Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՀԵԱ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԱ ԶԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ

Հունվար 11,2003 00:00

ՊԱՀԵԱ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԱ ԶԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հավաստիացմամբ, ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել հունվարի 23-ից՝ «պլյուս-մինուս 2 օր»։ Նախարարի խոսքերով, «բանակցություններն ավարտված են, միջուկային վառելիք խնդիրը լուծված է», սակայն ատոմակայանն առայժմ կաշխատի պահեստային վառելիքի հաշվին։ Այս որոշումն «ընդունվել է զուտ տնտեսական առումով, որպեսզի վերալիցքավորման եւ ստուգման հաջորդ աշխատանքները չընկնեն ձմեռնամուտ»։ «Ձեռք բերված վառելիքի համար վճարելու ենք մի մասը էլեկտրաէներգիայով, մի մասը՝ փողով»։ Շատ երկար տեւեց վառելիքի ձեռքբերման գործընթացը, ուստի լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք արդեն պայմանագիր կա՞ կնքված։ Նախարարի դրական պատասխանից հետո հետեւեց հաջորդ հարցը. «Ե՞րբ է կնքվել»։ «Քո ի՞նչ գործն է՝ երբ է կնքվել»,- պատասխանեց նախարարը։ Եզրակացնե՞նք այս պատասխանից, որ ոչ մի համաձայնագիր էլ կնքված չէ եւ որ վառելիքի մատակարարման վերաբերյալ լավագույն դեպքում բանավոր խոստում կա ընդամենը, որը հայկական կողմը հույս ունի համաձայնագրի վերածել ապրիլին, հաջորդ անգամ վերանորոգման կանգնեցնելիս։ Միջուկային վառելիքի ուշացման վերաբերյալ արդյոք ապրիլի՞ն էլ չենք լսի նույն պատճառաբանությունները, թե «էներգետիկ հզորության դեֆիցիտ չենք ունեցել երբեք։ Ընդհակառակը, ամենածանր պահերին, ամենացուրտ ժամանակ, երբ հանրապետությունում էլեկտրաէներգիայի ծախսը հասնում էր 25 մլն կվտ/ժամ, էլեկտրաէներգիա էինք (ենք) արտահանում Վրաստան»։ Ինչքան ավելի հպարտանալու տեղ կունենայինք, եթե մեր վաճառած ու ծախած էլեկտրաէներգիան մի քիչ էլ էժան նստեր երկրի վրա։ Էլեկտրամատակարարման վերջին շրջանում հաճախակիացած խափանումների փաստն «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով, նախարարն ասաց. «Հայաստանում բաշխիչ ցանցերը կառուցվել են ԽՍՀՄ-ի օրոք, երբ բոլոր բնակարաններում, շենքերում կենտրոնացված ջեռուցում եւ գազամատակարարում կար։ Կաբելային էլեկտրամատակարարումը նախատեսված չէր ջեռուցման եւ գազի փոխարեն օգտագործելու, եփել-թափելու համար։ Բնականաբար, այդ ցրտի պայմաններում, նոր տարվա շրջանում ամեն ինչ ծանրացավ կաբելային ցանցի վրա, որը եւ ֆիզիկական մաշվածության, գերլարվածության պատճառով վթարների ենթարկվեց»։ Նկատենք, սակայն, որ վթարները շարունակվում են մինչ օրս, երբ էլեկտրաէներգիայի օգտագործման պիկը մնացել է ետեւում։ Էներգետիկ համակարգի պարտքերը բավականին մեծ են՝ 40 մլն դոլար միջուկային վառելիքի դիմաց, 30 մլն դոլարի վարկային եւ 12 մլն դոլարի՝ այլ պարտավորություններ, սակայն անցած տարի էապես (4 անգամ) կրճատվել է ֆինանսական ճեղքվածքը՝ կազմելով 8 մլրդ դրամ։ Էներգետիկայի նախարարն այս տեղեկությունները հայտնեց երեկ՝ «Քանաքեռ» ՀԷԿ-ի հինգերորդ եւ վեցերորդ էներգաբլոկների վերագործարկումից հետո։ Այս անգամ ոչ թե ժապավենը կտրելու, այլ ժապավենով զարդարված վերագործարկումն սկսող կոճակը սեղմելու պատիվը հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանինն էր։ Կոճակի սեղմումից էներգաբլոկն անխափան սկսեց աշխատել, բայց շուտով շենքը ծխով լցվեց, որը նախարարը եւ մասնագետները բացատրեցին տեխնիկայի նոր լինելով. «Վտանգավոր բան չկա»։ Մինչ այդ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը օրհնել էր «զկառույցս եւ զներդրողս»։ Աշխատակիցների համեմատությամբ, այժմ «Քանաքեռ» ՀԷԿ-ի վերանորոգումից հետո, «Գյումուշ» ՀԷԿ-ից հետո այն երկրորդն է՝ իր բարեկարգ տեսքով։ ՀԷԿ-ը վերանորոգվել է Գերմանիայի կառավարության տրամադրած 35 մլն մարկի միջոցներով։ «Սեւան-Հրազդանյան կասկադի» գլխավոր տնօրեն Մելս Հակոբյանի ներկայացմամբ, վերագործարկումից հետո կստանանք 60-70 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ արտադրված ջրով։ Այսպիսի էլեկտրաէներգիայի ինքնարժեքն, ըստ նրա, շատ ավելի ցածր է, քան ջերմային էլեկտրակայաններում արտադրվածինը՝ 3 դրամ։ «Քանաքեռ» ՀԷԿ-ը Հայաստանի էներգահամակարգի համար կարեւոր նշանակություն ունի. «ապահովում է մեր երկրի էներգահամակարգի ռազմավարական պահուստային հզորությունը, ապահովում է Ատոմակայանի հուսալի աշխատանքը»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել