Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չարիքը չարիք է ծնում

Հունվար 11,2003 00:00

Չարիքը չարիք է ծնում Տիգրան Նաղդալյանի սպանությունն առաջին ցնցումը եւ ցավը չէր Հայաստանում իրականացված ահաբեկչություններից: Մի տեսակ դեժավյուի զգացողություն էր. վերապրում կամ հիշեցում ցնցման եւ ցավի մասին: Մարդկային վիշտ Նաղդալյանի մահվան առիթով հաճախ կրկնվեց, թե մեծ վիշտ է նրա՝ երիտասարդ տարիքում նման վայրագությամբ զոհվելը: Բայց Տիգրանը մարդ էր, ում մահը ցավ կպատճառեր նույնիսկ եթե նա լիներ տարեց եւ մահկանացուն կնքեր բնական մահով: Իր բնավորության մի քանի գծերի համար՝ նախ հումորի, հետո՝ նույնիսկ համատարած հոսանքին չտրվելու կարողության: Ասված է. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, սարեր կշրջեք»: Պատահում են մարդիկ, ում համոզվածությունը եւ ուժը նրանց դարձնում է անկյունաքարային էություն, որտեղից սկսվում է դիմակայությունը, հաճախ նորի սկիզբը: Պատկերացնելու համար, թե Տիգրանը որքան էր մոտ այդ էությանը. 2000-ի հունվարին «Հ1»-ը նախադեպ չունեցող արշավ էր սկսել ի պաշտպանություն իրենց ձերբակալված փոխտնօրենի, Տիգրանին հարցրել էին. «Ալիկ Հարությունյանի ձերբակալության ժամանակ ինչո՞ւ նույն աղմուկը չբարձրացրեցիք», պատասխանել էր. «Դե, եթե նախագահը չկարողացավ նրան պաշտպանել»: Բայց այն, որ նույնիսկ նախագահը չէր կարողացել պաշտպանել, ամենեւին չէր նշանակում, որ Տիգրանը չէր ջանա դա անել…8230 Հումորը. դա արդեն վերապատմել հնարավոր չէ: 96-97-ին էր, հանրապետությունում թոփ-թեման «Արշալույսգեյթ» անվանակնքված տեսաերիզն էր: Այն ձեռքից ձեռք էր շրջում. ինքս դեռ չէի տեսել, Տիգրանը տեսել էր: Մեկ ժամանոց տեսագրությունը պատմեց երեւի թե երեք ժամում: Իհարկե, սեփական մեկնաբանություններով, թե ասենք Սիրադեղյանը Կարմիր խաչը ինչու էր հիշել, Վ. Սարգսյանը որտեղից Ռոբեսպիերի անուն գիտեր, Ասատրյանը ինչ էր երգում: Ոչ մի Զադորնով նրա հետ չէր մրցի: Հետագայում, մի քանի անգամ տեսաերիզը ձեռքումս է եղել, բայց չեմ դիտել, տպավորությունը չփչացնելու համար: «Ինչպե՞ս ես» հարցին անփոփոխ պատասխանում էր. «Ճոխ»: Կենսախնդության առումով, հաստատ այդպիսին էր: Լրագրողական կորուստ Կարծում եմ, հավաստումները, թե Տիգրան Նաղդալյանի մահը անհատուցելի կորուստ էր Հայաստանի լրագրության համար, չափազանցություն չեն: Անշուշտ, ոչ «Հ1»-ում, «Հայլուրում» կամ «Օրակարգում» նրա գործունեության առումով: «Հ1»-ը Նաղդալյանի օրոք դարձավ միջազգային հեռուստաալիք, տեխնիկապես վերազինվեց, պահպանվեցին ինչ-որ հաղորդաշարեր, ծնվեցին նորեր. արդյունքում կարգավորումները կատարված են, ուղենիշերը դրված, այդտեղ առանձնակի հետընթացի կամ տեղապտույտի ասպարեզ չկա: «Հայլուրը» եւ «Օրակարգը» քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված հաղորդումներ էին, այդքանով էլ վերջին հաշվով անցողիկ եւ ժամանակավոր՝ կախված թեկուզ հենց իշխանափոխությունից: Ի միջի այլոց, «Հայլուրի» այն անտերունչ, լրատվությունից զուրկ, արեւելյան բայաթիի ու ագրեսիվ հոխորտանքների մեջ տարուբերվող թողարկումները, որ հեռարձակվեցին Նաղդալյանի մահվանից հետո, մեղմ ասած, անպատվաբեր էին: Սակայն Ալիկ Հարությունյանի նշանակմամբ հեռուստաալիքը թերեւս կվերադառնա բնականոն եւ պատշաճ դրվածքի: Ինչ աննպաստ հանգամանքներ էլ լինեին, Հարությունյանի նշանակումը իսկապես հաջողված է: Այլ հարց է, որ Նաղդալյանը ամենահաջողված եւ հեղինակավոր ղեկավարն էր հայաստանյան եթերում եւ ոչ այլ ոք, քան հենց նա մի օր հեռանալով պետական հեռուստատեսությունից, ի զորու կլիներ պետականի հետ մրցունակ անկախ հեռուստատեսություն կայացնել, թե՛ իր ճանաչման, թե՛ փորձառության, թե՛ շփումների շնորհիվ: Իսկ դա շատ ավելի էական իրագործում է կյանքում, քանի որ հաստատուն է եւ շարունակական, ի տարբերություն պետական քարոզչամեքենայի, որը գրեթե նախասահմանված ծառայելու է օրվա իշխանությանը: Այդպես կլիներ, որովհետեւ հեռուստատեսությունը Տիգրանի կյանքի գործն էր: Կլիներ, բայց այժմ արդեն չի լինի: Եվ դա անհատուցելի կորուստ է: Քաղաքացիական դիրքորոշում Հաճախ են հնչում խոսքեր, որ Նաղդալյանը հստակ քաղաքացիական դիրքորոշում որդեգրած անձ էր, ոմանց երեւակայությունն էլ հասել էր այնտեղ, որ կատարված սպանությունը գրեթե մեկնաբանում էին իբրեւ այդ դիրքորոշման համար վրեժխնդրություն թե հատուցում: Հետո թիրախներին հանգիստ թողեցին եւ սկսեցին խոսել հանրապետությունում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին, որ հնարավոր է դարձրել նման սպանություններ: Եթե պետական այրերն ու քարոզչամեքենան եւս մի քայլ առաջ կատարեն եւ գիտակցեն, որ իրենք տարիներ շարունակ այս երկրում բռնությունն արդարացնելով, հետեւաբար՝ հովանավորելով, եւ ի վերջո՝ այսօրվա վերարտադրությանը հասցնելով են զբաղվել, ճշմարտությանը շատ ավելի մոտ կանգնած կլինեն: Երբ գլխավոր դատախազի գնդակահարությունը բացատրվում էր մի քանի հազար դոլարի խնդրով, Նաիրի Հունանյանի հանցախմբին Ռոբին Հուդի թիկնոց էր հագցվում, Կուկուի՝ ծեծելով մարդ սպանելը մեկնաբանվում էր անզգույշ սպանություն, բոլոր այդ բռնության արդարացումներով նորանոր ահաբեկչությունների համար էր ճանապարհ բացվում: Կասկածից վեր է, որ Տիգրանի սպանությունն իրականացնողն էլ նույնպիսի լկտի արարած է լինելու, ինչպես Նաիրին կամ Կուկուն են: Երեւի թե՝ անպատժելիության նրանց օրինակով էլ գոտեպնդված: Ինչ ասել է՝ «Մի սպանեք լրագրողին»: Սպանել չի կարելի ընդհանրապես ոչ մի մարդու՝ ոչ սրճարանում ծեծելով, ոչ խորհրդարանում կրակահերթ բացելով, ոչ էլ «ստորագույն արարածի» վարքագծի մեկ այլ դրսեւորմամբ եւ ոչ էլ բարոյական ահաբեկչությամբ՝ ի դեմս բռնությանն արդարացումներ փնտրելու: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել