Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՄՔԸ

Հունվար 14,2003 00:00

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՎ ՆՐԱ ԿԱՄՔԸ «Եթե այս ընտրություններում էլ բռնաբարվի ժողովրդի կամքը, ապա…»,- ասում են այսօրվա ընդդիմադիրները եւ ենթադրում, թե ինչ կլինի «ապա»: Նախ՝ առանձնապես ոչ մի բան էլ չի պատահի: Երկրորդ /որն ավելի էական է/՝ ինչպե՞ս կարելի է բռնաբարել այն, ինչը գոյություն չունի: Դա ապացուցելու համար հակիրճ դիտարկենք ժողովրդի կամքի զանազան դրսեւորումները: 1991 թվականին ժողովուրդը կամենում էր անկախություն, պետականություն եւ Ղարաբաղ: Քանի որ իրավիճակը հեղափոխական էր, ոչ ոք չկարողացավ բռնաբարել նրա կամքը, եւ ժողովուրդը ստացավ այն, ինչ ուզում էր: Դրանով հեղափոխությունն ավարտվեց: 1996-ին ժողովրդի կամքը հիմնված էր այն մոլորության վրա, որ նախորդ տարիների սարսափելի զրկանքները, աղքատությունը, գործազրկությունը, մութը եւ ցուրտը Լեւոն Տեր-Պետրոսյանի չարամտության արդյունք էին: Բնականաբար, ժողովուրդը կամենում էր ազատվել առաջին նախագահից: Այդ կամքը բռնաբարվեց, եւ Տեր-Պետրոսյանը նախագահ մնաց: 1998-ին ժողովրդի կամքը հիմնված էր այն անհիմն հավատի վրա, որ հիմա կգա Կարեն Դեմիրճյանը, կվերականգնի անհոգ եւ բարեկեցիկ կյանքը, 120 ռուբլիանոց աշխատավարձը, կբացի գործարանները եւ այլն: Այդ կամքը նորից բռնաբարվեց, եւ նախագահ կարգվեց Ռոբերտ Քոչարյանը: Տեր-Պետրոսյանի ժամանակ կյանքը 10 կամ գուցե 100 անգամ վատացել էր: Ժողովուրդն իր կամքը դրսեւորելիս հաշվի էր առնում բացառապես այդ հանգամանքը՝ մի կողմ թողնելով կայսրության փլուզումը, ինչպես նաեւ նախկինում իր իսկ ուզած ժողովրդավարությունը, պետականությունը եւ Ղարաբաղը: Քոչարյանի ժամանակ կյանքը չի վատացել, շարունակել է կայուն կերպով մնալ վատը՝ մնացած հարցերը ժողովրդին առանձնապես չեն հուզում: Ուստի վերոհիշյալ կամքը հստակորեն ձեւակերպված չէ՝ բացակայում են այդ կամքը պարտադիր կերպով ուղղորդող բացասական էմոցիաները: «Էդպես էլ մնա՝ լավ է»,- ասում է ժողովուրդը եւ բացարձակապես անտարբեր մնում առաջիկա ընտրությունների նկատմամբ: …Իսկ ընդհանրապես բոլոր ժամանակների եւ երկրների ժողովուրդների կամքը կարելի է ձեւակերպել 4 կետով. հարուստներից խլել, աղքատներին բաժանել, պաշտոնյաներին պատժել, թշնամիներին ոչնչացնել: Առանձին վերցրած՝ անհատներս հասկանում ենք, որ դրանք անիրական եւ չափազանց վտանգավոր ցանկություններ են: Բայց երբ հավաքվում ենք «ժողովուրդ» հասկացության տակ, սկսում ենք դրսեւորել մեր հավաքական կամքը: Իսկ ժողովուրդը, ինչպես հայտնի է, երբեք չի սխալվում: Մանավանդ, երբ օգտագործում է «Ավշար» գինիների գործարանի արտադրանքը: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել