Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՍ ԷԼ ՍԽԱԼՆԵՐ ԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ

Հունվար 11,2003 00:00

ԲՈԼՈՐՍ ԷԼ ՍԽԱԼՆԵՐ ԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ «Բարեւ Ձեզ, անունդ ի՞նչ է, սիրուն ջան, կարո՞ղ ենք միասին թեյել, խոսո՞ւմ եք անգլերեն: Օ, ուրեմն ես պետք է մի շաբաթում նորմալ սովորեմ հայերեն, որ կարողանամ այսպիսի գեղեցկուհու հետ առանձին զրուցել»,- հայերեն հնչեցրած այսպիսի հարցերի շարանով ինձ դիմավորեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիպակ Վոհրան: Կարծում եմ, կհամաձայնեք, որ Հնդկաստանի նորանշանակ դեսպանը հայերեն սովորելու ամենակարեւոր քայլն արդեն արել է՝ նա հայերենով կարողանում է հաճոյախոսել կնոջը: Տարբեր երկրների դեսպանների հետ իմ շփումները թույլ են տալիս ինձ նկատել, որ բոլորովին էլ պատահական չէ, որ արեւելյան երկրի դեսպանը լեզվի ուսուցումը սկսել է հենց հաճոյախոսություններից: Քանի որ իմ դիտարկմամբ կնամեծարությունը, այնուամենայնիվ, ավելի հատուկ է արեւելքի, ոչ թե արեւմուտքի տղամարդկանց: Սակայն, ինչպես հայտնի երգում է ասվում՝ իմ երգն այդ մասին չէ: Դիվանագետների կանայք կարեւոր տեղ են գրավում Հնդկաստանի դեսպանի արմատները իր խոսքերով գալիս են առաջնակարգ ընտանիքից: Հայր Վոհրան եղել է ավագ ծառայող, մայրը՝ դպրոցի ուսուցչուհի: Դիպակի եղբայրը մանկաբույժ է, իսկ քույրը՝ բիզնեսմեն. երկուսն էլ ներկայումս ապրում են Միացյալ Նահանգներում: Ի դեպ, պարոն Վոհրայի որդիները եւս ԱՄՆ-ում են, որտեղ մասնագիտանում են ֆինանսական համակարգի բուհերում: «Հնդկաստանում մի ասացվածք կա`«Քսան սերունդ է պետք, որպեսզի կարողանանք զարգացնել դաստիարակության բավական բարձր մակարդակ»: Ես հավատում եմ, որ փող ունենալը բավարար չէ դաստիարակության համար: Ես կարծում եմ, որ թե՛ հայերը, թե՛ հնդիկները շատ կարեւորում են մշակույթը: Ես պետք է ասեմ, որ փողից շատ ավելի կարեւոր է անհատի, ինչպես նաեւ ընտանիքի վերաբերմունքը մարդկային արժեքներին»: Տիկին Վոհրան դիվանագիտական առաքելությունների ժամանակ սովորաբար ուղեկցում է ամուսնուն: Մինչեւ տասներկու-տասներեք տարեկան դառնալը երեխաները եւս շրջագայել են ծնողների հետ, սակայն այդ տարիքից սկսած՝ զավակները մնացել են Հնդկաստանում` ուսուցումը ավարտելու համար: «Քանի որ մենք երկու-երեք տարին մեկ այլ երկիր էինք տեղափոխվում, իսկ յուրաքանչյուր երկրում տարբեր կրթական համակարգեր են գործում, հետեւաբար չէինք կարող մեզ հետ վերցնել մեր երեխաներին, որպեսզի այդ տարբերությունը չանդրադառնար նրանց վրա»: Տիկին Վոհրան սոցիալական համակարգի աշխատող է եւ տնային տնտեսուհի, միաժամանակ մեծ հետաքրքրություններ ունի յոգայի, փիլիսոփայության եւ ընդհանրապես հոգեւոր կյանքի նկատմամբ: «Ինձ թվում է, որ ընդհանրապես դիվանագետների կանայք շատ կարեւոր դեր ունեն նրանց կյանքում: Նրանք ոչ միայն ակտիվ մասնակցում են սոցիալական եւ բարեգործական կյանքին, այլ նաեւ ներկայացնում են իրենց երկրի մշակույթը եւ քաղաքակրթությունը»: Թող որդիս խաղաղություն հաստատի Մանկության հետ կապված հիշողությունները բազմաթիվ են, սակայն Դիպակ Վոհրան նախընտրեց պատմել հենց այն դրվագը, որը նաեւ ինչ172որ առումով կողմնորոշիչ է եղել մասնագիտության ընտրության գործում. «Իմ հոր ընկերներից մեկը մի անգամ ինձ հարցրեց, թե արդյոք ես էլ կգնա՞մ զինվորական ճանապարհով՝ շարունակելով մեր ընտանեկան ավանդույթները: Իմ հայրը ժպտաց ու պատասխանեց. «Մենք շատ ենք պատերազմել, թող իմ տղան էլ փորձի խաղաղություն հաստատել»: Ես հավատում եմ, որ այս պատմությունը հետք է թողել դիվանագետի մասնագիտություն ընտրելիս: Ի դեպ, մինչեւ դիվանագետի կարիերային հասնելը, պարոն Վոհրան ընթացել է մեկ այլ ուղիով, սակայն այդ մասին քիչ ավելի ուշ: Մինչ այդ ասեմ, որ Դիպակ Վոհրան դիվանագիտական առաքելությամբ եղել է 9 երկրում: Նրա կարծիքով՝ տարբեր մշակույթներ եւ քաղաքականություն ունեցող երկրներում գործելու համար անհրաժեշտ է պահպանել սեփական մշակութային արմատները, միաժամանակ բաց պահելով սեփական միտքը: «Հնդկաստանի մեծագույն ղեկավարներից մեկը՝ Մահաթմա Գանդին ասել է. «Ես կցանկանայի իմ պատուհանները բաց պահել, որպեսզի բոլոր ազգերի մշակույթները քամու նման ներս թափանցեն, սական ես թույլ չեմ տա, որ որեւէ մեկը ինձ քշի-տանի»: Ես էլ եմ այդ կարծիքին, այսինքն ինքնահաստատման համար պետք է հավատարիմ մնալ մեր իսկ մշակույթին»: Այդ առումով պարոն Վոհրան իրեն հաջողակ է համարում, քանի որ, իր իսկ խոստովանությամբ, բոլոր այն երկրներում, որտեղ աշխատել է, բարեկամական եւ ընկերական ջերմ փոխհարաբերություններ է հաստատել: «Հայաստանը այդ առումով եզակի չէ, երկու ամիս է, ինչ Հայաստանում ենք, բայց արդեն բարեկամական հիանալի կապեր ենք հաստատել»: Դեսպանի կարծիքով՝ անձնական փոխհարաբերությունները դիվանագետին ավելի շուտ օգնում են եւ երբեք չեն խանգարում: Առանց իմ կնոջ իմացության` հանդիպում եմ հայուհիների հետ «Ինչպես հայերը` հնդիկները նույնպես շատ ջերմ են եւ ոչ պաշտոնական: Երբ մենք հանդիպում ենք, մարդկանց հարցնում ենք իրենց ընտանիքի, առողջության, բարեկեցության մասին, ինչպես նաեւ, թե ինչով կարող ենք օգտակար լինել»: Հնդկաստանի դեսպանը չմոռացավ նաեւ հիշատակել, որ Հնդկաստանում կա ավելի քան երկու հազար տարվա հայ համայնք, իսկ Հայաստանում` հնդկական համայնք, որն ունի երկու հազար հինգ հարյուրամյա պատմություն: Չմանրամասնելով մեր երկու ազգերի ավանդույթների նմանությունները` դեսպանը նշեց միայն, որ հայերի նման հնդիկներն էլ կարեւորում են ընտանիքը, ազատամտությունը, մեծահոգությունը, հյուրընկալությունը, մեծերի նկատմամբ հարգանքը: Միաժամանակ կարեւորում են համամարդկային այնպիսի արժեքները, ինչպիսիք են բարությունն ու առաքինությունը: «Մենք Հնդկաստանում շատ տոներ ենք նշում եւ բոլոր կրոնների տոներին վերաբերվում ենք հավասար սիրով: Մենք երգում ենք եւ պարում մեր տներում ու փողոցներում, ու մեր հյուրերին վերաբերվում որպես շատ կարեւոր մարդկանց: Հնդկաստանում այսպիսի մի արտահայտություն ունենք`«Հյուրը աստծո ներկայացուցիչն է»: Նախքան իմ Հայաստան գալը ինձ ասել էին, թե հայերը բարեհամբույր եւ գեղեցիկ են, բայց ինձ խաբել են, ես պիտի ասեմ, որ հայերը շատ բարեհամբույր են եւ չափազանց գեղեցիկ: Ես շաբաթը երկու անգամ ուտում եմ հայկական ճաշատեսակներ, մասնակցում եմ այստեղի մշակութային միջոցառումներին եւ, իհարկե, առանց իմ կնոջ իմացության, հանդիպում եմ հայուհիների հետ»: Հայկական խոհանոցից Հնդկաստանի դեսպանը սիրում է դոլման: Ի դեպ, նա նաեւ սիրում է խոհարարությամբ զբաղվել՝ «սակայն այն միակ դեպքից հետո, երբ ես կերակուր պատրաստեցի՝ իմ բոլոր հյուրերը հիվանդացան ու այլեւս չվերադարձան իմ տուն։ Դրանից հետո ինձ կտրուկ արգելեցին մտնել խոհանոց»: Դիպակ Վոհրայի կարծիքով՝ հնդկական խոհանոցի գաղտնիքը համեմունքների օգտագործումն է։ Ընդ որում, համեմունքների օգտագործումը չի նշանակում պարզապես կծու, օրինակ՝ համեմի սերմը կամ շաֆրանը կծու չեն, բայց լավագույն համեմունքներից են: «Կեչակուչ պատրաստելը մեզ համար միայն ֆիզիկական վարժանք չէ: Դա ներառում է մեր զգացմունքայնությունը, ինչպես նաեւ մեր հոգեւոր փորձառությունը: Ուտելիքը պետք է արձագանքի մեր հինգ զգայարաններին, այսինքն այն պետք է շատ գեղեցիկ տեսք ունենա, լավ համուհոտ, երբ ուտում ենք՝ պետք է լսենք նրան, եւ քանի որ մենք ուտում ենք ձեռքերով՝ մենք պետք է մեզ լավ զգանք»: Հնդկաստանի դեսպանի հոբբին ընթերցանությունը, թենիսը եւ մարմնամարզությունն են։ Նա գտնում է, որ իր տարիքում պետք է ֆիզիկապես շատ ուժեղ լինել: «Իմ սիրած եղանակը՝ ձմեռն է, իմ թուլությունը՝ գեղեցիկ կանայք: Կանանց մեջ սիրում եմ անհատականությունը, ինտելեկտը եւ բնությունը։ Ի՞նչ գծեր եմ սիրում տղամարդկանց մեջ՝ հարցրեք նրանց, թե ի՞նչ են նրանք գնահատում իմ մեջ: Սիրում եմ ամեն տիպի երաժշտություն, իմ սիրած խմիչքը կաթն է: Երկիրը, ուր ես կուզենայի ապրել իմ այս եւ հաջորդ կյանքում՝ Հնդկաստանն է, սակայն եթե ընտրության հնարավորություն տրվեր՝ ես կուզենայի ապրել Հայաստանում: Իմ արձակուրդները ես կցանկանայի անցկացնել տարբեր երկրներում: Ես չունեմ քաղաքական գործչի իդեալական կերպար։ Եվ անհամեստ չհնչի, սակայն իմ սիրած գրողը, նկարիչը, դերասանը՝ ես եմ»: Իսկ ճի՞շտ է, արդյոք, որ նախկինում Դուք կինոդերասան եք եղել եւ դերասանի մասնագիտությունից ինչպե՞ս անցում կատարեցիք դիվանագիտություն: «Այո, ես նաեւ դերասան եմ եղել, ինչպես նաեւ աշխատել եմ հեռուստատեսությունում: Հնդկաստանի եւ Ասիայի ժողովուրդը գնահատել է ինձ, ես հայտնի եմ եղել որպես շատ հաջողակ հեռուստահաղորդավար: Սակայն, ինքս կարծում եմ, որ շատ վատ դերասան եմ եղել: Դերասան դարձա, երբ երիտասարդ էի՝ ինձ մի դեր առաջարկեցին: Հեռուստատեսություն եկա մի պրոդյուսերի հրավերով՝ հաղորդման հիմնադիր եւ հաղորդավար լինելու նպատակով: Ահա, Հնդկաստանում ես հայտնի եմ եղել որպես տեղական հեռուստատեսության աստղ: Իսկ թե ինչո՞ւ ես դերասանական աշխատանքը փոխեցի դիվանագիտական կարիերայի հետ՝ դե մենք բոլորս էլ սխալներ ենք գործում»: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել