«ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ԱՆԹԱՓԱՆՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ «ՈՒԺԻ ՄԵՋ Է» «Երեկ Գյումրիի, Վանաձորի, Ալավերդու, Սեւանի, Իջեւանի, Եղեգնաձորի, Կապանի եւ Սիսիանի քաղաքապետերը ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր»,- 2000թ. հոկտեմբերի 7-ի համարում գրել է «ՀՀ» օրաթերթը։ Հուշագրի համաձայն, USAID-ն կֆինանսավորի $4,5 մլն ԱՄՆ արժողության 3-ամյա տեղական ինքնակառավարման ծրագիր։ Այդ ծրագիրը կաջակցի այդ քաղաքներում թափանցիկ եւ արդյունավետ համակարգի զարգացմանը եւ կերաշխավորի տեղական ինքնակառավարման մարմինների մատչելիությունը բնակչության համար»,- նշել է թերթը: 2001թ. մայիսի 16-ին, Լոռու մարզպետի ասուլիսի ժամանակ, իմ այն հարցին, թե արդյո՞ք այդ ծրագիրը սկսվել է Վանաձորում, մարզպետը պատասխանեց, որ տեղյակ չէ եւ ավելացրեց, թե Վանաձորում հավանաբար դեռ չի սկսվել։ «Հայաստանի Հանրապետության» 2001թ. օգոստոսի 31-ի համարից տեղեկացանք, որ այդ ծրագրով Իջեւանում տեղական ինքնակառավարման համակարգում որոշակի աշխատանքներ են տարվում։ Միեւնույն ժամանակ Վանաձորում, թերեւս նաեւ մնացած այլ քաղաքներում, որտեղ պետք է ծրագիրը գործեր, այն շարունակում է մնալ «անհայտության» մեջ։ Այդ հարցին անդրադարձանք նաեւ «Առավոտի» 21.09.2001թ. համարում («Իջեւանը՝ հասկացանք, բա մյուսները»)։ Փաստորեն, հուշագրի ստորագրումից անցել է շուրջ 2 տարի։ Համապատասխան որեւէ մարմին, ենթադրվում է, որ պետք է իրազեկեր հանրությանը՝ հաշվետվության կարգով, թե ինչ ընթացքի մեջ է ծրագիրը, այլապես կարելի է գալ եզրակացության, թե գումարներն անարդյունավետ փոշիանում են։ Ի դեպ, այս ծրագիրը, ըստ պլանի, պետք է գործեր ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նախարարության (այն ժամանակ այդ երկու ոլորտները տնօրինվում էին 1 նախարարության կողմից) ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Հուշագրի ստորագրումից մի քանի օր անց այդ 2 ոլորտներն առանձնացվեցին եւ սկսեցին տնօրինվել 2 առանձին նախարարությունների կողմից, եւ անհասկանալի մնաց, թե ո՞ր նախարարության (տարածքային կառավարմա՞ն, թե՞ քաղաքաշինության) վերահսկողության տակ է անցել այդ ծրագիրը (եթե վերահսկվում է) եւ ի՞նչ ընթացքի մեջ է (եթե ընթանում է)։ «Ծրագիրը կաջակցի այդ քաղաքներում թափանցիկ եւ արդյունավետ կառավարման համակարգի զարգացմանը եւ կերաշխավորի տեղական ինքնակառավարման մարմինների մատչելիությունը բնակչությանը»,- այսպիսի նպատակուղղվածություն էր նշվում։ Թե որքանո՞վ է ծառայել համայնքների թափանցիկությանն ուղղված ծրագիրը իր նպատակին, խոսում է ոչ միայն այն հանգամանքը, որ ծրագիրն առ այսօր «անթափանցելիության» մեջ է, այլեւ այն, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը մասնավորապես Վանաձորում խիստ «անթափանց» է։ Դրա մի ապացույցը ոչ միայն այն է, որ համայնքի ավագանու նիստերը կայանում են առանց ԶԼՄ-ների ներկայության, այլեւ, որ առանձին դեպքերում քաղաքապետի որոշումներն անգամ մամուլում չեն տպագրվում։ Քանի որ «թափանցիկության» ծրագրի վերաբերյալ մեր նախորդ 2 հրապարակումները մնացին անարձագանք, ուստի այդ հարցը բարձրացրինք նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ինստիտուցիոնալ վերլուծությունների եւ ծրագրերի խորհրդական Ջեյմս Թոմսոնի՝ «Համաշխարհային ուսուցում» կազմակերպության Վանաձորի գրասենյակում մի քանի ԶԼՄ-ների (Հանրային ռադիո, «Առավոտ», «Քաղաքացիական նախաձեռնություն») հետ 2002թ. ապրիլին կայացած հանդիպման ժամանակ։ Ջ. Թոմսոնը խոստացավ հետաքրքրվել հիշյալ ծրագրի ճակատագրով։ Այդ հարցը բարձրացրինք նաեւ ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի մի խումբ աշխատակիցների (օրենքի գերակայության մասնագետներ) հետ Վանաձորի քաղաքապետարանում 2002թ. աշնանը տեղի ունեցած հակակոռուպցիոն թեմայով քննարկման ժամանակ։ Ընդ որում, քննարկման ժամանակ հիշատակեցինք նաեւ այդ հարցին մասնակիորեն առնչվող 3-րդ հրապարակման մասին։ Առայսօր «թափանցիկության» եւ այլնի ծրագիրն անհայտության մեջ է։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ