Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի ԵԽ-ից ենք՝ մի հալի ենք

Հունվար 14,2003 00:00

Մի ԵԽ-ից ենք՝ մի հալի ենք Եվրախորհրդի Մշակույթի, գիտ ության եւ կրթության հանձնախումբը հանդես է եկել զեկույցով, որում գնահատվում է Եվրոպայում մամուլի ազատության վիճակը: Հայաստանն այս զեկույցում արժանացել է առանձին անդրադարձի՝ մասնավորապես «Ա1+»-ի եթերազրկման հետեւանքով: Զեկույցի Հայաստանին վերաբերող 3 պարբերություններից մեկը լրագրող Մարկ Գրիգորյանի նկատմամբ իրականացված մահափորձի մասին է: Եվ նշված է, որ նա այդ ժամանակ նախապատրաստում էր «27»-ի մասին հոդվածը: Իսկ 2 պարբերությունները վերաբերում են «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» եթերազրկմանը. «Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 37 դեցիմետրային կապուղով հեռարձակման իրավունքը տվեց «Շարմ» ընկերությանը, այսպիսով եթերից արդյունավետորեն («effectively») դուրս մղելով «Ա1+» հեռուստաընկերությանը, որը երկրի առավել հարգված մասնավոր ալիքներից էր»: Հղում է արված Երեւանի մամուլի ակումբին, թե «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի եթերազրկման պատճառն անկատար օրենսդրությունն է, որը հնարավորություն է տալիս հաշվի չառնել կայացած եւ գործող հեռուստաընկերությունների շահերը: Մեջբերված է նաեւ ԵԽ փորձագետների քննադատությունը, թե օրենքը հնարավորություն է տալիս նախագահին՝ նշանակել Ազգային հանձնաժողովի անդամներին: ԵԽ հանձնախումբը նաեւ կասկած է հայտնել, որ եթե անգամ «Ա1+»-ն ու «ՆՏ»-ն նոր հայտարարված մրցույթներում ստանան արտոնագիր՝ այլեւս չեն հասցնի լուսաբանել փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները: Սակայն մեջբերենք այս զեկույցի մի շարք եզրահանգումներ, որոնք ընդհանրական են Եվրախորհրդի անդամ պետությունների համար, որպիսին նաեւ Հայաստանն է: ԵԽ երկրներում շարունակում են լրագրողներին բռնությունների ենթարկել, բանտարկել նրանց, աստղաբաշխական տուգանքների արժանացնել՝ հասցնելով սնանկացման (այս առումով բացասականորեն առանձնանում են հատկապես ԱՊՀ պետությունները), ընդունել «հեռարձակման այնպիսի օրենքներ, որոնք թույլատրում են կառավարության ուղղակի միջամտությունը», եւ խախտում լրագրողների իրավունքը՝ չբացահայտել իրենց աղբյուրները: Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում մեկ նախադասությամբ նշվում է. «Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է մնալ պաշտոնական քարոզչամիջոց»: Սակայն ընդհանրապես եվրոպական երկրների մեծամասնության համար բնութագրական է համարվում, որ հանրային հեռուստաընկերությունները, որոնք բնակչության մեծամասնության համար տեղեկատվության «գլխավոր աղբյուրն» են, շարունակում են ղեկավարվել պետության կողմից կամ մնալ պետական վերահսկողության ներքո: «Չկա չհասունացած, անկայուն եւ անվստահ ժողովրդավարության ավելի լավ նախանշան»,- այս առնչությամբ նշվում է զեկույցում: Որոշ երկրներում «դեռեւս չափազանց հեշտ է իշխանությունների քմահաճույքով փոխել հանրային լրատվամիջոցների ղեկավարներին»: Նույնիսկ ամենաառաջավոր «երիտասարդ ժողովրդավար» պետությունների համար դեռեւս խրթին գործ է՝ ապահովել իրապես անկախ հեռուստառադիոհեռարձակում, որտեղ պահպանված կլիներ «կառավարության եւ իշխանության միջեւ հավասարակշռությունը»: Որոշ երկրներում մամուլի մասին օրենքը հնացել է (օրինակ՝ Ֆրանսիայում այդ օրենքն ընդունվել է 1881-ին): Ու թեեւ սահմանափակող դրույթները գործնականում այլեւս չեն կիրառվում՝ այդ հին օրենքները հարմար պատրվակ են դառնում նոր ժողովրդավարացող պետությունների համար, որոնք չեն ցանկանում բարեփոխել ԶԼՄ-ների մասին սեփական օրենսդրությունը: Վերջին շրջանի ահաբեկչական գործողությունները, ըստ ԵԽ հանձնախմբի զեկույցի, կարող են պատրվակ դառնալ սահմանափակելու տեղեկատվության ազատությունը, ինչպես դա եղավ, ասենք, ՌԴ Դումայի ընդունած «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրինագծի պարագայում, որի կապակցությամբ Վլադիմիր Պուտինն օգտագործեց վետոյի իր իրավունքը: Զեկույցը կազմվել է դեկտեմբերի 13-ին, ուստի, բնականաբար, Տիգրան Նաղդալյանի սպանությունը ներառված չէ անցած տարի սպանված 41 լրագրողների «սեւ ցուցակում»: «Հատկապես Ռուսաստանում սպանված լրագրողների քանակը սարսափելի է: Բայց նույնիսկ ավելի վատն այն է, որ որեւէ լուրջ առաջընթաց չկա նախկինում կատարված սպանությունների հետաքննության պարագայում,- նշված է զեկույցում,- Պահպանելով, իսկ երբեմն էլ կանխամտածված ստեղծելով անպատժելիության եւ կամայականության մթնոլորտ՝ կառավարություները հող են նախապատրաստում ապագա հանցագործությունների համար»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել