Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպանություն, որ ինքնաբացարկի առիթ դարձավ

Հունվար 10,2003 00:00

Սպանություն, որ ինքնաբացարկի առիթ դարձավ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Եգորյանը, որ ՀՀ նախագահի ինքնաբացարկ հայտնած թեկնածու Պետրոս Մակեյանի արդեն նախկին նախընտրական շտաբի նախկին ղեկավարն է, երեկ ասուլիս էր հրավիրել: Հրապարակվեց կուսակցության հայտարարությունը, ուր մասնավորապես ասված է՝ «Նկատի առնելով այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների նախընտրական փուլը սկսվեց ահաբեկչական ակտով, ինչը հանրապետությունում ձեւավորված սարսափի եւ անհանդուրժողականության միջավայրի արդյունք է եւ անհարիր ժողովրդավարական սկզբունքներին, ԺՀԿ-ն աննպատակահարմար է գտնում իր թեկնածուի մասնակցությունը նախագահական ընտրություններին եւ շնորհակալություն է հայտնում Հանրապետության շուրջ 40 000 քաղաքացիներին, որոնք իրենց ստորագրություններով աջակցեցին կուսակցության թեկնածուի առաջադրմանը»: Ահավասիկ այսպես փաստարկվեց կուսակցության նախագահի՝ իբրեւ ՀՀ նախագահի թեկնածուի ինքնաբացարկ հայտարարելու շարժառիթը, թեեւ, պատասխանելով լրագրողների հարցերին, պրն Եգորյանն ինքը խոստովանեց, թե ամենեւին էլ պատրանքներ չեն ունեցել, որ իրենց թեկնածուն այդ ընտրություններում լեգեոներների թվում էր, կամ, որ ՀՀ նախագահ ընտրվելու շանսեր ուներ: Ռ.Եգորյանի մատուցմամբ, նրա առաջադրումը ոչ թե թվաբանական, այլ քաղաքական հաշվարկ էր՝ միտված այն բանին, որ, ի վերջո, քաղաքական դաշտում «աջ» ճամբարը հնարավոր կլինի հստակեցնել: Քանի որ թեկնածուի ինքնաբացարկը պատճառաբանվել էր անցյալ տարեվերջին Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության փաստով, լրագրողները փորձեցին ճշտել, թե ըստ Ռ.Եգորյանի, արդյո՞ք այդ սպանությունը քաղաքական չէր: Պրն Եգորյանի կարծիքով, դա քարոզչամիջոցները դարձրին քաղաքական՝ տեղի ունեցածի շարժառիթները մատուցելով քաղաքական ենթատեքստով, եւ, մյուսներին այլ բան չի մնում, քան արձանագրել այդ: Բայց միաժամանակ Ռ.Եգորյանը նկատեց. «Ընդհանրապես յուրաքանչյուր սպանություն, եթե դա կատարվել է քաղաքական լուրջ պրոցեսների, ընտրությունների արանքում, ուզեք թե չուզեք, հասարակության կողմից դիտվում է որպես «քաղաքական»: Վերադառնալով առաջիկա ընտրություններին, Ռ.Եգորյանը կարծիք հայտնեց, որ եթե նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին չգրանցեն, հիմնական մրցակցությունն այդ դեպքում կընթանա գործող նախագահի եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: «Ժողովրդավարական Հայրենիքի» ներկայացուցչի դիտարկմամբ, այդ դեպքում քարոզարշավի հիմնական թեման «Հոկտեմբերի 27»-ը կլինի: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե այսօր Տ.Նաղդալյանի սպանությունը քաղաքականացնելու եւ ուղղորդելու մեջ իշխանություններին քննադատում են հենց այն մարդիկ եւ ԶԼՄ-ները, որոնք իրենք էին «27»-ն օգտագործում հենց այդ նպատակների համար, Ռ.Եգորյանը հակադարձեց. «Ինձ համար մեկ բան հստակ է. «27»-ին սպանվել են քաղաքական գործիչներ եւ սպանվել են պառլամենտում»: Ըստ նրա, դա այլկերպ չի կարող դիտվել՝ անկախ այն բանից, թե ով ինչ կասեր. «դա ակնհայտ ահաբեկչություն էր՝ ուղղված քաղաքական որոշակի սեկտորի վրա»: Տ.Նաղդալյանի սպանությունն էլ Ռ.Եգորյանի ասելով քաղաքական է, որովհետեւ դրա հետեւանքներն են քաղաքական լինելու՝ անկախ սպանության իրական մոտիվներից: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել