Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկա ոստիկանները «կուռկուռի ձագ» են դարձել

Հունվար 14,2003 00:00

Վկա ոստիկանները «կուռկուռի ձագ» են դարձել «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությունը շարունակվում է եւ տարին սկսվել է ՆԳ նախկին աշխատակիցների (դատակոչված վկաների) հարցաքննությամբ։ Տպավորությունն այնպիսին է, որ ՆԳ համակարգը տառապում է հիշողության կորստով, ուստի խորհուրդ կտայինք այս համակարգի աշխատակիցներին մինչեւ դատարան հասնելը հիշողության կորստի դեմ պայքարի համար օգտագործել ստուգերոն դեղամիջոցը եւ կամ, ինչպես ժողովուրդն է խորհուրդ տալիս՝ մեղրաջուր։ Մինչ դատակոչված հերթական ոստիկանի՝ Արա Կարախանյանի ցուցմունքները լուսաբանելը, տեղեկացնենք դատարանի ընդհանուր վիճակը։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում «ամենապարտաճանաչը» թերեւս մեղադրող կվարտետը եւ ամբաստանյալներն են, որոնք պարտաճանաչորեն գտնվում են դահլիճում։ Առաջվա նման դատական նիստերի չեն ներկայանում ԱԺ պատգամավոր 91 տուժողներից եւ ոչ մեկը։ Չեն ներկայանում տուժողի իրավահաջորդները՝ հարազատները, դատարանում չեն ամբաստանյալների հարազատները։ Դատարան դեռ չի բերվել ամբաստանյալներից Կարեն Հունանյանը։ Նրա վանդակը զբաղեցնում է ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը։ Երեկվա նիստից բացակայում էին փաստաբաններ Աշոտ Սարգսյանը եւ Էդիկ Աղաջանյանը։ Հերթական սենսացիան գրանցվեց երեկ։ Վկա Արա Կարախանյանը մինչեւ վերջ խուսափում էր դատարանին հայտնել, թե ինչ խոսակցություն է ունեցել ԱԺ երկրորդ պահակակետը պահպանող ոստիկան Արմեն Գասպարյանի հետ։ Նախաքննության ժամանակ երեք անգամ հարցաքննված այս վկան միայն 2000թ. հունվարի 20-ի հարցաքննության ժամանակ էր հայտնել, որ Ա. Գասպարյանը իրեն ասել է, թե իր վերահսկած տարածքով են 2 զինված անձինք մտել ԱԺ։ Նախորդ հարցաքննությունների ժամանակ (6-րդ վարչությունում) նա չգիտես ինչու թաքցրել էր խիստ կարեւոր այս հանգամանքը։ Մեղադրող Անահիտ Եղիազարյանի հարցաքննության ժամանակ վկան խուսանավեց տալ այս դրվագի մանրամասները, նույնիսկ երբ մեղադրողը հարցրեց, թե ինչ-որ մեկը կամ Ա. Գասպարյանը քեզ խնդրե՞լ են, որ չասեք այդ դրվագի մասին, նա ոչ միայն բացառեց, այլեւ կրկնեց «ոչ, ոչ»։ Սակայն մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցաքննության ժամանակ (հավանաբար իր ազդեցությունն էր գործել նախորդ նիստում մեղադրող Ա. Եղիազարյանի կողմից տրված սրտահաբը) վկան խոստովանեց, որ Ա. Գասպարյանն է խնդրել իրեն, որ «մարդու չասես» եւ որ ինքը ներողություն խնդրեց, որ թաքցրել է մինչ այդ։ Այս վկան հայտնեց, որ չի կիսվել որեւէ մեկի հետ, որ երբ խոսել է Ա. Գասպարյանի հետ, իրենք եղել են երկուսով։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության օրը, ինչպես վկան հայտնեց, իրենց պահակակետ են իջել դասակի հրամանատար Արթուր Հակոբյանը եւ ստորաբաժանումների ղեկավարներ։ Ոստիկան Արմեն Գասպարյանը մինչ այդ տրտնջացել էր, որ ուզեցել է կապի մեջ մտնել իր վերադասի հետ, որպեսզի նրան հայտներ, որ ԱԺ են ներխուժել զինված մարդիկ։ Տվյալ դեպքում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ոչ Ա. Գասպարյանը, ոչ այս վկան իրենց վերադասին ոչինչ չեն հայտնել ԱԺ տարածք զինված անձանց ներխուժելու մասին, ինչը դիտորդների գնահատմամբ նշանակում է՝ կամ ոստիկանները ակնհայտորեն գիտեին ահաբեկիչների կողմից նախապատրաստված ԱԺ ներխուժելու մասին, կամ նրանք գտնվում էին վախի ազդեցության տակ։ Այս վկան մեղադրողների ցանկացած հարցին պատասխանում էր «չեմ հիշում» բառակապակցությամբ։ Նա չէր հիշում, թե ինչու գնաց ծառայողական 101 սենյակ, չհիշեց, թե ով էր զենքը բաժանել, ավելին, մի խայտառակ հայտարարություն արեց, որ հերթափոխի պետը՝ Ռուբիկ Գրիգորյանը ծառայողական սենյակում չի եղել։ Սա այն դեպքում, երբ ըստ վկաների եւ ականատեսների, նույն հերթափոխի պետն է զենքը բաժանել, բանալին եղել է նրա մոտ եւ որ կան համապատասխան վկայություններ։ Այս դրվագով երեւաց, որ վկան ակնհայտորեն ինչ-որ բան թաքցնում է։ Նկատենք, որ վկան պատահական շարքային քաղաքացի չէր, այլ՝ ՆԳ համակարգի աշխատակից, որն ունեցել է զենք կրելու իրավունք եւ որի խնդիրն է եղել պահպանել ԱԺ-ի՝ իրեն նշանակված հատվածի պահպանությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել