Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնակելիները ներդրողին պետք կգան

Հունվար 11,2003 00:00

Բնակելիները ներդրողին պետք կգան Իսկ բնակիչնե՞րը Լոռու մարզի Ձորագէս ավանը մինչեւ երկրաշարժը հայտնի է եղել ոչ միայն որպես հիդրոէլեկտրակայան, այլեւ՝ տուրիստական հանգրվան։ Այստեղ ժամանում էին հովեկներ ոչ միայն Հայաստանի բնակավայրերից, այլեւ ԽՍՀՄ երկրներից, որոնք հանգրվանում էին մոտակա Թումանյան կայարանում գտնվող տուրիստական բազայում։ Այդ ամենը, սակայն, այժմ անցյալ է, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տուրբազան վերացավ։ Դրա փոխարեն այժմ Ձորագէս ավանում հյուրանոցային շենք է կառուցվում Թուֆենկյան հիմնադրամի կողմից։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այդ առնչությամբ այդտեղ էր այցելել նաեւ ՀՀ նախագահը։ Ինչպես պարզեցինք քաջատեղյակ աղբյուրներից, ավանը շրջապատող մոտակա քարաժայռերի մեջ գտնվող նախկին ռմբապաստարանը (1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմից մնացած) նախատեսվում է վերափոխել ռեստորանի։ Կարծում ենք, հիմնադրամը հետագայում ձեռնամուխ կլինի նաեւ ավանի ճանապարհների նորոգմանը, որոնք անհիշելի ժամանակներից (բնակիչների հավաստմամբ՝ 20-30 տարուց ի վեր) չեն նորոգվել, իսկ ավան մտնող կամուրջը վտանգավոր վիճակում է (բազրիքները մի կողմից ամբողջությամբ թափվել են, ինչը ռեալ վտանգ է թե անցորդների, թե մեքենաների համար)։ Ավանի բնակիչները մտահոգ են, թե Թուֆենկյան ընկերության կողմից պահանջ կներկայացվի ազատել բնակելի շենքերը (ըստ որոշ տեղեկությունների, հյուրանոցի սեփականատերը մտադիր է գնել այդ շենքերը, որոնք նախկինում գերատեսչական ենթակայություն են ունեցել՝ պատկանել են «Հայէներգոյին»)։ Իսկ մինչ այդ ավանն ապրում է իր առօրյա խնդիրներով եւ, չնայած բնակչության թվաքանակի նվազմանը, կյանքն այդտեղ շարունակվում է։ 2 տարի առաջ «Փրկեցեք երեխաներին» կազմակերպությունն այդտեղ վերակառուցեց նախկին մանկապարտեզի շենքը, որն այժմ ծառայում է որպես 8-ամյա դպրոց։ Այստեղ ներկայումս սովորում է շուրջ 30 աշակերտ։ Ի դեպ, տուրիզմի, եւ դրա հետ կապված՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող պայմաններից են հանգստավետ բնությունը, կանաչ անտառները, լողափի առկայությունը, Դսեղ-Հաղպատ պատմամշակութային վայրերի «խաչմերուկում» գտնվելը եւ ավանով անցնող երկաթուղին։ Միջանկյալ նշենք, որ վերջին 10 տարիների գործազրկության հետեւանքով (որն առաջացավ ՀԷԿ-ում աշխատանքների անվտոմատացման եւ աշխատանքային կրճատումներից, կապի բաժանմունքի վերացումից եւ կարի ֆաբրիկայի լուծարումից հետո) բնակչության մի մասը ստիպված էր զբաղվել սննդի մանր օբյեկտներ ստեղծելով եւ մանր գործարարությամբ։ Այժմ ավանի բնակիչներն առանձնապես ակնկալիքներ չունեն հյուրանոցի ստեղծման կապակցությամբ, քանի որ հակված են կարծելու, թե նորաստեղծ աշխատատեղերում կներգրավվեն «դրսից» բերված մասնագետներ՝ անգլերենի եւ համակարգչի իմացությամբ։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել