Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայմանագրով ոտնահարվածներս

Հունվար 10,2003 00:00

Պայմանագրով ոտնահարվածներս Որոշ հոգեբանների կարծիքով, գովազդը, ցանկացած հեռուստաընկերության համար եկամտի աղբյուր լինելուց բացի, նաեւ լավագույն միջոց է հետաքրքիր ֆիլմերի կամ հաղորդումների ժամանակ հեռուստադիտողի լարվածությունը թուլացնելու համար։ Չնայած այդ ամենին, ակնհայտ է, որ գովազդային տեսահոլովակներով գերհագեցած մերօրյա հեռուստաեթերը նյարդայնացնում ու հունից հանում է յուրաքանչյուր մեծահասակ հեռուստադիտողի։ Այդ են վկայում այս կամ այն ֆիլմը, հաղորդումը գովազդային ընդմիջումով ընդհատելու ժամանակ վերջիններիս բարձրաձայն դժգոհությունները կամ, երբեմն էլ, սովորության համաձայն, վերեւներին ուղղված հայհոյանքները։ Այսպիսի դժգոհությունների առնչությամբ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պատասխանեցին, որ հեռուստադիտողին պարբերաբար մատուցվող գովազդը կարգավորվում է Գովազդի մասին օրենքով, որում էլ նշվում է, թե ինչ հաճախականությամբ ու պարբերականությամբ պիտի եթեր տրվի։ Ինչեւիցե, հեռուստաեթերում գովազդային հրավառությանը փոքրիշատե ընտելացած հեռուստադիտողն այս անգամ էլ դժգոհում էր դրա երկար տեւողությունից։ Խոսքը տեղական «Դար 21» հեռուստաընկերության միջոցով վերահեռարձակվող «Ծցջ-TV» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ ընթացող գովազդի մասին է։ «Դար 21»-ով տեղական գովազդն ավելի երկար է տեւում, ինչի պատճառով հեռուստադիտողը զրկվում է տեսահոլովակն ամբողջությամբ դիտելու հնարավորությունից։ Այս հարցի շուրջ եւս փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՌԱՀ-ից։ Լիցենզավորման բաժնի պետ Աննա Արզումանյանի խոսքերով, տեղական հեռուստաընկերությունների միջոցով հեռարձակվող արտասահմանյան հեռուստաընկերությունների եթերով ընթացող գովազդը դեռեւս օրենսդրությամբ չկարգավորված հարց է։ Հարցը կարգավորվում է երկու հեռուստաընկերությունների միջեւ կնքված պայմանագրի համաձայն։ Իսկ «Դար 21» հեռուստաընկերության մի աշխատակից էլ, որին վրդովեցրել էր հեռուստադիտողների կողմից բարձրացված հարցը, նշեց, որ իրենք ունեն իրենց աշխատաոճը եւ որ նախատոնական մի քանի օր, պայմանագրի համաձայն, գովազդը երկարել է։ Հետտոնական տրամադրությամբ երիտասարդը իրենց հեռուստադիտողին նաեւ խորհուրդ տվեց դիտողություններ ունենալու դեպքում անմիջապես իրենց դիմել՝ առանց միջնորդների։ Կարծում ենք, նման առաջարկություն անողը ոտնահարված իրավունքով հեռուստադիտողի համար նշյալ հեռուստաընկերության եթերում պետք է գոնե հեռախոսահամար նշի։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել