Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Հունվար 14,2003 00:00

ՀԱՐՑԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությանը հաջորդած առաջին իսկ ժամերից սկսած իշխանամետ քարոզչամեքենան ու մասնավորապես իշխանական գործիչները, սկզբում ավելի ագրեսիվ, ապա՝ ավելի զուսպ, փորձում են Տիգրան Նաղդալյանի սպանությունն օգտագործել: Վերջերս մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն էր մի հանճարեղ միտք «կրակել». «Արդեն իսկ այն, թե ի՞նչ արագությամբ եւ հատկապես ո՞ր վարկածն է տարածվել, խոսում է նրա մասին, որ սպանությունը կատարել են այն ուժերը, որոնք մտադիր էին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ոչ միայն զրկել հուսալի աջակիցներից մեկից, այլեւ նրա վրա բարդել կատարվածը»: Նկատենք, որ եթե փորձենք Տ.Նաղդալյանի սպանության վարկածներից գոնե մեկն այդ տրամաբանության տեսանկյունից քննարկել, պետք է հիշենք, որ նախատոնական եւ տոնական օրերին, երբ գործում էին բացառապես հեռուստաընկերությունները, իսկ հայտնի է, որ ոչ իշխանամետ ընկերություն չկա, իսկ ընդդիմադիր հատուկենտ թերթերն էլ պարզապես արձակուրդում էին, մասնավորապես Հանրային հեռուստառադիոընկերության ամբիոնը բացառապես տրամադրվել էր միայն իշխանամետ ու մասնավորապես դաշնակցական գործիչներին, որոնք էլ առաջինը շտապեցին իրենց վարկածը դնել շրջանառության մեջ: Այդ վարկածը միակն էր եւ մեղադրանքի սլաքն էլ ուղղված էր ընդդիմությանը: Ուստի, եթե հետեւենք Ռ.Սահակյանցի տրամաբանությանը, պետք է ենթադրենք, որ Տ.Նաղդալյանի սպանությունը առաջին հերթին, մեղմ ասած, շահարկման առարկա դարձավ հենց դաշնակցական գործիչների համար, որոնք, փորձում էին, թերեւս, ապացուցել, որ այս երկրում ահաբեկչության ու սպանությունների հետ աղերսներ ունի ոչ միայն ՀՅԴ-ն, որի հայտնի գործիչները բազմիցս են խոսել ահաբեկչության նաեւ «լավ» կողմերի մասին: Դաշնակցականները, որ մինչեւ Տ.Նաղդալյանի սպանությունը մեղադրում էին ընդդիմությանը «Հոկտեմբերի 27»-ը շահարկելու մեջ, իրենք էլ դեմ չեն շահարկել Տ. Նաղդալյանի սպանությունը՝ հավանաբար մոռանալով, որ հայ իրականության մեջ առայժմ գործող որեւէ այլ կուսակցություն աղերսներ չունի ո՛չ ահաբեկչության ու դրա պատմության, ո՛չ «Դրոյի», ո՛չ «Վահան Հովհաննիսյան + 30» գործերի հետ: Ակնհայտ է նաեւ, որ իշխանական օղակներում պատրաստ են որեւէ այլ վարկած քննարկել, բայց միայն ոչ «27»-ի եւ դրան առնչվող որոշակի փաստերի մասին Տ.Նաղդալյանի ունեցած տեղեկատվության ու նրա վկա լինելու վերաբերյալ: Ու քանի որ հասարակության ներսում հենց այդ վարկածն է ամենաշատը շրջանառվում՝ իշխանական քարոզչամեքենան փորձեց տեղի տալ ու ձեւ անել, թե ինքն էլ այդ սպանությունը կարող է «27»-ի հետ կապել, բայց միանգամայն այլ համատեքստում: Տվյալ դեպքում շեշտը դրվում է Տ.Նաղդալյանի պատրաստած մի ֆիլմի վրա, որով նա փորձելու էր ներկայացնել «27»-ին հաջորդած իրադարձությունների ժամանակագրությունն ու մերկացնել գործն ուղղորդողներին, եւ «ամենայն հավանականությամբ շատ-շատերը կցանկանային, որ այդ ֆիլմը երբեւէ չցուցադրվեր»: Դա էլ, անշուշտ, վարկածներից մեկը կարող է լինել, թեեւ այս դեպքում էլ թափանցիկ ակնարկը դարձյալ ուղղված է ընդդիմության կողմը: Այդուհանդերձ, նախ փորձենք քննարկել, թե ովքե՞ր կարող էին իմանալ այդ՝ դեռ ավարտին չհասցված, ֆիլմի, դրա բովանդակության մասին: Պետք է ենթադրել՝ առաջին հերթին Տ.Նաղդալյանի մերձավոր շրջապատը, ստեղծագործական այն խումբը, որը աշխատել է այդ ֆիլմի վրա, առնչվել դրա ստեղծմանը, եթե, իհարկե, այդպիսի մարդիկ եղել են: Կամ պետք է մտածել, որ ֆիլմի բովանդակության մասին պատմել են դարձյալ Տ.Նաղդալյանի շրջապատի մարդիկ: Թող փնտրեն, քննեն եւ կա՛մ հաստատեն, կա՛մ հերքեն նաեւ այդ վարկածը: Մյուս վարկածը, որն առաջինը հենց իշխանական մամուլում է հրապարակավ ի հայտ եկել: Որեւէ ընդդիմադիր լրատվամիջոց դրա մասին անգամ ծպտուն չի հանել: Այդ մասին հրապարակավ առաջինն ակնարկել է նույն ինքը՝ Ռոբերտ Սահակյանցը. «ողջ քաղաքն սկսում է խոսել ինչ-որ տեսաժապավենի, ինչ-որ անհեթեթ վարկածների մասին», եւ «առնվազն հուշում, որ Տ.Նաղդալյանի սպանությունը չի կարելի քննել այդ շշուկների, տարբեր անհեթեթ վարկածների տարածման ակցիայից տարանջատված»: Նկատենք, որ հենց գոնե մինչեւ պրն Սահակյանցի սույն հայտարարությունը մայրաքաղաքում նման շշուկներ չկային: Միայն դրանից հետո շատ կցկտուր հնարավոր եղավ պարզել, որ ակնարկվում է սպանության անձնական շարժառիթի վարկածը, որը, մեր կարծիքով քիչ հավանական է: Ուրեմն ո՞ւմ է ձեռնտու շրջանառության մեջ դնել իսկապես ամենաանհեթեթ վարկածներ. թերեւս նրանց, ովքեր կարող են միայն սարսափել Տ.Նաղդալյանի սպանությունը «27»-ի հետ առնչելու որեւէ վարկած լրջորեն քննարկելուց: Մեր համոզմամբ, այսօր շրջանառվող, այդ թվում՝ սպանության տնտեսական շարժառիթի վերաբերյալ, վարկածից զատ քննարկման առարկա պետք է լինի հենց «27»-ին վերաբերող փաստերին Տ.Նաղդալյանի լավատեղյակ լինելու հանգամանքը: Եվ որեւէ մեկն իրավունք չունի փակել այդպես մտածողների բերանը թեկուզ այն պատճառով, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով կարեւորագույն վկաներից մեկը խորհրդավոր պայմաններում էլեկտրահարվեց հենց մեկուսարանում, մի ստվար հատվածը մաս-մաս ու ընտանիքներով խորհրդավոր պայմաններում եւ պատճառներով լքեցին Հայաստանն ու տեղափոխվեցին ԱՄՆ, այդ թվում՝ «Հ1»-ի լրագրող Տիգրան Նազարյանը, այլք, օրինակ՝ ՔՊԻՎ նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, որն ի պաշտոնե իրազեկված պաշտոնյա էր, այսօր ճաղերի ետեւում է: Ի վերջո, պետք է լրջորեն քննարկել նաեւ այն վարկածը, թե որքանով կարող էին մամուլում հայտնված՝ Տ.Նաղդալյանի դեսպան նշանակվելու կամ այլ աշխատանքի անցնելու, նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմում նրանից, իբր, ունեցած դժգոհությունների մասին տեղեկությունները կապված լինել նրա սպանության հետ, եւ արդյո՞ք Տ.Նաղդալյանին իրականում չեն փորձել պարզապես հեռացնել Հայաստանից՝ լուծելով նաեւ «27»-ը պարտակելու եւ «թույլ օղակներին» աստիճանաբար մեկուսացնելու խնդիրը: Սրանք հարցեր են, որոնք պատասխանների կարիք ունեն: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել