Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Հունվար 09,2003 00:00

ՍԻՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ «Ա1+»-ը 7-րդ անգամ զրկվեց եթեր վերադառնալու հնարավորությունից: Հերթական այս մրցույթի արդյունքները «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն այսպես գնահատեց. «Նախապես էի ասել, որ այս մրցույթն այսպես էլ ավարտվելու է: Ամալյանը չի զարմացնում՝ շարունակում է իր դերակատարությունը: Սակայն մենք համբերություն ունենք՝ կսպասենք թեկուզ 7 տարի էլ»: Վիճարկելո՞ւ են նաեւ այս մրցույթի արդյունքները հարցին, պրն Մովսեսյանը պատասխանեց, որ դեռ չի ավարտվել նախորդ մրցույթի արդյունքների վիճարկումը. «Եվ ես կուզեի այդ դատավարության ընթացքում տեսնել ՀՌԱՀ նախագահի դեմքը, երբ հակափաստարկներ կներկայացվեն իր հայտարարությանը, թե «Ա1+»-ը զբաղվում է խաբեությամբ»: Խոսքը, հիշեցնենք, նախորդ մրցութային առաջարկում, ներառված տվյալների մասին է՝ մասնավորապես «Ա1+»-ի ինտելեկտուալ ներուժի գնահատման եւ 10 հազար արտոնագրված ֆիլմադարանի: Վերջին մրցույթին այդ տվյալները ներառված չէին առաջարկում, եւ Գրիգոր Ամալյանն իբրեւ «դրական առաջընթաց» գնահատեց այդ «անհեթեթ տվյալներից» հրաժարվելը: «Պրն Ամալյանին խորհուրդ կտայի հետեւել եթերում ոչ արտոնագրված ֆիլմերի ցուցադրմանը,- ասաց «Ա1+»-ի նախագահը:- Իսկ ես դարձյալ եմ պնդում, որ ունենք տեսադարան, որի մեջ արդեն կան 11500 արտոնագրված ֆիլմեր: Եվ դա կապացուցենք դատարանում: Տեսնենք, թե ինչպիսին կլինի դատավարության ելքը, եւ եթե վճիռը չբավարարի մեզ՝ կդիմենք նաեւ դատախազություն»: Ի դեպ, «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանն այսպես արձագանքեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության խոստումներին, թե մեկ տարի անց անցնելու են արբանյակային հեռարձակման. «Մինչ այժմ տեղի ունեցած բոլոր հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում էլ եղել են նման խոստումներ. բոլորի շենքային պայմանները պիտի բարելավվա՜ծ լինեին, բոլորը ծրագրային քաղաքականության էական փոփոխություննե՜ր էին խոստանում եւ այլն: Որեւէ՛ հեռուստաընկերություն չի իրականացրել մրցութային առաջարկներում ներառված այդ խոստումներից եւ ոչ մեկը, որոնց շնորհիվ նրանք ճանաչվել էին հաղթող»: Հեռարձակման արտոնագրի պայմանների կատարումը պիտի վերահսկեր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, եւ չկատարելու դեպքում կիրառեր օրենքով սահմանված պատժամիջոցները: Սակայն առայժմ եւ ոչ մեկին ՀՌԱՀ-ը գոնե չի տուգանել խոստացածը չկատարելու համար, հնարավորություն ընձեռելով, որ մրցույթներին մասնակցելիս շարունակեն մեծ-մեծ խոստումներ տալ՝ չզգուշանալով դրանք չկատարելու ժամանակ պատժվելու հեռանկարից: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել