ՄԵՐ «ՆՈՐՄԱՆ» ՄԵԾ ԹԱՏՐՈՆՈՒՄ Մոսկվայում ավարտվեցին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի հյուրախաղերը։ Հունվարի 5-ին եւ 7-ին ռուս հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից մեկը՝ Բելինիի «Նորմա» օպերան Մեծ թատրոնի բեմում։ Գաղտնիք չէ, որ աշխարհի նույնիսկ ճանաչված որոշ օպերային թատրոններ պարզապես ռիսկ չեն անում մոտենալու այս գլուխգործոցին։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է մոսկվաբնակ մեր հայրենակից, կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանը։ Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից տեղեկացանք, որ օրերս կհրավիրվի մամուլի ասուլիս, ուր կբավարարվեն մոսկովյան հյուրախաղերի հետ կապված ցանկացած հարցեր։ Տնօրենի հետ ունեցած մեր կարճ հեռախոսազրույցից տեղեկացանք միայն, որ երկու Նորմաներից միայն Անահիտ Մխիթարյանն է հանդես եկել, իսկ Մարինա Դեւինյանին հիվանդությունը «զրկել» է մեծ բեմ բարձրանալու հնարավորությունից։ Պոլեոնի կերպարը մարմնավորել է աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը։ Իր գնահատանքի մեջ չափազանց ժլատ պրն Հովհաննիսյանը ասաց միայն. «Հանրահայտ ճշմարտություն է՝ բեմական իսկական հաջողությունն ապահովվում է ռեժիսորական ու դերասանական ստեղծագործությունների լիակատար փոխըմբռնմամբ, իդեալական ներդաշնակությամբ։ Հրավիրվելիք ասուլիսին ներկա կլինեն օպերային թատրոնի գեղղեկավարը, գլխավոր դիրիժորը, մեներգիչները»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ