Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱԴԱԽԼՈՅԻ ԼՈՒՍԱԲԱՑՆ ՈՒ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ

Հունվար 11,2003 00:00

ՍԱԴԱԽԼՈՅԻ ԼՈՒՍԱԲԱՑՆ ՈՒ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ Արդեն տասը տարուց ավելի Սադախլոն դարձել է մի ուրույն աշխատատեղի, որով ապրում են տասնյակ հազարավոր հայ, վրացի եւ ադրբեջանցի ընտանիքներ`շաբաթը մի քանի անգամ հարյուրավոր կիլոմետրեր կտրել-անցնելով: Շուկայի ամենաթեժ օրը երեքշաբթին է: Երկուշաբթի երեկոյան, Ամանորի վերջին շաբաթը, ճանապարհվեցինք Սադախլո: 440կմ-ը՝ երազներում Երեւանից Բագրատաշեն ճանապարհը գիշեր-ցերեկ լի է մեծ բեռնատարներով /նաեւ Պարսկաստանից եկող-գնացող/, ավտոբուսներով, գազելներով, մարդատար փոքրումեծ ավտոմեքենաներով: Բագրատաշենի ճանապարհին գնալով ավելի են շատանում փոքրիկ անշուք տնակներում կամ քարե կառույցներում տեղակայված խորովածանոցները, որոնք ունեն նաեւ մոտ տասը հոգու համար նախատեսված քնատեղիներ, որ աշխատում են 24-ժամյա ռեժիմով. ճամփորդը գիտի, որ միշտ կարող է տիրոջը արթնացնել: Նման մի օբյեկտի տեր Արտուշի խոսքերով, ինքն ունի իր մշտական կլիենտները, որ շուկա գնալիս անպայման իր մոտ ճաշում են, նաեւ նախապես ճաշատեսակի պատվերներ տալիս: Շուկա գնացող կլիենտներից մի քանիսը գիշերը ժամը 01.30-ի կողմը գազելով եկան: Մինչ վարորդները զրուցում էին, նկատեցինք գազելի մեջ քնած մոտ տասը կին ուղեւորների՝ տաք շորերով փաթաթված, որոնք առեւտրի էին գալիս Արարատի մարզից: Ավտոբուսներով շուկա եկող ուղեւորը 350-400կգ ապրանք տեղափոխելու համար վճարում է 3000 դրամ, մաքսատան աշխատակիցներին տրվող գումարները առանձին է հավաքվում, մեկ գազելի ուղեւորներից՝ մոտ 4000-5000դրամի չափով: Սադախլոյի շուկա գալիս են Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, անգամ Ղարաբաղից: Ցիվիլիզացիա, անցիր կողքովս8230 Բագրատաշեն, կեսգիշեր: Գյուղը սկսվեց տեղ-տեղ թույլ վառվող լապտերներով, մարդկային հեռավոր ու մոտիկ ձայնամբոխով, ավտոբուսների, ու այլ ավտոմեքենաների ազդանշանների կիսաձայներով, մի քանի տակ տաք հագուստներով փաթաթված, երկարաճիտ կոշիկներին կտորներ կապած մարդկային հոսքով, խարույկների շուրջ տեղ-տեղ խմբվածներով, որ ինչ պատահի վառում են` ցրտին մինչեւ լուսաբաց դիմանալու համար…8230Նախապատրաստվում են առավոտյան ժամը 8-ից սկսվող հերթական երեքշաբթիի շուկային: Մինչեւ ծնկներ հասնող առաջին իսկ ցեխից մի այլ աշխարհ է բացվում, ուր բոլորովին այլ կանոններ են գործում, ուր անմիջապես մոռանում ես, որ 220կմ այն կողմ Երեւանն է, որտեղից քիչ առաջ եկար… Պիտի հասցնես ոտքի, ավտոմեքենայի, առեւտրի համար կանգնելու կամ գիշերելու ու ճաշելու տեղերը արագ հայթայթել: Մոտակա ավտոկանգառի /կանգառը 500-1000 դրամ/ արդեն հարբած աշխատակցի` ընկեր Ասատրյանի հետ, որը Սովետմիության տարիներին Բագրատաշենի գյուղխորհրդի նախագահն է եղել, երկար բանակցելուց հետո մի կերպ տեղավորվեցինք: Մի երկաթե տնակում, որը ոչ այն է ճաշարան էր, թե սրճարան, սրճեցինք: Մի մասը վառարանի շուրջն էին հերթով տաքանում, մի մասը` թեյով, մեծ մասը`օղու շշերով…8230Մեկը խաշ է ուտում, մյուսը` քաղցրավենիք, ծանոթանում, իրար դարդեր պատմում կամ հիշում, թե առաջ ինչ բարձր գործերի են եղել եւ այդ հիմա է, որ էս օրն են ընկել: 8230Մի կին պատմեց, թե ինչու է երեքշաբթին դարձել Սադախլոյի շուկայի ամենաթեժ օրը. «Սահմանի էն կողմից մարդիկ կիրակի օրը ապրանքի են գնում Թիֆլիսի շուկա` Լիլո, երկուշաբթի իրենց տներում հանգստանում են, երեքշաբթի թազա ապրանքը հանում շուկա»: Վա՜յ մեռնեմ ես քու քաչալ գլխին Ասում ենք խաշ, որովհետեւ կովի վերջույթներից պատրաստվող ճաշատեսակն առհասարակ այդպես է կոչվում, եւ որի հետ անպայման այստեղ պետք է օղի խմել՝ ոչ թե դրսի ցրտին դիմակայելու, այլ դիզինֆեկցիայի համար: Բայց շուկայի մշտական այցելուները սա այլեւս չեն նկատում, խամ աչքի համար է: Մոտ 10քմ գաջապատ սենյակում երկուսուկես սեղանների ու վառարանի շուրջ սպասում են խաշին. Մարգոն տանտիրուհին է, որի տարիքը դժվար է անգամ որոշել` 30-60, որն իր տան սենյակներից մեկը ճաշարան է դարձրել, մյուսը` «հյուրանոց», գիշերը` 200-500 դրամ: Շատերը սիրով այցելում են հենց Մարգոյի մոտ, որովհետեւ նա սիրալիր է, կարմրացնող անեկդոտներով լի, բագրատաշենցիների միջից ավելի աշխարհ տեսածը` Մոսկվայում է եղել, ավելին՝ օպերա է գնացել` հատուկ հեռադիտակով, հետո ինչ, թե ներկայացման ողջ ընթացքում քնած է եղել… Խաշի թեման զարգացավ մինչեւ բախտագուշակների. Մարգոն տարբեր մարզերից Սադախլո հասած առեւտրականներին իր գտած «ճիշտը» մեկնեց հավատքի ուժի ու բախտ նայողների մասին. «Էն տարի, որ ձեռս շատ նեղն էր, քիթս բռնեիր` շունչս կտայի, բայց «դուխըմ նի պադալ»…8230Մի օր մի թուրք կնիկ տեսա, տխուր նստած, ասավ` «տղաս մի կնկա ա ռաստ էկել ու էդ էլ մեզ ուտում ա, մի բախտ նայող լիներ, բաժաներ8230»: Ինձ չկորցրի, ասի՝ ես կբաժանեմ: Մի թաս բերեցի, ձեռը դրեց ու մի քիչ առաջ իրանից լսածը իրան պատմեցի: Հավատաց: Ասացի, կգնաս Թիֆլիս, Հավլաբար, դալալներից որձ գայլի անդերի յուղ կբերես: Դե բա նենց բան պտի ասես, որ չկարողանան ճարեն, բա գիտես բախտագուշակները ո՞նց են անում8230: Խնդրեց, աղաչեց, որ ես ճարեմ: Ասի, խալա, էդ յուղը 50 դոլարա, գնալ-գալս էլ` 20, ասավ` «խարիր կտամ»: Տանը խոզի փորի յուղ ունեի, ֆոլգայի մեջ լցրեցի, ասի կտանես էդ աղջկա կոշիկի մեջ կլցնես, քո տղին գայլ, օձ կտենա: Մի հատ էլ էշ, օձ ու աղունակ նկարեցի, ասի` էդ էշը տղեդ ա, օձը` էդ կնիկը, աղունակը`դու` տղիդ գլխավերեւը: Տակն էլ հայերեն գրեցի. «Ով չհավատա, դրա…»: Անցավ որոշ ժամանակ, մեկ էլ էկավ էդ կնիկը, բերել էր էլ բանբաներկա, էլ շաքար, էլ չայ, ինձ մի բլուզկա…8230Ուզում եմ ասել, որ հավատքն ա ամեն ինչ անում, փրկում…»: Անցավ գեղեցիկ «պասաժիրկաների» թեմային: «Մեկը կա, անա կրասավիցա, էկզեմպլյար: Մի օր ասի, Գայան ջան, եթե տղամարդ լինեի, 100 հազար էլ տուժեի՝ բալշիմ ուդավոլստվիեմ քեզ տռախնուտ կանեի8230»: Խաշը շարունակվում է, լուսաբացը մոտենում, տղամարդիկ առեւտրից, մաքսազերծման ընթացքից խոսում, Մարգոն ադրբեջանցի իր վաղեմի ընկերուհիներից մեկի հետ լուսանկարվում է՝ ձեռքի հետ հիշելով, թե ինչպես մի հայացքից ճանաչեց առեւտրական մի տղամարդու սեռական կողմնորոշումը. «Ասի, ախպեր ջան, ինչքան էլ դու կրասկվես, մեկ ա՝ տարիքն իրանն ասում ա: Ասի, հո դու գալուբոյ չե՞ս: Ասավ՝ վայ քու ցավը տանեմ, ո՞նց իմացար8230»: Աչքաչափով սահման Երեւանից 220կմ հեռավորության վրա է գտնվում Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղը, որից Հայաստան-Վրաստան սահմանն է սկիզբ առնում: Վրացական կողմից Սադախլո գյուղն է սահմանասկիզբը: Երկուստեք մաքսային, սահմանամերձ առեւտրի գոտի են համարվում, ուր կա սահմանապահ ծառայություն: Հայ սահմանապահների եւ մաքսային ծառայողների խոսքերով, ֆիզիկապես անհնար է հաշվառել, թե օրական որքան մարդ է այդ շուկա մուտք գործում, բայց 1000-ից ավելի է: Սահման խոսքը կարծես տարածվում է միայն Դեբեդ գետով անցնող մի քանի մետր կամրջի վրա. նույն սահմանապահների խոսքերով՝ սահմանագծերը հստակ նշված չեն՝ դեմարկացիայի ենթարկված չեն: Սադախլոյի շուկան սկիզբ է առել Սովետմիության փլուզման եւ Ղարաբաղյան շարժման տարիներին, երբ սահմանները փակվեցին, մարդիկ իրենց համար սոցիալական գոյատեւման նոր ճանապարհ գտան: 1992թ. վերջին Դեբեդի վրայի կամուրջը վրացական հատվածից պայթեցվեց, մարդիկ այդ օրվա անհրաժեշտ սննդամթերքը եւ այլ ապրանքներն անցկացնում էին Դեբեդի միջով` պարանների օգնությամբ: Առեւտուրը բլոկադայից դուրս գալու ձեւերից մեկն էր: Բագրատաշենցիք մինչ այժմ հիշում են, թե պայթեցրած կամրջի տարիներին ինչպես էին գետի երկու ափով, հաստ պարաններով առեւտուր անում ադրբեջանցիների եւ վրացիների հետ` անասուններ, բենզին, կարտոֆիլ եւ այլ ապրանքներ անցկացնում: Առեւտուրը շփման, փոխհարաբերման այն տեսակն է, որը ազգությունների միջեւ տարբերություն չի տեսնում: Այստեղ, նույնիսկ Ղարաբաղյան շարժման ամենաթեժ ընթացքում, միասին համերաշխ աշխատում եւ հարաբերվում էին վրացին, ադրբեջանցին եւ հայը: Լեզուն եւ դրամի տեսակը խառն է. շփվում են եւ ռուսերենով, եւ հայերենով, եւ ադրբեջաներենով ու վրացերենով, առեւտուր անում լարիով, դրամով, մանաթով ու ռուբլիով: Ալավերդու Աքոր գյուղից 21 ամյա Գեւորգը Բագրատաշենում օրը 200 դրամով տուն է վարձում. «21 տարեկան տղա եմ, ստեղ տանջվում եմ, էս աշխարհը քանդողի…8230Ուտեմ, թե տուն ղրկեմ, թե հորս Սեւանի բանտ պերեդաչի տանեմ:8230Կաշկեն 1500-2000 դրամով մի քանի ժամով վարձում եմ-աշխատացնում, օրը հազիվ մի 2000 մանեթ /դրամ/ առնեմ»: Սադախլոյից ադրբեջանցի Կունգլի մականունով իր ընկերոջ՝ Աֆիգ Իսիբովի հետ բեռնասայլ են քաշում, մեկ-մեկ իրիկունները աշխատելուց հետո աղջիկների հետ ճաշարանում խմում, օրը մթնացնում… Վրացի մաքսավորների հետ էլ մի կերպ լեզու են գտնում: Գորկին կրկին կգրեր «Հատակումը» Հայ սահմանապահները մարդկային այդ հոծ ու կոշտ, հայհոյախառը գրոհի առջեւ մի կիսակառույցի մոտ ստուգում են փաստաթղթերը: Սահմանը, այսինքն` կամուրջը բաց է, բոլորը շտապում են, որը` հագուստեղենի, որը սննդամթերքի: Դատարկ բեռնասայլակներ են վազվզում, բանվորներն առաջարկում են իրենց աշխատանքը: Ընկույզի մի ոչ մեծ արկղի սայլակով տեղափոխելու գինը`100-300դրամ, մեծ սայլակի վարձավճարը`1500-2000 դրամ: Գետնին փռած արկղերի վրա, կողք կողքի վաճառվում են ապխտած սիգը, ընկույզը, չիրն ու միսը, կենդանի հավն ու բադը, հագուստն ու ծխախոտը, խոզի գոճին ու իր միսը, մրգերի տեսականին, ավելը…8230Առեւտուրը եռում է, մեծածախ ու մանրածախ, սառույցի վրա զրխկոցներով ու աղաղակներով՝ ում մարմնի որ մասը ցավեց, ինչը թափվեց…8230Հայերը ձուկ ու մսամթերք են վաճառում Սադախլոյում, ադրբեջանցիները՝ Բաքվից բերած ասետրինա, ընկույզ, նուռ, սերկեւիլ, վրացիք՝ Թուրքիայի հագուստ, ավտոդողեր, Բաթումից հասցրած նարինջ ու մանդարին, արքայախնձոր… Ապրանքը գնելուց հետո կարծես մի նոր դժոխք է բացվում. կին ու տղամարդ իրենցից տասը անգամ մեծ պարկերը մեջքներին, թեւերին ավտոդողեր կապած, 15-25 տարեկան երիտասարդները հսկա բեռնասայլակները քարշ տալով սառցաբեկորների ու ցեխի միջով՝ հատում են կամուրջը: Կամուրջն անցնող մարդկանց ու բեռնասայլերի խցանումն աննկարագրելի է. հանկարծ կարող է ինչ-որ մեկի հսկա բեռը իջնել գլխիդ կամ ուսիդ եւ ստիպված լինես պահել, քանզի շարժվելն անհնար է: Եղել են դեպքեր, որ այդ խճողմանը մարդկանց սիրտը չի դիմացել, հենց տեղում մահացել են: Սրան զուգահեռ, լսվում են մաքսային աշխատակիցների ու ոստիկանների հետ վեճերը: Գաղտնիք չէ, որ այստեղ ակնհայտ գործում է կաշառքների մեխանիզմը, ըստ առեւտուր անողների՝«նայած վեշ, յաշիկը 500-2000դրամ՝ ամեն դռան, խամ մարդ ըլնես՝ ավելի շատ»: Իշխանությունը, իհարկե, մաքսային աշխատողների ձեռքին է շուկայում: «Ասում են մարմնին կպնող ապրանք էրկուսից ավել չի կարելի տանել, էդ ո՞նց… Ապրանքի սերտիֆիկատը 120 դոլար, վրեն էլ մաքսազերծումը»: Հեռու բնակվող քաղաքացին, ասում են, կարող է ամիսը մեկ անգամ գնել 50կգ-ից ոչ ավելի ապրանք եւ 500 դոլարին համարժեք գնումներ անել՝ առանց մաքսազերծման: Ընդ որում, ոչ մի առեւտրական հստակ չգիտի եւ ոչ մի տեղ փակցված էլ չէ, թե ինչ եւ որքան տեղափոխելու իրավունք ունի: Ապրանքի գները Երեւանի գներից տարբերվում են 100-300 դրամ էժանությամբ: Ընդ որում, պետք է շատ ուշադիր լինել, քանզի հիմնականում վաճառողը քաշի մեջ խաբում է գնորդին: Հաճախ վաճառողը եւ մեծածախ գնորդը շուկա գնալուց առաջ կոնկրետ ապրանքի գործարքի պայմանավորվածություններ են ունենում: Այս շուկայի օգուտը եւ իմաստը՝ գնված ապրանքը մասնակիորեն մաքսազերծումից շրջանցելու մեջ է: Քաշքշված օրը դանդաղ վերջանում է ավտոմեքենաների, ավտոբուսների մեջ-վրա բեռների բարձումով, խզված ձայներով, ցեխակոլոլ մարդկանցով…8230Ու, չնայած այս շուրջօրյա մղձավանջին, այդ մարդիկ կրկին կբռնեն Բագրատաշենի ճամփան, քանզի Սադախլո կոչվածն իրենց համար այլեւս բացի «շան տանջանքից» ու ապրուստի միջոցից, նաեւ զբաղմունք է, որ պարապությունը խեղդում է, օրերը գլորում: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԻPATKERPHOTO

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել