Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ նախարարը կով պահո՞ւմ է

Հունվար 10,2003 00:00

Իսկ նախարարը կով պահո՞ւմ է Վերջերս մի առիթով լսելով գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի հեռուստատեսային ելույթը, կարծիք հայտնեցի, թե «թվում է Շվեյցարիայում, Ֆրանսիայում կամ զարգացած ագրարային որեւէ այլ երկրում ենք ապրում, բայց տեղյակ չենք»։ Միաժամանակ հարցրի, թե «ինչո՞ւ ճիշտը չի ներկայացվում, այն է՝ չնայած որոշ ֆերմերների վիճակը Հայաստանում լավ է, սակայն գյուղացիության հիմնական մասը գտնվում է աղքատության մեջ, ծանր վիճակում, մանավանդ հեռու լեռնային եւ նախալեռնային շրջաններում։ Իսկ Արարատյան դաշտի գյուղացիության մեծ մասը խրված է օրեցօր աճող հարկերի, պարտքերի ու դրանց տոկոսների մեջ»։ Հարգարժան նախարարը պատասխանեց. «Այո, Շվեյցարիա չենք եւ Շվեյցարիա չենք էլ դառնա, քանի դեռ քեզ նման ֆերմերային տնտեսության նախագահը մի կով էլ չի պահում»։ Նախ լավ կլիներ, որպեսզի նախարարը տարբերեր ֆերմերային (գյուղացիական) հասարակական կազմակերպությունը (հ/կ) ֆերմերային տնտեսությունից, պատկերացում կազմեր եւ լավ իմանար հասարակական կազմակերպության եւ նրա նախագահի դերը, նպատակը, ֆունկցիաները, իմաստը։ Ֆերմերային հ/կ-ի նախագահն, ընտրված լինելով բազմահազար գյուղացի-ֆերմերների, գյուղատնտեսության բնագավառի մասնագետների, գիտնականների կողմից, հանդես է գալիս գյուղացիների անունից, կոորդինացնում է կազմակերպության կառույցների եւ բաժինների գործունեությունը, կազմակերպությունը ներկայացնում է տարբեր կազմակերպություններին եւ այլն, հետեւաբար պարտադիր էլ չէ, որպեսզի նա կով պահի։ Կարծում ենք, հարկավոր է ստեղծել համընդհանուր ուժերով ձեւավորված Գյուղատնտեսական կոորդինացիոն խորհուրդ։ Այդպիսի մի փորձ արեցինք։ 2000թ. ձեւավորվեց այդպիսի խորհուրդ, սակայն ֆինանսների բացակայության պատճառով որոշ ժամանակ անց դադարեցվեց աշխատանքը։ Նախարարը ՄԱԿ-ի հետ միասին լավ նախաձեռնությամբ է հանդես եկել, ստեղծելով «Գյուղական վայրերի եւ գյուղատնտեսության զարգացման» համակարգող խորհուրդ։ Մտավախություն կա, որ այս խորհուրդը ինչպես հարկն է չի աշխատի եւ կկրի միայն ձեւական բնույթ։ Հարկ է նշել, որ Հայաստանի «Ֆերմերային շարժում» հ/կ-ի ծրագրերից է «Պայմանագրային կոոպերացիայի ներդրումը գյուղերում» ծրագրի նախագիծը, որով, ըստ մեզ, հնարավոր է գյուղացիությանը հանել ներկայիս ծանր վիճակից, հավանության է արժանացել մի շարք կուսակցությունների կողմից եւ տեղ է գտել կառավարության «Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության» եւ «Աղքատության նվազեցման» (PRSP) ընդհանուր ծրագրերում։ Եվ եթե նախկինում մենք տարբեր ամբիոններից խոսում եւ հիմնավորում էինք այդ ծրագրի անհրաժեշտության եւ հրատապության մասին, իսկ կառավարությունը մեզ ոչնչով չէր արձագանքում, ապա այժմ, այս նախընտրական շրջանում հանկարծ հիշել են եւ անգամ գյուղնախարարն ինքն է խոսում դրա անհրաժեշտության մասին։ Մեզ համար միեւնույն է, թե ով կիրականացնի այն, միայն թե դա չլինի զուտ նախընտրական խոստում։ Նախկին ընտրություններին մեր կազմակերպությունը պաշտպանել է Ռ. Քոչարյանի թեկնածությունը, նրանից ակնկալելով դրական տեղաշարժեր գյուղատնտեսության մեջ եւ գյուղացիների շրջանում։ Անցան ժամանակներ, փոխվեցին գյուղնախարարներ, հանրապետությունում մի քանի ֆերմերներ հարստացան, իսկ գյուղացիության հիմնական մասը հանրապետությունում, դժբախտաբար, մնաց նույն աղքատը, նրանց որոշ մասն էլ հուսահատված՝ լքեց հայրենիքը։ Մտավախություն կա, որ եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց հետո գյուղացիության շրջանում կառաջանան ուժեղ բեւեռացումներ՝ գյուղատնտեսական հիմնական միջոցներին տնօրինող խոշոր ֆերմերներ եւ նրանց մոտ, որպես բատրակ՝ աղքատ գյուղացիության հսկայական զանգվածներ։ ՍԱՐԳԻՍ ՍԵԴՐԱԿՅԱՆ Հայաստանի «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել