Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳՈՀԱՐ»-ը Գյումրին արթնացրեց

Հունվար 10,2003 00:00

«ԳՈՀԱՐ»-ը Գյումրին արթնացրեց Ի հակադրություն տաշիտուշիների ու բայաթիների Դարերից եկած իրողություն է՝ Գյումրին միշտ աշուղների քաղաք է համարվել։ Անցյալ դարավերջի ավերիչ երկրաշարժը փշրեց ամեն ինչ։ Հետո էլ հայտնի դեպքերն ու իրադարձությունները։ Մի խոսքով՝ երաժշտական ավանդույթներով հարուստ Գյումրին «քնեց» տեւական ժամանակահատված։ Միայն 4 տարի առաջ հիմնադրված «Գոհար» հասարակական-բարեգործական մշակութային կենտրոնը, որին գյումրեցին ընդունում է որպես «ԳՈՀԱՐ» երաժշտանոց, Գյումրին նիրհից հանեց։ Կարելի է պատկերացնել, թե մեր օրերում ինչ կամ ինչեր են հարկավոր՝ արտերկիր հյուրախաղերի տանելու 140 հոգանոց երաժշտախումբ։ Մեր զրուցակիցը՝ «ԳՈՀԱՐ» երաժշտանոցի պատասխանատու Գրիգոր Կուզիկյանը ՀԲՄԿ-ի չորսամյա կենսագրությանը ծանոթացրեց սկզբից։ Նրա խոսքերով. «Լիբանանահայ Խաչատուրյան ընտանիքի աջակցությամբ է հիմնադրվել երաժշտանոցը։ Այստեղ եւ երեխաների ուսուցումն է անվճար, եւ գործիքներն են հատկացվում անվճար։ Ծախսերը հոգում է ընտանիքի մայրը՝ տիկին Գոհարը»։ Երաժշտական դպրոցին հաջորդել է ժողգործիքների անսամբլի ստեղծումը, որը ղեկավարում է գյումրեցի ճանաչված դուդուկահար Գագիկ Մալխասյանը։ Ապա ծնվել է 60 հոգանոց քառաձայն երգչախումբ, որը անվարձահատույց ղեկավարում է կիպրահայ երաժիշտ-երգահան, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ Սեպուհ Աբգարյանը։ Այնուհետեւ Գյումրիի կամերային նվագախմբի երաժիշտների խնդրանքով նրանց ընդգրկում են այս համակարգում։ Կարճ ժամանակ անց այն վերաճում է սիմֆոնիկ նվագախմբի։ Պարոն Կուզիկյանի խոսքերով. «Երբ այդ երեք երաժշտական օղակներն արդեն գործում էին, իրականացրինք մի ծրագիր՝ 50-60 երգերից բաղկացած, ընդգրկելով հայկական հանրածանոթ երգեր, ձեռնամուխ լինելով, այսպես կոչված, նորօրյա գործիքավորումների։ Ասել է թե՝ սիմֆոնիկ նվագախումբ մուտքագրեցինք ժողնվագարաններ, հաշվի առնելով ունկնդրի այսօրվա պահանջները։ Ստեղծվեց նաեւ կանանց պարային անսամբլ՝ համերգներին նպաստելու, շարժում տալու համար»։ Մի խոսքով, ստեղծվել է ծրագիր՝ «Սիրված երգեր»։ Համերգային այս մեծ ծրագրի առաջին բեմելից հետո, որը կայացել է Գյումրիում, ներկայացվել է նաեւ Բեյրութի «Բիել», Կիպրոսի «Ֆալկոն» հեղինակավոր համերգասրահներում, իսկ անցյալ տարվա վերջում երեւանյան հանդիսատեսը այն ունկնդրել է ՄՀՀ-ի համերգային դահլիճում։ Մեր այն հարցին, թե ինչո՞ւ հատկապես սիրված, հանրահայտ երգեր, պարոն Կուզիկյանը տվեց հետեւյալ բացատրությունը. «Երգը ժողովրդի հոգու թարգմանն է, նրա կյանքի, ուրախության եւ տրտմության, նրա հույզերի արտահայտիչը։ Դարերի միջով, սերնդից սերունդ անցել է երգը, փոխվել, նոր իմաստ, նոր երանգ ստացել, բայց միշտ պահպանել է իր թարմությունը։ Երգը, ի վերջո, ամեն մի ժողովրդի պատմությունն է՝ մեղեդու մեջ բյուրեղացած, հղկված»։ Ի դեպ, այս կառույցի գործունեությունը բառի իսկական իմաստով՝ պրոֆեսիոնալ է։ Այսպես. դպրոցի ուսուցչական կազմը Երեւանի կոնսերվատորիայի ու Գյումրիի մասնաճյուղի, երաժշտական ուսումնարանների շրջանավարտներն են։ Մշտական կապ կա Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Վերջապես վարձատրվում է թե ուսուցչի, թե երաժշտի աշխատանքը, այսինքն բացվել ու գործում են աշխատատեղեր։ Անկեղծ ասած, պարոն Կուզիկյանից չլսեցինք եւ ոչ մի քննադատական խոսք՝ ուղղված այս կամ այն պետական կառույցին, բայց արդեն հանրահայտ ճշմարտություն է՝ հարկ չկա մանրամասն խոսելու, թե ինչ է երգը մեր կյանքում։ Ու թերեւս հույսներս դնենք «ԳՈՀԱՐ»-ի ու նման կառույցների վրա, որ մեր ականջը փրկենք պրկերես, ինքն իրեն պարտադրող նեյնիմներից։ Այս հարցում այլընտրանք չունենք. ճշմարիտ երգի տեղեկատվության դեպքում նրա տեղը կբռնեն մշտարթուն տաշիտուշիները կամ սրտաճմլիկ բայաթիները։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Աղ ու հացով, շենք ու շնորհքով գյումրեցին անցյալ տարի տիկին Գոհարին շնորհեց Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել