Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿԸ ՉԻ ՇԱՀԻ, ԻՍԿ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐՑՆԻ

Հունվար 14,2003 00:00

ԲԱՆԱԿԸ ՉԻ ՇԱՀԻ, ԻՍԿ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐՑՆԻ Ասպիրանտուրայի առավելությունը բանակից ազատվելն է «Ասպիրանտուրայում սովորելը հիմա գրեթե իմաստազրկվել է, որովհետեւ նրա առավելությունը, թերեւս, զորակոչից խուսափելն ու գիտական թեզ պաշտպանելն է: Սակավաթիվ մարդկանց կարող է միայն հետաքրքրել ցածր աշխատավարձով գոյատեւող դասախոս դառնալու հեռանկարը»,- ասպիրանտական տեղերի բաշխման կարգի ու սկզբունքների մասին հարցիս այդպես պատասխանեց իր անունը հրապարակել չցանկացող ԵՊՀ-ի ֆակուլտետներից մեկի դեկանը: ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի տրամադրած տվյալների համաձայն, մագիստրատուրայի ընդունելության համար 1999-2000 եւ 2000-01 ուստարում ԵՊՀ-ին հատկացվել է 450-ական տեղ (1999-2000թթ`. 200 անվճար, 250 վճարովի, 2000-01թթ.՝ 190 անվճար, 260 վճարովի հիմունքներով): 2001-02 եւ 2002-03 ուստարում մագիստրատուրայի ընդունելության համար ԵՊՀ-ին հատկացվել է 470-ական տեղ (համապատասխանաբար` 205 անվճար, 265 վճարովի հիմունքներով): Անվճար տեղերի բաշխումը կատարվել է յուրաքանչյուր ֆակուլտետի տվյալ տարվա շրջանավարտների մոտ 30 տոկոսի չափով, հավասարաչափ բոլոր մասնագիտությունների գծով, նախարարության կողմից հատկացված տեղերի շրջանակներում: Ինչ վերաբերում է ասպիրանտական տեղերի բաշխմանը, ապա ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետների դեկաններ նշում էին, որ աղջիկները հիմնականում գերադասում են հեռակա ուսուցումը, իսկ տղաները` ստացիոնար (ինչը բանակից խուսափելու հնարավորություն է տալիս- Թ.Հ.): ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը պնդեց, որ ասպիրանտ տղաների թվաքանակը այնքան քիչ է Հայաստանում, որ նրանց զորակոչելով` բանակը, միեւնույն է, ոչինչ չի շահի, իսկ գիտությունը կկորցնի: ԵՊՀ ֆակուլտետներից մեկի դեկանը պատմեց, որ նպատակային տեղերի հատկացումն առանձին գերատեսչությունների կողմից, որ միշտ էլ կիրառվել է հետբուհական կրթության պրակտիկայում, վերջին տարիներին չարաշահվում է: ԱԺ-ն, կառավարությունը, որոշ նախարարություններ հատուկ նպատակային տեղեր են իջեցնում եւ բուհից պահանջում ասպիրանտուրա ընդունել իրենց երաշխավորած թեկնածուներին: «Բուհը դրանից, ըստ էության, ոչինչ չի շահում, որովհետեւ ուսուցումը լինում է բուհի հաշվին»,- նշեց դեկանը: Նա հայտնեց նաեւ, որ 2002թ.այդ երեւույթը բավականին ցայտուն էր, եւ շատերը չարաշահեցին նպատակային տեղերը: Որպես կանոն, վերոհիշյալ տեղերը զբաղեցնում են ԱԺ-ում եւ կառավարությունում ծանոթություն ու կապեր ունեցող տղաները՝ զինծառայությունից խուսափելու նպատակով: Ըստ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի, ի տարբերություն նախորդ տարիների, 2002թ. առաջին անգամ ասպիրանտուրայի հայտերը բուհերից կրթության եւ գիտության նախարարությունը վերցրել է ոչ թե ըստ ֆակուլտետների, այլ` ըստ մասնագիտությունների: Ա.Ավետիսյանի կարծիքով, այդ տարբերակը կիրառելով, հաջողվում է պետպատվերի շրջանակներում եղած սուղ տեղերը հատկացնել հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին: Ըստ ԿԳՆ-ի գիտամանկավարժական կադրերի պատրաստման բաժնի տվյալների, գիտական կադրեր պատրաստելու հնարավորություն են ստացել «Հայհամակարգիչ» հումանիտար տեխնոլոգիական կենտրոնը, «Ռեդիկոմ»-ը, «Բրայնս» ՓԲԸ-ն, «Ինֆայնայթ թեքնոլոջի քորփորեյշն»-ը, «Էփիջիլեփս-Էլ-Էմ» ՍՊԸ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, «Էյջ-Փի-Էլ-Էյ» հաշվողական մեքենաների ամերիկյան ձեռնարկությունը: Հայտնի է, որ վերոհիշյալ ձեռնարկություններում աշխատում են ինֆորմացիոն տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, էներգետիկայի բնագավառների մասնագետներ: «…Պետք է հեռանկարում տեսնել, թե մեր երկրին ինչ մասնագետներ են պետք»,- հարցիս, թե ինչու են այդպիսի մեծ առավելություններ տրվում վերոհիշյալ մասնագիտություններին` ի հաշիվ մյուսների, հակադարձեց Արա Ավետիսյանը: Այս դեպքում հարց է ծագում` այդ մասնագետների քանի՞ տոկոսն է իր ապագա գործունեության հեռանկարը կապում Հայաստանի հետ: «Էփիջիլեփս-Էլ-Էմ» ՍՊԸ-ի տնօրենը, իմանալով մեզ հուզող հարցերը, միանգամից հրաժարվեց հարցազրույցից: Որոշակի տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվեց նաեւ «Էյջ-Փի-Էլ-Էյ»-ի տնօրենը: Իր անունը հրապարակել չցանկացող դեկանը մեր զրույցի ընթացքում պնդում էր, որ իշխանության բարձրագույն մարմիններից ճնշումներ են գործադրում ԵՊՀ-ի վրա` ասպիրանտուրայում իրենց երաշխավորած թեկնածուներին «տեղավորելու» նպատակով: ԿԳ փոխնախարար Ա. Ավետիսյանը մեր հարցի պատասխանն էլ ուներ. «Քննություններն ընդունում եւ դիմորդին գնահատում են նույն դասախոսներն ու դեկանները, ովքեր հետո դժգոհում են: Եթե ասպիրանտուրայի հայտ ներկայացրած դիմորդը բավարար գիտելիքներ չունի, ինչու՞ են նրան բարձր գնահատել եւ ասպիրանտուրայում սովորելու հնարավորություն ընձեռում»: Ի լրումն այս ամենի, Ա. Ավետիսյանը մեզ համոզում էր, որ կառավարությունից, ԱԺ-ից, տարբեր գերատեսչություններից ասպիրանտուրայում սովորողները կյանքից եկող մասնագետներ են, եւ նպատակային տեղերի հաշվին սովորելուց հետո էլ շարունակում են աշխատել այն գերատեսչություններում, որոնց ներկայացրած հայտերով հետբուհական կրթություն են ստացել: Անհասկանալի է, սակայն, եթե ԱԺ-ն, կառավարությունը կամ տարբեր գերատեսչություններ գիտական կոչում ունեցող, բարձրորակ մասնագետների կարիք ունեն, ապա ինչու՞ են նպատակային տեղեր հատկացնում իրենց աշխատակիցների համար, երբ կարող են թափուր տեղերը համալրել հենց ասպիրանտուրան ավարտած եւ գիտական կոչում ունեցող մասնագետներով: Չէ՞ որ այդպիսիք քիչ չեն եւ մեծ դժվարությամբ են իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնում: ԵՊՀ պրոռեկտոր Էդվարդ Չուբարյանն ընդհանրապես դժգոհ էր ասպիրանտական տեղերի սահմանափակ թվաքանակից: «Դա չի կարող նպաստել սերնդափոխությանը: Իսկ ԵՊՀ-ում դասախոսների միջին տարիքը 60 է»,- նշեց նա: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աշխատակազմին, ԱԺ-ին եւ կառավարությանը հատկացվող նպատակային տեղերին, ապա, պրն Չուբարյանի կարծիքով, դրանք արդարացված են, քանզի պետական կառավարման համակարգում աշխատող բարձրորակ մասնագետներ միշտ էլ անհրաժեշտ են: Զրույցից տեղեկացանք, որ ՀՀ նախագահի աշխատակազմից ԵՊՀ ասպիրանտուրա է ընդունվել Դավիթ Համբարյանը («միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ), ԱԺ-ից` Արթուր Մարտիրոսյանը («քաղաքագիտություն» մասնագիտությամբ) եւ մշակույթի նախարարությունից Ռուբեն Գեւորգյանը («թուրքագիտություն» մասնագիտությամբ): Մեկ նպատակային տեղ էլ հատկացվել է ԼՂ-ին: Ի դեպ, ԱԺ-ից երաշխավորված Արթուր Մարտիրոսյանը անվերադարձ մեկնել է Հայաստանից: Պրն Չուբարյանը դժգոհ էր կոմերցիոն շահույթ հետապնդող ֆիրմաների ներկայացրած հայտերից: Ըստ պրոռեկտորի, այդ ֆիրմաների անվանական տեղեր ներկայացնող դիմորդներն էլ աչքի չեն ընկնում խոր գիտելիքներով: Մասնավորապես, 2002թ. ասպիրանտական երկու տեղ է հատկացվել «Էյջ-Փի-Էլ-Էյ» հաշվողական մեքենաների ամերիկյան ձեռնարկությանը: Ընդունելության քննություններից չստանալով բավարար գնահատականներ, դուրս է մնացել մեկ հոգի: Մեկ տեղ էլ հատկացվել է «Էփիջիլեփս-Էլ-Էմ» ֆիրմային: Է.Չուբարյանը կարծում է որ, նմանատիպ ֆիրմաները ոչ թե պետք է անվանական հայտեր ներկայացնեն, այլ ասպիրանտուրայի ընդունելության քննություններին մասնակցեն մրցութային պայմաններով: Բացի այդ, անհրաժեշտ է նաեւ, որ վերոնշյալ ֆիրմաների տնօրինությունն անպայման մասնակից լինի ընդունելության քննություններին եւ պատասխանատվություն կրի իր երաշխավորած թեկնածուի գիտելիքների համար: «Եվ եթե այդ ֆիրմաներն իսկապես շահագրգիռ են բարձրորակ գիտական կադրեր ունենալու, ինչու՞ չեն աշխատանքի հրավիրում մեր իսկապես լավագույն շրջանավարտներին: Չէ՞ որ այդ դեպքում պահանջարկ ունեցող մասնագետներին «հայտնաբերելը» ավելի հեշտ կլինի»,- եզրափակեց զրույցը ԵՊՀ պրոռեկտորը: ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել