանդիսատեսների հուզումներ պատճառեց։ Ս. Բաբայանը ցավում է, որ այսօր տեղից վեր կացողը հեռուստահաղորդավար է խաղում. «Շատ հեռուստահաղորդավարներ իրենց պրոֆեսիոնալ ու չափազանց գրագետ երեւակայելով, հայերեն բառերը կլորացնում են, օտար հնչողությամբ արտասանում։ Ցավալին այն է, որ այդ արհեստական ու ձեւավոր հաղորդավարների թիվը օրեցօր ավելանում է։ Իհարկե, պե՛տք է քայլել աշխարհին համընթաց, բայց պիտի լինել նաեւ հայավարի»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել