Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱ «ԿՊՑՆԵԼԸ»՝ ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ ՁԵՎ

Հունվար 14,2003 00:00

ՊԱՇՏՈՆՅԱ «ԿՊՑՆԵԼԸ»՝ ՅՈԼԱ ԳՆԱԼՈՒ ՁԵՎ Նույնիսկ ամենածաղկասեր բարձրաստիճան պաշտոնյան չի էլ պատկերացնում, որ այն ծաղկի սրահում, որի հավատարիմ ու մշտական այցելուն է, իրեն կարող են հրամցնել 2 շաբաթ առաջ պատրաստված թանկարժեք փունջ կամ կոմպոզիցիա։ Վերջին տարիներին Երեւանի փողոցներում սովորականից ավելի են շատացել ծաղկի խանութ-սրահներն ու վաճառակետերը։ Եվ դրանց շուրջն ինչ-որ անսովոր աշխուժություն է տիրում, չնայած, ծնունդ -կնունքների, նշանդրեք-հարսանիքների թիվը կարծես չի էլ ավելացել։ Գուցե ժամադրվողնե՞րն են շատացել կամ էլ «քաղաքակրթվել» ենք ու վերջապես հասկացել, որ ծաղիկներ կարելի է նվիրել նաեւ անառիթ։ «Առավոտի»՝ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում գործող ծաղկի սրահներում անցկացրած հարցումներից կարելի է ենթադրել, որ հաճախորդների մեծամասնությունը 20-40 տարեկան տղամարդիկ են։ Վերջիններս, ըստ ձեւավորող-վաճառողների, նախընտրում են նարնջագույն, կարմիր, սպիտակ եւ դեղին գույնի ծաղիկները։ Գրեթե բոլոր սրահներում «հեղինակություն են վայելում» հերբերաներով, քրիզանթեմներով, վարդերով ու կալաներով ձեւավորված ծաղկեփնջերն ու կոմպոզիցիաները, որոնց գինը սկսում է 3000 դրամից։ Սա այն դեպքում, երբ ծաղկեփունջը կամ փոքրիկ զամբյուղում հավաքված կոմպոզիցիան բաղկացած է լինում մեկ թարմ հերբերայից կամ կալայից ու տարբեր դաշտային ծաղիկներից։ Ծաղկավաճառներից շատերը խոստովանում են, որ նույն ծաղկեփունջը 8-9 օր չվաճառվելուց հետո կարողանում են «սաղացնել» 1000 դրամով՝ հո դեն չե՞ն նետելու։ Ըստ նրանց, քիչ չեն նաեւ մեկ փաթեթավորված վարդ գնել ցանկացողները, որը գեղեցիկ խորհուրդ ունի՝ իրենց սիրելին միակն է։ Համեստ ծաղկեփնջերի ու զամբյուղների կողքին տեղ են զբաղեցնում նաեւ 5-25 հազար դրամ արժողությամբ զանազան ժապավեններով զարդարվածներն ու թանկարժեք թղթերով փաթեթավորվածները։ Իսկ ավելի ճանաչված ծաղկի սրահներում (անուններ չենք ուզում նշել նրանց խնդրանքով), որոնցից օգտվում են նախարարներ, ԱԺ պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, վերջիններս պատվիրում են 50-80 հազարանոց ծաղկեփնջեր ու զամբյուղներ։ Ծաղիկների բարձր գինը, ըստ ծաղկի սրահների տնօրենների, պայմանավորված է վարձակալական հիմունքներով տարածքը զբաղեցնելու համար վճարվող բարձր գնով։ Նշենք, որ մեր այցելած խանութ-սրահներում քիչ չէին նաեւ ծաղիկներով պարզապես հիացողները, որոնք ի վիճակի չէին դրանք գնել։ Ինչեւէ, բոլոր ծաղկավաճառները խոստովանում են, որ Երեւանում ծաղիկները լավ են սպառվում, հատկապես տոնական օրերին դրանց գինը նույնիսկ կրկնապատկվում է։ Իսկ տոնական օրերի վրա հույսը չդրած ծաղկի սրահներն էլ, նրանց աշխատակիցների բնորոշմամբ, «մի քանի բարձրաստիճան պաշտոնյա կպցրած է յոլա գնում»։ Հետաքրքիր սկզբունքով են ընտրվում նաեւ ծաղկի սրահների ծաղկավաճառները։ Տարին 12 ամիս կարդում ենք հայտարարություններ. «Փնտրվում են բարետես արտաքինով, բարեհամբույր ու սիրալիր երիտասարդ աղջիկներ»։ Աշխատանքի վերցված առավել բարետեսները տեղավորում են սրահում, իսկ ավելի համեստ արտաքինով շնորհալիներն՝ արվեստանոցում։ Ի դեպ, ծաղկի սրահներում էլ գոյություն ունեն «դեմբելություն» եւ «մալադոյություն» հասկացությունները։ Առաջինների ճնշմանը չդիմացածները շատ հաճախ լքում են իրենց աշխատավայրը, իսկ ավելի դիմացկունները շարունակում են 1000 դրամ օրավարձով, իրենց բախտն անիծելով աշխատել՝ մինչեւ «նորակոչիկների» աշխատանքի ընդունվելը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել