Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է

Հունվար 11,2003 00:00

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» հանդիպումների շարքի երեկվա հյուրը ՀՀ նախագահի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էր։ Քննարկվող հարցերի շրջանակն այսօր հասարակությանը հուզող խնդիրների շարքն էր։ Նախքան պրն Սարգսյանի պատասխաններին անդրադառնալը, արձանագրենք, որ նախկին վարչապետը բավականին սթափ եւ լուրջ գնահատականներ ուներ ցանկացած, նույնիսկ անկանխատեսելի հարցի համար։ Ներքաղաքական իրավիճակը. «Դժբախտաբար, մեր երկիրը այնպիսի նորմալ երկիր չէ, որտեղ գոյություն ունի ընդդիմություն եւ իշխանություն երկխոսություն, մրցակցություն։ Ընդհակառակը՝ մեր երկրում կա առճակատում եւ առճակատումն օր օրի ավելի սրվում է։ Առաջին սկսողը երկրի նախագահն էր, որը տարիուկես առաջ հայտարարեց, որ ինքն իր թեկնածությունը դնելու է, որովհետեւ ընդդիմությունը չարացած է։ Այսինքն՝ ինքը թեկնածությունը դնում է ոչ թե իր ծրագրերի համար, այլ՝ ընդդիմության դեմ։ Եվ ինքն էր, որ առաջինը հայտարարեց, թե այս ընտրություններն իր համար ճակատագրական են։ Պիտի ասեմ, որ ճակատագրական են նաեւ ինձ համար, կարծում եմ՝ նաեւ երկրի համար»։ Ըստ Արամ Սարգսյանի՝ «իշխանությունը փորձում է իր ունեցած ռեսուրսներով վերարտադրվել, ընդդիմությունն իր հերթին փորձում է իր ունեցած ռեսուրսներով վերականգնել ու պահպանել Սահմանադրական կարգը եւ իր ձեռքը վերցնել իշխանությունը»։ Միասնական թեկնածու. «Ես միշտ հայտարարել եմ, որ միասնական թեկնածու լինելու է, մնացած խնդիրները՝ ե՞րբ, ինչպե՞ս եւ ո՞վ… մենք էլ ենք մտածում, եւ ամեն ինչ չէ, որ բարձրաձայն պիտի ասվի։ Կա նաեւ նախընտրական տեխնոլոգիաների խնդիրը»։ Արամ Սարգսյանի ներկայացմամբ, միասնական թեկնածուի շուրջ բանակցություններն ընթանում են. «Ընդհանրապես բանակցությունները հիմա գտնվում են այնպիսի փուլում, երբ թեկնածուները միմյանց հետ հանդիպում են առանձին-առանձին, վաղը կհանդիպեն նաեւ միասնաբար»։ Տպավորություն կար, որ 1,5 ամիս առաջ Արամ Սարգսյանը պատրաստ էր հանել իր թեկնածությունը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի, իսկ այսօ՞ր։ Լրագրողի այս հարցին ի պատասխան՝ պրն Սարգսյանն ասաց. «Հանրապետության» եւ ՀԺԿ-ի հարաբերությունները միշտ ակնհայտ ավելի սերտ են եղել, առավել եւս՝ իմ եւ Ստեփան Դեմիրճյանի հարաբերությունները։ Ես մեր կուսակցության համագումարում հայտարարել եմ, որ ես եւ Ստ. Դեմիրճյանը միմյանց հետ չենք մրցելու եւ հայտարարել եմ, որ ես գնալու եմ մինչեւ վերջ։ Այո, ես գնալու եմ մինչեւ վերջ։ Քաղաքականությունը քաղաքական տեխնոլոգիաներ է պահանջում։ Մենք միասին միշտ խորհրդակցում ենք, մենք ընտրություն կատարելու մեր հնարավորություններն ու մոտեցումներն ունենք եւ ժամանակին դրա մասին միանշանակ կհայտարարենք։ Խոսքս վերաբերում է նաեւ ընդդիմադիր դաշտի մյուս կուսակցություններին։ Նաեւ Ա. Գեղամյանի հետ եմ հանդիպում եւ Ստ. Դեմիրճյանն էլ է Ա. Գեղամյանի հետ հանդիպում»։ Տիգրան Նաղդալյանի սպանությունը. «Դեպքի երկրորդ օրն անմիջապես մեր կուսակցությունն իր քաղաքական դիրքորոշումը հայտնեց ահաբեկչության վերաբերյալ։ Ինչ վերաբերում է կոնկրետ ինձ, պետք է ասեմ, որ որեւէ մեկն անձամբ այնքան չի զգացել ահաբեկչության վնասները, ինչքան ես։ Ահաբեկչությունը չունի հայրենիք, ահաբեկչությունը չի ճանաչում ընդդիմություն։ Եվ դրանում մեղավոր է նաեւ գործող իշխանությունը։ Ես պահանջում եմ իշխանություններից ամեն ջանք ներդնել այս ահաբեկչությունը բացահայտելու համար, որովհետեւ չբացահայտումները հղի են ինքնաոչնչացմամբ»։ Արամ Սարգսյանը չբացառեց որեւէ վարկած, համարելով, որ բոլոր վարկածները ստուգել է հարկավոր. «Այո, ես չեմ բացառում որեւէ վարկած, սկսած քաղաքականից, վերջացրած ցանկացածով։ Լինելով տուժողի իրավահաջորդ, քիչ ջանքեր եւ միջոցներ չեմ գործադրել, որպեսզի կարողանամ ապացուցել, որ «Հոկտեմբերի 27»-ը կազմակերպված էր եւ տեսաժապավենի վրա միջամտություն է արված։ Եվ այսօր դատարանն ինքն է հանգում այն փաստին, որ տեսաժապավենը մոնտաժված է։ Ինձ համար ավելի սպասելի էր, որ Տիգրան Նաղդալյանը դատարանի դահլիճում պիտի փորձի մեկնաբանել, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ է դատարանում գտնվող տեսաժապավենը մոնտաժված։ Ավելի շատ սպասում էի սրան։ Ո՞ւմ ձեռնտու չէր, որ Տիգրան Նաղդալյանն այդ հարցին պատասխաներ, սա նույնպես որպես վարկած թողնում եմ համապատասխան մարմինների քննարկմանը։ Պիտի հիշեցնեմ նաեւ Տիգրան Նազարյանին. նա հայտարարեց, որ իրեն վախեցրել են եւ ինքը Հայաստան չի գա։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը, կոնկրետ ես, որպես մարդ, որպես տուժողի իրավահաջորդ՝ շատ կուզենամ, որ Տիգրան Նազարյանը գա դատարան եւ փորձի պատասխանել այն հարցերին, որոնք պատրաստված են իր համար»։ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի մերժումը. «Բավականին երկար ժամանակ է, ես ճանաչում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ բոլորդ էլ նրան ճանաչում եք եւ բոլորդ էլ գիտեք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 10 տարի ապրում է Հայաստանում եւ բավականին հայանպաստ եւ ազգանպաստ գործ է կատարում։ Ես բարոյական կհամարեի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի 10 տարվա քաղաքացիությունը ճանաչվեր։ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիություն ստանալու դիմումը ես տեսել եմ, եթե որեւէ մեկը տեսել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիություն ստանալու դիմումը, թող ասի»։ Եթե վերընտրվի Ռ. Քոչարյանը. «Ես նման բանի մասին չեմ մտածում, եւ խորհուրդ կտայի՝ դուք էլ չմտածեք»։ Իսկ ընդդիմությունն ունի մեկ խնդիր. «դա իրեն տրված ձայներին տեր կանգնելն է։ Հավասար պայմանների դեպքում Ռ. Քոչարյանն ընդդիմության որեւէ թեկնածուի հաղթելու հնարավորություն չունի։ Դա են ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները»։ Իսկ պայմանները, ըստ Ա. Սարգսյանի՝ «բացարձակ անհավասար են, սկսած հանձնաժողովներում երեք անձ ունենալուց՝ մինչեւ ՀՀԽ-ի նախագահ սեփական աշխատակազմի ղեկավարին նշանակելը։ Չէ՞ որ դա Հանրային հեռուստատեսություն է»։ Արամ Սարգսյանի լավատեսությունը. «Ընդդիմությունը տրամադրված է մարտականորեն, միանշանակ պատրաստ է պայքարելու… Շատ մի հուսահատվեք»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել