Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄՈՏԵՑԱՆՔ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ»

Հունվար 14,2003 00:00

«ՄՈՏԵՑԱՆՔ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻՆ» Ասաց Վազգեն Մանուկյանը «16»-ի նիստից հետո Ըստ ամենայնի, ընդդիմությունը սկսել է սայլը տեղից շարժել։ 16 կուսակցությունների միավորման ստեղծման մասին հայտարարություն անելիս անգամ բոլոր 16 կուսակցությունների առաջին դեմքերը չէ, որ ներկա էին։ Նկատի ունենք առաջին հերթին «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանին, որն իր փոխարեն ուղարկել էր Ալեքսան Կարապետյանին։ Անցած շաբաթ օրը միավորման անդամ բոլոր կուսակցությունները պատմության մեջ առաջին անգամ ներկայացված էին առաջին դեմքերով՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանի մեջտեղում նստած էր ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, որն էլ, ի դեպ, մինչ այդ ամենահամոզվածն էր պնդում, թե առաջին դեմքերով հանդիպումը կայանալու է եւ քննարկվելու է միասնական թեկնածուի հարցը։ Հանդիպումը հետաքրքրական էր նաեւ նրանով, որ ՀՀ նախագահի 8 թեկնածու միաժամանակ նստել էին կլոր սեղանի շուրջ։ Հանդիպումից հետո մասնակիցները պնդեցին, թե քննարկվել են շատ հարցեր, սակայն կրկին խուսափեցին խոսել միասնական թեկնածուի մասին։ Մի բան ակնհայտ էր՝ ընդդիմադիր 16 կուսակցություններն ընտրությունների մոտենալուն զուգահեռ փորձում են ավելի միասնական եւ ավելի համերաշխ ներկայանալ հասարակությանը։ Հանդիպումից հետո միավորման մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը մասնավորապես ներկայացրեց քննակված հարցերի շրջանակը՝ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներ, «Ընտրական օրենսգրքի» արդեն խախտման դեպքեր։ Օրերս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ՄԱԱ-ում հայտարարեց, թե այլեւս երգ չի մնացել, որի վրա գործող նախագահի գովազդային տեսահոլովակը նկարահանված չլինի։ «Նույնիսկ մեր կուսակցության հիմնն են օգտագործում Քոչարյանին գովելու համար»,- ասաց Արամ Սարգսյանը։ «16»-ի միավորման նիստը եւս քննել է հարցը եւ, ըստ ամենայնի, այդ կապակցությամբ համապատասխան հայտարարություն կարվի։ Ռուզան Խաչատրյանի ներկայացմամբ. «Քոչարյանին գովաբանող տեսահոլովակների բովանդակության մասին ես չեմ ուզում խոսել, դա արդեն դաստիարակության խնդիր է, ամեն ինչ՝ Հայաստանի անցյալ ու ներկա, հայոց պատմությունը վերագրվում է մի անձի, սա միանշանակ բացասաբար է գնահատում տվյալ անձին։ Սակայն խոսքն այն մասին է, որ կոպիտ խախտվում է «Ընտրական օրենսգիրքը»։ Օրենքով սահմանված կարգով քարոզարշավից շատ առաջ սկսված է փաստորեն թեկնածուներից մեկի քարոզարշավը։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ նախագահի թեկնածու Վլ. Դարբինյանը հանդիպումից հետո հայտնեց, որ միասնական թեկնածուի հարցը չի քննարկվել, եւ նիստի մասնակիցները խոսել են արդար եւ ազատ ընտրությունների անցկացումն ապահովելու եւ ընդդիմության հետագա քայլերի եւ գործողությունների մասին։ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ընդդիմությունը կարեւորում է «Ընտրական օրենսգրքի» կատարումը եւ արդեն առկա որոշ բաների հանդեպ նա պարզապես պարտավոր է վերաբերմունք դրսեւորել։ Իսկ միասնական թեկնածուի հարցում պրն Քոչարյանը հնարավոր է համարում նաեւ մի քանի թեկնածուով հանդես գալը, թեպետ ինչպես միշտ շեշտեց նաեւ, որ «ցանկալի է, որ լինի ինչքան հնարավոր է քիչ թեկնածու»։ «Ո՞վ է, ի վերջո, լինելու միասնական թեկնածուն» հարցին պրն Քոչարյանը պատասխանեց այսպես՝ թեպետ թեկնածուները շատ են եւ «16»-ը ուշացնում է խնդրի լուծումը, բայց հասարակությունն ինքն իր համար արդեն արձանագրել է, թե ով է միասնական թեկնածուն. «Այսօր ես չէի ասի, որ բոլոր թեկնածուները հավասար պայմաններում են»։ Միավորման նիստի ընթացքում քննարկվել են ընտրություններին առնչվող այլ հարցեր եւս։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ հետեւյալները. 1) հանձնաժողովների համալրումը. պետք է յուրաքանչյուր կուսակցություն 2 հազարից ավելի վստահված անձ ներկայացնի, որպեսզի ընդգրկված լինեն բոլոր տեղամասերը եւ անուշադրության մատնված տեղամաս չլինի, 2) ընտրացուցակները ճշտելու անհրաժեշտություն կա, որը պետք է անպայման կատարվի, 3) մոտենում է պահը, երբ գրանցված թեկնածուն պետք է վստահված անձ ներկայացնի, յուրաքանչյուր թեկնածու ամեն տեղամասում կարող է 3 վստահված անձ ունենալ, ընդհանուր՝ մոտ 6 հազարից ավելի անձ է ունենալու։ Քննակվել է նաեւ ընդհանուր լրատվական դաշտի ձեւավորման հարցը։ Պրն Քոչարյանը խիստ կարեւորեց նաեւ հեռուստաընկերությունների սահմանած միասնական գովազդային գնի հարցը, որի շուրջ առավել մանրամասն զրույցը կներկայացնենք վաղվա համարում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել