ԱՆՎՃՌԱԿԱՆ ՄԵՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ Երկրորդ սերունդ Քոչարյանին նախագահական երկրորդ ժամկետի համար արդեն շնորհավորում են. մեկը՝ գույժով, մյուսը՝ եթերով, 40 հազարը՝ երախտագիտությունից, գույժի իսկական մասնագետները, որ քաղաքական իրավիճակը հանկարծ չփոխվի, էն կարեւորը, որ երկրորդ սրոկ վարչապետ է ուզում մնալ, էն մյուսը, որ Ազգային ժողովի աննման նախագահ է իրեն համարում, նրանք, որ ընդդիմության ճամբարից լավատեսական լուրեր են հաղորդում նախագահական շտաբին՝ այնտեղ տիրող վիճակի մասին, նա, ով այլընտրանք չի տեսնում, ամենավերջինը՝ հուսահատությունից։ Մնում է հորով-մորով անել պետպատվերով ներսում վճռված բեմադրությունը եւ ընտրական ձրի ներկայացում սարքել դրսից եկած 500 դիտորդների համար, ապա մի հինգ տարով էլ Թումանյանի «Էն սեւ քարն էլ տաշեցին, բերին վրեն քաշեցին» տողերով ու Ջիվանի դուդուկի նվագակցությամբ փակեն ողջ պատմությունը։ Շնորհավորում են ու խուճապ չկա։ 1826 օր տագնապի մեջ են եղել եւ նույնքան ժամանակով պատրաստվում են հանձնվել։ Էդպես արջն է պատրաստվում ձմեռել մի վեց ամսով՝ չորքոտանուն վիճակված պայմանով՝ մի էդքան ժամանակ սեփական թաթը ծծել՝ մինչեւ գարուն կգա։ Իսկ գործող նախագահին մնում է անկոտրում հեղափոխականներին թեւանցուկ, անձեռակերտ օրենքների երկրում, հանրապետական նշանակություն ունեցող կուսակցությունների հետ լիբերալ երթուղով ազգային սոցիալիզմ կառուցել, նրան օժանդակող մտավորականներին՝ ծաղկեցնել մշակույթն ու գիտությունը նույն հեշտությամբ, ինչպես Քսենեփոն-Ծառուկյան ետջրհեղեղյան ժամանակամիջոցին գարեջուր պատրաստելը։ Բա որ, Աստված չանի, Սերժ Սարգսյանը իսկապես որոշած լինի ազատ ու արդար ընտրություններ անցկացնել ու Քոչարյանը իսկապես հաղթի ազատ ու արդար ընտրություններում, որով օրինականացնելով նաեւ նախորդ հինգ տարիների իշխանությունը, այս անգամ ժողովրդի քվեն ու վստահությունը՝ թիկունքին, ընդդեմ համազգային տեսլականի վստահաբար վճռի Ղարաբաղի խնդիրը, ի՞նչ է մնալու այլընտրանք չունեցող կուսակցություններից, էդ ի՞նչ անտունիներ են երգելու «Հայաստան» անունից շրթունք պատռող ֆիդայիները։ Բա որ Գեղամյանն էս անգամ չհասցնի հակաճգնաժամային ծրագիր գրել ու Չորրորդ հանրապետության օրհներգը գրվի սառույցին… Դեռեւս 19-րդ դարի կեսերին շոտլանդացի պատմաբան Թոմաս Կառլեյլը գրում էր, թե ժողովրդավարությունը հասնում է հիասթափության փուլին, երբ այլեւս չկան հերոսներ, որոնք ունակ կլինեին առաջնորդել զանգվածներին։ Նրա համար հերոսը պատճառ էր եւ ոչ թե մարքսիստորեն հիմնավորված հետեւանք։ Պատմության տեսաբանը միամտություն ուներ կարծելու, թե հասարակությունը դասական կառուցվածք է ունենում մշտապես՝ կա իշխանություն, կա իշխանությունից դժգոհող կրիտիկական զանգված եւ անհրաժեշտության դեպքում հայտնվում է հերոսը, որ կարող է առաջնորդել։ Նրա մտքով նույնիսկ չէր անցնի, որ հնարավոր է երկիր, որտեղ լինում է իշխանություն եւ պարզապես՝ ոչիշխանություն, եւ ամեն անգամ իշխանությունը վերարտադրում է միայն ինքն իրեն, իսկ ոչիշխանությունը ընտրություն չունի։ Նույն հեղինակին է պատկանում «ժողովրդավարական ընտրությունները ընտրատեղամասերում լավ կազմակերպված քաոս է» արտահայտությունը, որ կանխապես շնորհավորանքների ֆոնին՝ համադրելով նախորդ մտքի հետ, կարելի է ամփոփել, որ հայաստանյան առաջիկա նախագահական ընտրությունները լավագույնս կազմակերպված ժողովրդավարական հիասթափություն են։ Նախընտրական դավադրություն։ Նախընտրական շրջանի առաջին իսկ սոցհարցումներից դավադրության հոտ էր փչում։ Խնդիրն այն չէ, որ վիճակագրությունները ճիշտ են, թե սխալ։ Ճիշտ թե սխալ, դրանք նպատակ ունեն։ Առաջնության առաջին հորիզոնականը հատկացնելով գործող նախագահին, սոցիոլոգները երկրորդ տեղը միանշանակորեն տվեցին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին, դրանով միաժամանակ ընգծելով ընդդիմության շարքերում տիրապետող տրամադրությունը։ Հաջորդած սոցհարցումները տոկոսային աննշան տատանումներով նույնությամբ կրկնեցին առաջինի թվաբանությունը։ Դավադրությունն այն էր, որ Քոչարյանը ունեցած քվեներով չէր կարող դառնալ նախագահ, իսկ ընդդիմադիրներից ոչ մեկը առանձին վերցրած չէր կարող մրցակցել նրա հետ, ուստի միակ ելքը միասնական թեկնածուն է։ Ու հիմա Հայաստանում միաստվածությունը հազիվ թե այնքան հետեւորդներ ունենա, որքան միասնական թեկնածուի գաղափարը։ Եվ բացառված չէ, որ սույն հանգամանքը նկատի ունենալով, Գեղամյանը 16-ի համագործակցության կեսով իրեն հռչակեց միասնական թեկնածու, ձեռի հետ էլ սեփական վիճակագրությամբ վարկաբեկելով առհասարակ միասնական թեկնածուի գաղափարը։ Այս առումով տեղին է հիշեցնել գործող նախագահի պատրաստակամությունը՝ աջակցել միասնական թեկնածուի առաջադրման ընդդիմության ջանքերին. 50 տոկոսով դա նրան հաջողվեց։ Հավանաբար, վստահ՝ Քոչարյանի մեծահոգությանը, հայտ ներկայացրած ընդդիմության մյուս կեսը (հուսով ենք, լավագույնը) չի շտապում միասնական թեկնածու հայտարարել եւ շարունակում է «անվճռական մենակների» խաղը, որպեսզի մրցակիցը չկողմնորոշվի թիրախի հարցում, մոռանալով, որ քարոզարշավի համար «եղբայրական գերեզմանոց» սարքելը շատ ավելի հեշտ է, քան մեկին եզակի հուշարձան կառուցելը։ Հայաստանյան քաղաքական իրողություններին ծանոթ մեկի համար ակնհայտ է, որ Քոչարյանին փոխելու իռացիոնալ ցանկությունը տասնապատիկ գերազանցում է նրան պաշտպանողների ռացիոնալ հաշվարկներին եւ վիճակագիրների, թեկուզ գիտությամբ չառաջնորդվելու շփոթը գալիս է հաստատելու իրավիճակի ճշմարիտ պատկերը։ Նկատառում։ Մի այլ առիթով գրել եմ, նորից կրկնեմ։ Հասարակական գիտակցության մեջ մինչեւ օրս էլ քաղաքական վերլուծություններում գերիշխող է այն տեսակետը, թե 96-ի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հաջողության հասավ ոչ թե հանուն վերջինիս տրված քվեների, այլ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի։ Հայաստանյան ներկա իշխանությունները գրեթե նույնն են. կա ընդդեմ Քոչարյանի մեծ դաշտ, չկա «հանուն» մեկի ընտրանքը։ Սակայն սույն հանգամանքը կարող է շփոթի մեջ դնել ընդդիմությանը, եթե որպես մեկընդմիշտ ապացուցված ճշմարտություն համարվի, թե թեկնածուն, որ կհռչակվի միասնական, կհաղթի Քոչարյանին։ Կարիք չկա հերքելու կամ հաստատելու «ընդդեմ Տեր-Պետրոսյանի» դրույթի իրավացիությունը, վիճարկելի է «հանուն ում-ը»։ Կհաղթե՞ր միասնական թեկնածուն, եթե նա լիներ ոչ թե Մանուկյանը, ընդդիմության մյուս կարկառուն ներկայացուցիչ Պարույր Հայրիկյանը կամ ՍԻՄ-ի Հրանտ Խաչատրյանը, կամ ՀՅԴ-ի թեկնածուն։ Պատասխանը աներկբա է՝ ոչ։ Որովհետեւ, որքան էլ 20-ամյա ազատախոհի ստաժով խարիզմատիկ Հայրիկյանը Շարժման ծնունդ չէր, որքան էլ Շարժման ծնունդ՝ Հրանտ Խաչատրյանը խարիզմատիկ չէր, իսկ դաշնակցությունը ոչ խարիզմատիկ առաջնորդ ուներ, ոչ էլ որեւէ բանով կապված էր Շարժմանը։ Երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանը 98-ին եկավ խարխլելու իրենից դուրս ոչ մի երրորդ ուժ չհանդուրժող իշխանություն- ընդդիմություն միաբեւեռ հասարակական գիտակցությունը, որ ձեւավորվել էր 10-ամյա հեղափոխության իներցիայով, եւ այսուհետեւ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այլեւս չառաջադիմող Շարժման ու նոր գաղափարներ առաջադրող երրորդ ուժի միջեւ։ Իսկ թե ովքեր կամ ով կլինի «երրորդ գաղափարախոսության» առաջամարտիկները, կխոսենք հաջորդ հոդվածում, միայն նշեմ, որ կամա թե ակամա արդեն ասպարեզում է այն երկրորդ սերունդը, որ անկախություն ձեռք բերելուց հետո պատրաստվում է նաեւ երկիր կառուցել։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ