Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍՊԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ

Հունվար 10,2003 00:00

ՄԱՐԴԱՍՊԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՏԺԻ ԿՐՈՒՄԻՑ 2002թ. հունիսի 19-ին, ժամը 12-ի սահմաններում ավտովթարի զոհ դարձած գործարար Հովհաննես Հայրապետյանի մահվան յոթերորդ օրվա սգո արարողության ժամանակ մասնակիցների ներկայությամբ սպանվեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախկին աշխատակից Հովհաննես Մանուկյանը։ Սգո արարողությանը մասնակցում էին իբրեւ քավոր նախագահի ոչ անհայտ խորհրդական Ալիկ Հարությունյանը, Հովհաննես Հայրապետյանի եղբոր՝ գլխավոր դատախազության աշխատակից Հայրապետ Հայրապետյանի աշխատանքային ընկերները, պաշտոնատար անձինք։ Սպանությունն իրականացրեց Միշա Հայրոյի Քալանթարյանը, նախկինում դատված, 1989թ. պայմանական վաղակետ ազատված, «դատվածությունը մարված» եւ, ինչպես քրեական գործի նյութերից է երեւում, «ինսուլտ տարած, կայծակահարված», «մշտապես գտնված բժշկական հսկողության տակ»։ 1942թ. ծնված Միշա Քալանթարյանի հետ էր կապվում նախկինում կատարված մեկ այլ սպանություն։ Ունենալով «գժի թուղթ», նա կարողացավ պլստալ այս անգամ էլ, քանզի Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի դռնբաց դատական նիստում «անմեղսունակ» Մ. Քալանթարյանին ազատեց «քրեական պատասխանատվությունից եւ պատժից եւ նրա նկատմամբ կիրառեց բժշկական բնույթի հարկադրական միջոցներ խիստ հսկողության հոգեբուժական հիվանդանոցում»։ Տուժողի իրավահաջորդներին՝ Մանուկյանների ընտանիքին որոշվեց հանձնել ընդամենը Հովհաննես Մանուկյանի վերնաշապիկը եւ «իրավունք վերապահվեց» նրանց քաղհայցով մտնել դատարան։ Հասկանալի է, որ Հովհաննես Մանուկյանի սպանության գործը այսպիսի խայտառակ ավարտ չպետք է ունենար։ Սպանության համար մարդասպանը ոչ միայն ազատվեց պատժի կրումից, այլ երեք ժամ տեւած դատաքննությունն ընթացավ առանց ամբաստանյալի մասնակցության, քանզի ստացվեց, որ Հայաստանում նա «միակ» անմեղսունակն էր, որն ի վիճակի չեղավ գտնվել իր իսկ նկատմամբ հարուցված քրգործի քննությանը։ Մ. Քալանթարյանը, դատաքննության ժամանակ ինչպես պարզվեց, 1990 թվականից ապօրինի ձեռք է բերել ՏՏ տեսակի 7,62 մմ տրամաչափի ատրճանակ։ 2002թ. հունիսի 12-ին Երեւան-Աշտարակ մայրուղում տեղի ունեցած ավտովթարի պատճառը, որի զոհը դարձավ Հովհաննես Հայրապետյանը, չգիտես ինչու, վերագրվել էր նրա ընկերոջը՝ Հովհաննես Մանուկյանին։ Վկաներից մեկի (Լաուրա Գրիգորյանի) ցուցմունքով, Մ. Քալանթարյանը հաճախ իր զառանցանքների մեջ կրկնում էր՝ «ես լսում եմ Հովիկի ձայնը, դու պետք է վրեժխնդիր լինես»։ Վկաներից մեկի (Ա. Եգրոյանի) պնդմամբ, ինքն ավտոմեքենայից իջնելով լսել է կրակոցի ձայն, տեսել է, թե ինչպես Մ. Քալանթարյանը ատրճանակը ձեռքին բռնել է Հովհաննես Մանուկյանի ձեռքից, ատրճանակը պահել նրա գլխին։ Երբ նրա ձեռքից խլվել է ատրճանակը, Մ. Քալանթարյանը հանել է իր երկրորդ ատրճանակը, իսկ այդ ընթացքում Հ. Մանուկյանը փախել է։ Մ. Քալանթարյանը, հետապնդելով նրան, կրակել է նրա ուղղությամբ։ Ըստ գործում առկա ապացույցների, «կրակել է, մինչեւ վերջացել են փամփուշտները»։ Ի դեպ, ծանր մարմնական վնասվածքներ ստացած Հ. Մանուկյանը մահացել է 3-րդ կլինիկական հիվանդանոցում։ Ըստ փորձագետների, «հանցագործության կատարման պահին» (բառաշպարներ, որոնք կրկնվում են որեւէ հանցագործի փրկելու համար, եթե ունի զորեղ թիկունք) Մ. Քալանթարյանը գտնվել է «սուր փսիխոտիկ վիճակում եւ այդ գործողությունների հիմնական դրդապատճառը հանդիսացել են ցնորազառանցանքային բնույթի հիվանդագին ապրումները»։ Ամեն դեպքում, նրան դատարան չբերելով, խիստ կասկածելի է դառնում վիճակի նման նկարագրության հավաստիությունը։ Երեկ զրուցեցինք հանգուցյալ Հովհաննես Մանուկյանի կնոջ հետ, որը հայտնեց, որ իրենք չեն մասնակցել առաջին ատյանի դատարանում ընթացած դատաքննությանը եւ որ իրենք պատրաստվում են վերաքննիչ բողոքով դիմել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ Նա նաեւ հայտնեց, որ հոգեբանորեն պատրաստ չէին, նաեւ իրավական առումով, նման դատավճռի, երբ սպանության դիմաց շնորհվում է նմանօրինակ ազատություն։ Ուզո՞ւմ եք Հայաստանում մարդ սպանել՝ ձեռք բերեք անմեղսունակության փրկարար կարգավիճակ եւ դուք ազատ կլինեք Ձեր գործողություններում։ Այսքանից հետո կարո՞ղ ենք վստահաբար պնդել, թե Հայաստանում սպանություններ չեն լինի եւ կամ մարդուն ապօրինի կյանքից զրկելու համար մարդասպանը երբեւիցե կպատժվի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել