Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՏԱԼԻՍ ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ

Հունվար 10,2003 00:00

Ո՞Վ Է ՏԱԼԻՍ ԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ Տիգրան Նաղդալյանի սպանության վարկածները Սկիզբը նախորդ համարում Թե ինչ վարկածներ ունեն իրավապահները, առայժմ հայտնի չէ, եւ կարծում եմ՝ անիմաստ է այդ ոլորտից որեւէ արդյունքի սպասելը: Նման սպանություններից հետո ծագող առաջին հարցը հետեւյալն է՝ ինչո՞ւ են սպանում: Պատասխանը շոշափելիորեն հստակ է. որովհետեւ Հայաստանում մեծ քանակությամբ ապօրինի զենք կա: ՆԳ, ԱԱ նախարարություններում, դատախազությունում կան «պահեստավորված» չգրանցված զենքերով սպանությունների բազում գործեր: Բավական է մի օրինակ բերել. 1996-ի օգոստոսին Երեւանում իր սեփական ավտոտնակից դուրս գալիս սպանվեց ՊՆ սպա, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Աբրահամ Խամիսյանը, 1997-ի հոկտեմբերին իր տան դիմաց օրը ցերեկով սպանվեց ԱՍԱԼԱ-ի մեկ այլ անդամ, գործարար Դավիթ Դավթյանը: Հետագայում պարզվեց, որ այս երկու սպանությունները նույն զենքով են կատարվել: Դեռեւս այն ժամանակ՝ 1997-ին, Սերժ Սարգսյանը, որ երկու կառույցների՝ ԱԱ եւ ՆԳ նախարարն էր, հայտարարեց. «մի վեց ամիս անց կհայտնաբերենք հանցագործին»: Հանցագործին, իհարկե, չհայտնաբերեցին, ու այդ զենքով մարդն, ամենայն հավանականությամբ, այսօր էլ պտտվում է Երեւանի փողոցներով, ցանկացած պահի, երբ ստանա հրաման կամ փող, կարող է կրակել: Ա. Խամիսյանը լիբանանցի էր եւ նոր էր տեղափոխվել Հայաստան, Դ.Դավթյանը նույնպես մի քանի տարի գտնվում էր Լիբանանում: Երկուսն էլ ԱՍԱԼԱ-ի «Հեղափոխական շարժում» կամ, ինչպես երբեմն ընդունված է ասել, Մոնթե Մելքոնյանի թեւից էին: Այս դեպքերի մասին խոսելը պատահական չէ. մեր աղբյուրներից մեկը նշում է, որ մոտ մեկ ամիս առաջ Տ. Նաղդալյանը Լիբանանից էլեկտրոնային փոստով իր հետ հաշվեհարդար տեսնելու նամակ էր ստացել: Այս տեղեկությունը նույնպես չի հաջողվում ճշտել: Տ. Նաղդալյանի սպանության շուրջ բազում վարկածներ կան, որոնք պտտվում են տարբեր շրջանակներում: Անշուշտ, դրանց մի մասը հենց իրավապահների առաջ քաշածներն են: Վարկած N 1 Առաջին արձագանքը «քաղաքական սպանություն» որակումն է: Առաջինը սա հնչեց, եւ այնքան հաստատական էր, որ, ըստ երեւույթին, ամենահիմնականը կմնա: Նույն երեկոյան տարածվեց նախագահ Ռ.Քոչարյանի հայտարարության տեքստը: Կա մի հանգամանք, որը կարող է նաեւ առանցքային դառնալ իրավապահների համար: Մոտենում էր «Հոկտեմբերի 27-ի» գործով Տիգրանին դատարան հրավիրելու ժամանակը: Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է նա տար: Մասնավորապես, տեսաժապավենի մոնտաժման հարցը: Վազգեն Սարգսյանի իրավահաջորդները պնդում են, որ դահլիճում նկարահանված տեսաժապավենը մոնտաժված է: Դա են հաստատել նաեւ Մոսկվայում անցկացված փորձաքննության արդյունքները: Մյուս հարցն այն է, թե որպես «Հայլուրի» թղթակից Ազգային հեռուստատեսության աշխատակից եւ 27-ի գործով վկա Տ. Նազարյանը ինչպես է ընտանիքով տեղափոխվել Միացյալ Նահանգներ: Այս վարկածը պնդողներն ասում են. «Կան ուժեր, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի Տիգրանը չպատասխանի այդ հարցերին»: Ըստ Տիգրանի ընկերների, այդ բոլոր հարցերին նա արդեն պատասխանել էր: Վարկած N 2 «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը համոզված է, որ «սպանությունը պատվիրված էր» եւ «հիմնական վարկածները պետք է լինեն քաղաքական եւ տնտեսական»: Նշենք, որ Հայաստանում հեռուստատեսային գովազդի դաշտում բավականին մեծ փողեր են պտտվում, իսկ հանրային հեռուստատեսությունը բավականին շահեկան դիրքերում էր: Գրեթե բոլոր հայտնի գործարարները «պարտավոր» են իրենց գովազդը հեռարձակել նախեւառաջ Հանրային հեռուստատեսությամբ: Թե ինչքան էին կազմում Հանրային հեռուստատեսության գովազդներից ստացած եկամուտները, հայտնի չէ: Ունե՞ր արդյոք Տիգրան Նաղդալյանը սեփական բիզնես: Մինչեւ Ազգային հեռուստատեսություն գալը նա հիմնադրել էր «Կայմ» հեռուստաընկերությունը: «Կայմն» ուներ մոտ 60 հազար դոլար արժողությամբ պրոֆեսիոնալ տեխնիկա: Հեռուստաընկերությունը պատրաստում էր պատվերով ֆիլմեր, տեսահոլովակներ, հաղորդումներ: Այսօր այդ հեռուստաընկերության հիմնական պատվիրատուն Հանրային հեռուստատեսությունն է: Ընդհանրապես, երբ խոսք է լինում Տիգրանի տնտեսական գործունեության մասին, նրա ընկերները միանգամից փակում են թեման՝ նշելով, որ Տիգրանը բիզնեսով չէր զբաղվում: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց ձեռք բերել որոշ տեղեկություններ, որոնք, դժբախտաբար, ճշտել հնարավոր չէ: Մասնավորապես, ասում էին, որ Տիգրանը «Տաքսի-Մաքսի» տաքսի ծառայության փայատերն էր: Վերջերս այդ ծառայությունը ձեռք է բերել «Opel» մակնիշի 10 նոր մեքենա: Խոսում են նաեւ «Բարի լոտո»-ի եւ օպերայի բակի սրճարաններից մեկի՝ Տիգրանին պատկանելու մասին: Սակայն ինքը՝ Տ. Նաղդալյանը, հերքել էր այդ լուրերը: Խոսում են նաեւ երթուղային գծի եւ այնտեղ 14 սեփական մեքենա ունենալու մասին: Բայց քանի որ թվարկվածներից ոչ մեկում Տ. Նաղդալյանի անունը չկա, հետեւաբար որեւէ բան պնդելու հիմքեր չկան: (շարունակելի) ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել