Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնգամյակը չորս տարում – 2

Հունվար 11,2003 00:00

Հնգամյակը չորս տարում – 2 ՀՀ պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանի երեկ հրավիրած հերթապահ ասուլիսը ֆինանսների նախարարի՝ նախորդ օրվա՝ պետբյուջեի կատարման հայտարարության անմիջական արձագանքն էր։ Այսպիսով, հարկային պետական ծառայությունն, ի դեմս նախարարի, բյուջեի կատարումը հիմնավորող իր նշումը համապատասխան սյունակում երեկ բարեհաջող կատարեց։ Ըստ այդմ, հարկային մուտքերը պլանավորված 104,6 մլրդ դրամի փոխարեն կազմել են 105,81 մլրդ դրամ՝ 21 մլրդ 8 մլն-ով գերազանցելով նախորդ տարվա բյուջեի մուտքերը։ Ըստ հարկատեսակների՝ հիմնավորումը հետեւյալն է. ավելացված արժեքի հարկի գծով կատարվել է 98,6%-ով (38,63 մլրդ՝ պլանավորված 39,17 մլրդ-ի փոխարեն), շահութահարկի՝ 78%-ով (17,43 մլրդ՝ 22,34-ի փոխարեն)։ Շահութահարկի թերակատարումը նախարարն արդարացնում է թե «օբյեկտիվ» եւ թե «սուբյեկտիվ» պատճառներով։ Առաջիններն են՝ «որոշ հարկատուներ շարունակում են վնասով հաշվետվություններ ներկայացնել»։ Ապա՝ «փոխանցվող վնասները թույլ չեն տալիս, որպեսզի տվյալ հարկատուները հաջորդ տարիներին շահույթով աշխատեն»։ Բանն այն է, որ վնասների մասով օրենքը նախատեսում է հինգ տարի դրանք անընդհատ տեղափոխել։ «Այնուամենայնիվ, շահութահարկի մասով լուրջ անելիքներ ունենք դեռ,- անկեղծացավ նախարարը,- 2003-ին թերացումը վերացնելու համար ավելի հետեւողական պետք է աշխատենք»։ Եկամտահարկի մուտքերից նախարարը եւս դժգոհ է՝ 13,28 մլրդ-ի փոխարեն հավաքագրվել է 12,48 մլրդ (93,9%)։ Իբրեւ ամենաշատ ստվերայնություն պարունակող հարկատեսակ, հավելյալ բարդություններ է ստեղծում նախարարության աշխատանքի համար, բայց վերջինս՝ ի դեմս Երվանդ Զախարյանի, 2003-ին ստվերայնությունը կարճելու համար գրեթե ջանք չի խնայելու։ Ըստ նախարարի, 2002-ին արդեն ստվերային տնտեսությունը «կրճատվել է 2-4%-ով (8 մլրդ դրամ)»։ Այժմ այն իբրեւ 35-40% է եւ եթե «3-4 տարում 20-25%-ի հասցնենք՝ գերազանց արդյունք կլինի»,- կարծում է Ե. Զախարյանը։ Ակցիզային հարկի, պետական տուրքի, հաստատագրված վճարների, բնական պաշարների օգտագործման վճարների, պարզեցված հարկի գերակատարումները նախարարին գոհացնում են։ Դրանց համապատասխան թվային արտահայտությունը հետեւյալն է՝ 133,3% (10,90 մլրդ), 119,8% (13,18 մլրդ), 112,8% (6,37 մլրդ), 117,6% (1,67 մլրդ), 118,5% (3,65 մլրդ)։ Ընդհանրապես, ընդհանուր հարկերի մեջ գերակշռողը ավելացված արժեքի հարկն է՝ 34%, շահութահարկը կազմում է 16,4%, եկամտահարկը՝ 11,7%, պետական տուրքը՝ 12,4%, հաստատագրված վճարները՝ մոտ 12,7%, ակցիզային հարկը՝ 3,71%։ Ընդհանուր հարկերի 60%-ը՝ մոտ 59,455 մլրդ դրամը հավաքագրվել է խոշոր հարկատուներից։ 21 մլրդ 800 մլն լրացուցիչ մուտքեր են ապահովվել եւ նախարարը նաեւ դրանք հիմնավորեց։ Նախեւառաջ դա, իհարկե, բացատրելով «հանրապետությունում ընդհանուր տնտեսության աճով», ապա հարկային «խիստ եւ հստակ» վարչարարությամբ եւ ստվերային դաշտի կրճատմամբ։ Տարվա կտրվածքով համեմատելով, Ե. Զախարյանը այսպիսի թվեր հրապարակեց. 2001-ի համեմատ շահութահարկը ավելացել է 1 մլրդ 700 մլն դրամով, եկամտահարկը՝ 2001-ի 11 մլրդ 700 մլն-ի դիմաց 2002-ին կազմել է 12 մլրդ 570 մլն (1 մլրդ 200 մլն-ով ավելի), պարզեցված հարկը, համապատասխանաբար, 2 մլրդ 26 մլն-ի դիմաց՝ 3 մլրդ 652 մլն։ Դինամիկան այլ հարկատեսակների գծով եւս արձանագրված է։ 2002-ին գրանցված է եղել 118 հազար 194 հարկատու՝ 2001-ի 107,484-ի դիմաց, աշխատողների թիվը՝ 61 հազար 100 մարդ, 2001-ի 50 հազարի դիմաց։ Բարով-խերով-գերակատարումներով ամփոփելով՝ նախարարը 2003-ի ծրագրերից էլ խոսեց։ Բնականաբար պարտավորվել է հասնել եւ անցնել 2002-ի գերակատարումները։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել