Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ՍԱՆԵՐԻՆ»

Հունվար 09,2003 00:00

ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԻՄ ՍԱՆԵՐԻՆ» Հունվարի 5-ից Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը սկսել է մարզումները։ Թիմը նախապատրաստվում է այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի մրցաշարին, որ կայանալու է Անգլիայում՝ մարտի 24-ից 28-ը։ Երեկ ներկա եղանք մայրաքաղաքի «Կիլիկիա» մարզադահլիճում հավաքականի հերթական մարզմանը եւ զրուցեցինք ավագ մարզիչ Խորեն Հովհաննիսյանի հետ։ «Երեւանում մարզվելու ենք մինչեւ հունվարի 15-ը։ Հաջորդ օրը մեկնելու ենք Ծաղկաձոր, որտեղ կանցկացնենք նախապատրաստական շրջանի երկրորդ փուլը։ Այն կտեւի 10 օր եւ հիմնականում նվիրված է լինելու տղաների ֆիզպատրաստականությանը,- ասաց նա։- Հնգօրյա հանգստից հետո, փետրվարի 1-ին կմեկնենք Արարատ քաղաքի «Այգ» մարզաբազա։ Այնտեղ 12 օրվա ընթացքում մարզումներից զատ նախատեսել ենք մի քանի խաղ կազմակերպել։ Դրան կհաջորդի նախապատրաստության նախավերջին փուլը՝ ամսի 15-ից մինչեւ մարտի 1-ը։ Դա լինելու է Կիպրոսում։ Այնտեղ նույնպես 4-ից 5 ստուգողական հանդիպումներ կունենանք, որոնց ժամանակ կհղկենք ֆուտբոլիստների խաղային որակները։ Մարտի 15-ին կմեկնենք Ֆրանսիա եւ մինչեւ 22-ը կհանգրվանենք այդ երկրի հավաքականի՝ Փարիզում գտնվող բազայում։ Այդ վերջին փուլում նախատեսել ենք մեկ ընկերական խաղ, որից հետո ընտրելու ենք մեր լավագույն ֆուտբոլիստներին, որոնք երկու օր անց ընտրական մրցաշարի երկրորդ փուլի մեկնարկային հանդիպումում կպայքարեն դաշտի տերերի՝ Անգլիայի թիմի հետ»։ Խորեն Հովհաննիսյանն ասաց նաեւ, որ ներկայումս հավաքի մասնակցում է 22 ֆուտբոլիստ՝ հիմնականում «Փյունիկից» ու «Բանանցից»։ Թեկնածուների մեջ ներկայացուցիչ ունեն նաեւ «Սպարտակը», «Լոկոմոտիվը», «Շիրակը», Շենգավիթի մարզադպրոցը, Մալաթիայի ֆուտբոլի դպրոցը, երկու հոգի էլ դրսից են՝ Սարատովից եւ Պյատիգորսկից։ Ի՞նչ նպատակներով են մեկնելու Անգլիա հարցին ավագ մարզիչը պատասխանեց. «Այս տարիքային խմբի հավաքականը բավականին աճել է։ Նպատակը մեր խմբում այս անգամ էլ հաղթելն է ու Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելը։ Ես տղաներին հավատում եմ։ Ինչպես ասում են, Աստված մեզ մի քիչ պահապան լինի ու մի փոքր էլ մարզական բախտ ունենանք»։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե ապագա մրցակիցների մասին նախնական տեղեկություններ ունե՞ն։ «Դրան շատ մեծ կարեւորություն ենք տալիս։ Որքան շատ ինֆորմացիա լինի, այնքան ճիշտ կկարողանանք կազմակերպել խաղը։ Հետաքրքրվում ենք։ Օրինակ, փետրվարին մրցաշար է լինելու Պորտուգալիայում, որտեղ հանդես է գալու մեր մրցակիցներից Անգլիան։ Այնտեղ մեր մարզիչներից մեկն անպայման ներկա կլինի»,- վերջում ասաց Խորեն Հովհաննիսյանը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել