Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստատուս քվոն չի՞ փոխվել

Հունվար 10,2003 00:00

Ստատուս քվոն չի՞ փոխվել Լուրջ արտաքին մարտահրավերները՝ առաջիկա 5 տարում «Հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը»,- հարցնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի հոդվածում եւ պատասխանում՝ «ստատուս քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները»: Եթե այսօր, ավելի քան հինգ տարի անց, փորձենք ձեւական տրամաբանության տեսանկյունից քննել այս պնդումը, ապա պետք է ենթադրենք երեքից մեկը՝ կամ այս հինգ տարում ստատուս քվոն փոխվել է, կամ հինգ տարին երկար ժամանակ չէ, կամ առաջին նախագահը սխալվում էր: Բայց խնդիրը հենց այն է, որ հասարակական գործընթացների վերաբերյալ ձեւական տրամաբանության կանոններն ամբողջությամբ կիրառելի չեն: Տվյալ դեպքում կարող է պատահել, որ երեք ենթադրություններն էլ մասամբ ճիշտ են: Այո, ստատուս քվոն ձեւականորեն չի փոխվել՝ հայկական ուժերը տիրում են այն նույն տարածքին, որն ունեին 1994-ի մայիսի զինադադարից հետո, ԼՂՀ-ն շարունակում է մնալ անկախ, բայց չճանաչված հանրապետություն: Միջազգային հանրության ճնշումն այս ընթացքում ճակատագրական հետեւանքներ մեզ համար չունեցավ, իսկ Հայաստանի տնտեսությունը դիմակայեց անբարենպաստ պայմաններին: Ճիշտ է նաեւ այն, որ այս հինգ տարում պատերազմի վտանգը, կարծես թե, չմեծացավ՝ դժվար թե Ալիեւը գնա նման ինքնասպան քայլի: Այդ ամենն իրականություն է: Բայց դա ամենեւին չի նշանակում, որ առաջիկա 5 տարվա ընթացքում նույնպես հնարավոր կլինի խուսափել ղարաբաղյան խնդրի կարգավորումից, տարբեր պատրվակներով ձգձգել այն, մի խոսքով՝ շարունակել այսօր իրականացվող քաղաքականությունը: Նախ՝ ցանկացած ձգձգում ունի իր ռեսուրսը: Հայաստանում, իսկ այնուհետեւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո միջազգային հանրությունը հրամայականորեն կպահանջի գնալ երկկողմ զիջումների: Հիշեցնենք՝ թե որն է այդ փոխզիջման առանցքը. 1/ հայկական զորքերը պիտի դուրս բերվեն ԼՂՀ-ից դուրս գտնվող բոլոր տարածքներից, բացի Լաչինից, 2/ Ղարաբաղը երբեք չի հռչակվի անկախ պետություն, թեեւ կունենա ինքնուրույնության բավականին բարձր աստիճան: Հասկանալի է, որ նույնիսկ այս լուծումը հեռու է կողմերի մաքսիմալիստական ձգտումներից, բայց դրանից ավելի լավ բան միջնորդները երբեք չեն առաջարկել եւ չեն առաջարկի: Այս երկու կետերն արդեն իսկ բավական են, որ ընտրություններում հաղթած Ալիեւն ու Քոչարյանն իրենց երկրներում հռչակվեն «ազգի դավաճաններ»: Բայց խորամանկել, վկայակոչելով տեղական հասարակական կարծիքը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ըստ երեւույթին, այլեւս չեն կարողանա: Մինչդեռ փոխզիջումը այդ երկու կետով, ցավոք, չի սահմանափակվի: Ալիեւ-Քոչարյան հանդիպումների ժամանակ խոսակցություն բացվեց Հայաստանի հարավով սուվերեն միջանցք տրամադրելու մասին, որը կարող է կոչվել տարբեր ձեւով, բայց ինչ այլասացություն էլ կիրառվի, այդ մի կետը խիստ անբարենպաստ է նախեւառաջ Հայաստանի համար: Դժվար է ասել, թե ինչպես է Քոչարյանը եւս 5 տարի դիմակայելու կարգավորման վերջնական փաստաթղթում այս կետի առկայությանը: Նման հոռետեսական սցենարի հիմքում հենց այն է, որ Ղարաբաղի ստատուս-քվոն թեեւ նույնն է մնացել աշխարհագրական եւ ռազմական առումով, սակայն էապես փոխվել է դիվանագիտական եւ, հետեւաբար, քաղաքական տեսակետից: Ավելի ճիշտ, այդ կարգավիճակը զգալիորեն իջել է: Ղարաբաղը դուրս է մղվել բանակցությունների ֆորմատից եւ դարձել է երկու երկրների տարածքային վեճի առարկա: Իսկ եթե կա տարածքային վեճ, ապա բնական են տարածքային սակարկությունները, շահարկումները եւ զիջումները հենց Հայաստանի եւ Ադրբեջանի, ոչ թե Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ: Առաջիկա 5 տարում Ռոբերտ Քոչարյանի ամենածանր խնդիրը դա է լինելու, ոչ թե գոյություն չունեցող ընդդիմությունը, տնտեսական ցուցանիշների տոկոսները, որոնք շատ հեռավոր ձեւով են առնչվում շարքային քաղաքացիների կյանքի հետ, կամ ժողովրդավարության, արդարության եւ օրինականության պակասը, որի նկատմամբ մեր քաղաքացիների մեծ մասը բացարձակապես անտարբեր է: Հիմնական մարտահրավերները կլինեն դրսից: Ինչպես է Հայաստանը դուրս գալու դրանց տակից, առայժմ չի երեւում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել