Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆՔ ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻՑ

Հունվար 09,2003 00:00

ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԵՆՔ ԱՏԻՊԻԿ ԹՈՔԱԲՈՐԲԻՑ Չինաստանի Գուանդուն նահանգում (նախկին Հոնկոնգ) կրկին գլուխ բարձրացրած ատիպիկ թոքաբորբը նորից իրարանցում է ստեղծել աշխարհում։ Ամենուր սահմանային կետերում խստացրել են հսկողությունը Չինաստան մուտք ու ելք արած մարդկանց նկատմամբ։ Հայաստանի առողջապահության նախարարությունը նույնպես երեկ Չինաստանի դեսպանատնից խնդրել է այդ երկիր գնացող-եկողների անվանացանկը, որպեսզի կարողանա նրանց նկատմամբ իրականացնել անհրաժեշտ հսկողություն։ Ըստ նախարարությունից ստացված տվյալների, այժմ արդեն «Զվարթնոց» օդակայանի մաքսային կետում երեք լեզուներով հայտարարություններ են փակցված, որոնք տեղեկացնում են ատիպիկ թոքաբորբի նշանների մասին եւ՝ թե ուր դիմել։ «Դեռ անցյալ տարվանից մենք պատրաստված ենք այդ հիվանդությունը հայտնաբերելուն եւ անհրաժեշտ միջոցներ կիրառելուն»,- երեկ մեզ տեղեկացրեց նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Գայանե Սահակյանը։ Հիվանդության հայտնաբերման առումով առողջապահության մեր համակարգն անզոր է։ Պարզվում է, որ ատիպիկ թոքաբորբի Կորոնա վիրուսի առկայությունը ճանաչելու համար մենք չունենք համապատասխան լաբորատորիա։ Անհրաժեշտության դեպքում պետք է հիվանդի շնչառական ուղիների արտազատուկից նմուշ ուղարկել Մոսկվայում տեղակայված հսկիչ լաբորատորիա՝ ուսումնասիրման։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համաձայն է սեփական միջոցներով ստեղծել նման լաբորատորիա այն երկրում, ուր հայտնաբերվել է Կորոնայի վիրուսի գոնե մեկ դեպք։ Մեր երկրում, բարեբախտաբար, առայսօր չի գրանցվել որեւէ դեպք, եւ ԱՀԿ-ն ծախս անելու անհրաժեշտություն առայժմ չունի։ Անցյալ տարեսկզբին Հարավային Ասիայի երկրներում, Եվրոպայում եւ Կանադայում տարածում գտած այս համաճարակը խլեց 799 մարդու կյանք։ ԱՀԿ-ն առայժմ արձանագրել է լաբորատոր զննումով հաստատված մեկ դեպք, այն էլ նույն օջախում՝ Գուանդունում։ Լրացուցիչ հետազոտություններով մասնագետները պարզել են, որ հիմնական վիրուսակիրը տեղի վայրի կատուներն են, որոնց այժմ փորձում են ոչնչացնել։ Նախարարությունից տեղեկացրին, որ հնարավոր ամեն ինչ արել են ատիպիկ թոքաբորբի հայտնաբերման եւ տարածումը կանխելու նպատակով, բայց 100%-ով ապահովագրել բնակչությանն իրենք (եւ ոչ մեկը) չեն կարող, որովհետեւ հիվանդությանը բնորոշ է բարձր վարակելիությունը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել