«ՇԱՏ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ» Ինչպես եւ սպասվում էր, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը «ՀՀ նախագահի անգործությունն անվավեր ճանաչելու» մասին պահանջով։ Այսպիսով, Րաֆֆի Հովհաննիսյանի ՀՀ քաղաքացիության ժամկետը կշարունակվի հաշվվել 2001 թվականից: Դատավոր Ս. Արամյանը կարիք չունեցավ խորհրդակցական սենյակում երկար փակված մնալու, մոտ 1,5 ժամը բավարար եղավ վճիռը կայացնելու համար. «ղեկավարվելով ՀՀ Քաղդատօրի 130-132, 138, 163 հոդվածներով, դատարանը վճռեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումն ընդդեմ ՀՀ նախագահի, անգործությունն անվավեր ճանաչելու եւ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ 10.08. 01թ. թիվ հն. 907 հրամանագրում փոփոխություն կատարելու պահանջի մասին՝ մերժել»։ Վճիռը կարելի է բողոքարկել վճռի հրապարակման պահից 15-օրյա ժամկետում։ Հասկանալի է, որ նախորդ օրվա նիստի ժամանակ դատավոր Ս. Արամյանը հենց այնպես չշեշտեց, թե գործը քաղաքացիական է եւ որեւէ կապ չի կարող ունենալ ընտրությունների հետ կապված գործերի հետ։ Այսինքն՝ եթե մի քիչ Րաֆֆի Հովհաննիսյանն է ուշ դիմել դատարան, ապա մնացած մասով՝ դատարանն այնպես արեց, որ ժամանակային իմաստով թեկնածուն չհասցնի մասնակցել նախագահական ընտրապայքարին։ Դատարանի վճռից անմիջապես հետո պրն Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. «Շատ հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ, ուղղակի ակնհայտ է, որ դեռ պիտի սպասի մեր սերունդը մի փոքր եւս, որպեսզի մասնակից եւ ականատեսը լինի արդարության եւ իրավունքի գերիշխանությանը մեր երկրում»։ Այնուհետեւ պրն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց դատարանին, իր փաստաբաններին («իրավաչափ, համոզիչ, օրենքի վրա խարսխված դատ ներկայացնելու համար»), շնորհակալություն հայտնեց նաեւ պատասխանող կողմին մասնակցության համար. «այն գնահատականը, որ ես ունեմ իր որոշ արտահայտությունների նկատմամբ, ես հետո կտամ, որովհետեւ այդտեղ կան որոշ խեղաթյուրումներ, ստի վրա հիմնված փաստարկներ, որոնք խնդիր չեն ո՛չ դատարանին, ո՛չ քաղաքացուն, առավել եւս՝ ՀՀ նախագահի թեկնածուի լիազորված անձին»։ Պրն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց նաեւ մարզիկներին։ Թերեւս այս շնորհակալությունը մի փոքր անհասկանալի լինի ընթերցողին, ուստի պարզաբանենք։ Երեկվա նիստից առաջ եւ ամբողջ ընթացքում դահլիճը լեփ-լեցուն էր մարզիկներով, այնքան լեցուն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները՝ մտավորականներ եւ այլ քաղաքացիներ, դահլիճ մտնելու հնարավորություն գրեթե չունեցան։ Ինչու ենք կարծում, որ մարզիկնե՞ր էին. ա) արտաքին տեսքից, չափից դուրս մարզված էին, բ) բառապաշարից. մեր հարցերին միայն այսպես էին պատասխանում. «Հը՞, հա» եւ կոկորդից արձակված ինչ-որ հնչյուններ, գ) փաստաբան Վարդան Պողոսյանի բացատրությունից. «Պատմությունը հետեւյալն է. Իսրայել Հակոբկոխյանը (այս մարզիկը Ր. Հովհաննիսյանի համակիրն է եւ նախաձեռնող խմբի անդամ.- Մ. Ե.) առավոտյան մեզ տեղեկացրեց, որ իրեն ահաբեկել են եւ ասել են, որ չգնա այս դատաքննությանը, իրեն ասել են, թե ինչո՞ւ, երբ «Հաղթանակ» կազմակերպության անդամն ասում է, որ բոլոր մարզիկները ՀՀ նախագահի կողքին են, հանկարծ դատարանի դահլիճում հայտնվում է Իսրայել Հակոբկոխյանը՝ հակառակ կողմից։ Եվ իրենք գործնական քայլեր էին կատարել, որպեսզի այսօր այստեղ լինեին այլ մարզիկներ, այլ կողմնորոշման»։ Հարցին՝ իսկ ի՞նչ նպատակ կարող էր հետապնդել մարզիկների՝ դատարանի դահլիճ գալը, պրն Պողոսյանը պատասխանեց. «Նպատակը կարող էր հոգեբանական ճնշումը լինել։ Ինձ չի հետաքրքրում իրենց նպատակը, ես կարող եմ պատճառահետեւանքային կապերը հասկանալ եւ ես գիտեմ, թե ինչպիսին է գործելակերպն այս երկրում»։ Նախագահի լիազոր ներկայացուցիչ Ա. Կակոյանը մեր հարցին՝ ինչո՞ւ են այսքան մարզիկներ հավաքվել, պատասխանեց՝ «ձեր հրապարակումներն են մեղավոր»։ Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մարզիկներից շնորհակալություն հայտնելով, ասաց. «ուզում եմ շնորհակալություն հայտնել նույնպես այսօր հայտնված մեր մարզիկներին, որոնք իրավունք ունեին այստեղ լինել որպես Հայաստանի քաղաքացի, բայց իրենց տեղը մարզադաշտում է, որտեղ մեր հպարտության աղբյուրն է, երբ բարձրացնում են Հայաստանի պետական դրոշը միջազգային մրցավազքերում եւ ռինգում։ Ես պիտի ուզենայի իրենց տեսնել ոչ թե որպես գործիք, այլ՝ որպես հպարտության արտացոլում։ Եվ վստահ եմ, որ յուրաքանչյուրս այս սերնդի պատիվը կհամարի ստեղծել այն իրավական պետությունը, որը հիմնված չէ քաղաքական շահարկումների, այսրոպեական իրավիճակների եւ անցումային արժեքների վրա»։ Իր քաղաքացիության իրավունքը Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է պաշտպանել դատական բոլոր ատյաններում. «արդարության եւ իրավունքի իշխանությունը գալու է, եթե ոչ այս ատյանում եւ այսօր, այլ վաղը եւ մյուս օրը՝ այլ ատյանում, բայց նորից Հայաստանի Հանրապետությունում»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ