Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենաճկուն մայրիկը

Հունվար 08,2003 00:00

Ամենաճկուն մայրիկը Ո՞վ էր Ռուզաննա Վարդանյանը մինչեւ «հեղափոխությունը»՝ ճկուն, սիրունիկ ակրոբատ-պարուհի։ Ամուսնությունն ամբողջովին հեղափոխեց նրա կյանքը՝ այժմ նա 3 երեխաների մայր է։ «Ճիշտ է, մի քիչ գիրացել եմ, բայց ճկունությունս չեմ կորցրել»,- ասաց նա ու՝ «շպագատ» նստեց նույն պահին։ Ռուզաննան 80-ական թվականներից հայտնի դարձավ պլաստիկ ակրոբատիկայի ժանրում, իր ֆանտաստիկ գեղեցկությամբ համարներով շրջեց ողջ աշխարհը։ Մեկ նա խաղաղության աղավնի էր, մեկ՝ ջրաշուշանից դուրս եկող հնդկական միֆ, մի այլ դերում էլ՝ փայլուն թեփուկներով օձ։ «Շուրջ 11 համար եմ ունեցել, կեսից շատն իմ բեմադրությունն էր»,- ասում է նա, չմոռանալով նաեւ ուսուցիչներին՝ Սոս Պետրոսյան, կրկեսային արվեստի համամիութենական արվեստանոցի ռեժիսորներ Իրինա Պավլովա, Լեոնիդ Մասլյուկով։ «Թվում էր, թե ամեն ինչ նոր է սկսվում, բոլորին էր թվում, բայց՝ ամուսնացա, ոչ մեկը չէր հավատում, որ թողել եմ արվեստը,- հիշեց Ռուզաննան, հետո հիմնավորեց իր որոշումը,- ճիշտ է, դեռ կարող էի աշխատել, բայց ես արդեն 30 տարեկան էի, ընտանիք կազմել էի ուզում, երեխաներ, միշտ եմ ուզել»։ Հիմա էլ սպասում է երրորդ փոքրիկի մեծանալուն, որպեսզի վերսկսի աշխատանքը, այժմ էլ արդեն ուսուցչի կարգավիճակով, եթե, իհարկե, կարողանա պարապմունքների համար տեղ գտնել։ Ճիշտ է, տարիներ առաջ սրահ հատկացրել են, բայց այն պիտանի չէ այս ժանրի համար՝ հատակը երերում է, առաստաղը ցածր է։ «Ընդհանրապես մեզ մոտ չեն գնահատում արվեստի մարդուն. քանի դեռ բեմում ես՝ հիշում են, հեռացար՝ մոռանում են քո գոյության մասին, մնում ես կենսաթոշակի հույսին»,- իր դառը փորձով դժգոհեց ընդամենը մեկ տասնամյակ առաջ փայլող «աստղը», երանությամբ հիշելով արտերկրում իր հանդեպ ցուցադրված ուշադրությունը, բարձր վարձատրությունը։ Հիմա իրեն չեն հիշում նաեւ բեմի գործընկերները, չեն զանգում, հյուր չեն գալիս։ «Կարծում եմ, դա նաեւ իմ ինքնամփոփ բնավորությունից է, ես ամբողջությամբ նվիրվել եմ ընտանիքիս, ինքս էլ չեմ հիշեցնում իմ գոյության մասին»,- ասում է Ռուզաննան։ Ու եթե նա շատ թեթեւ է տանում աստղային վիճակից սովորական տնային տնտեսուհու կարգավիճակին ու կենցաղին անցումը, ապա նրա մայրը՝ տիկին Արփինեն, մինչեւ հիմա չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ «Ես ամեն ինչ դրել եմ աղջկաս կարիերայի համար՝ ժամանակ, նյարդեր, գումար, երազանքներ ունեինք, ինչե՜ր պիտի անեինք»,- ափսոսանքով ասում է «աստղի» մայրիկը։ Ամբողջ կյանքն իր Ռուզաննային նվիրած տիկին Արփինեն այժմ էլ է աղջկանից անբաժան՝ մեծացնում է թոռնիկներին։ Նաեւ՝ ապրում հույսով, որ մի օր էլ կսկսի օգնել մարզումներին պլաստիկ ակրոբատիկայի ուսուցման կենտրոնում։ Ռուզաննան տարօրինակ անտարբերությամբ մերժել ու մերժում է նաեւ հեռուստատեսային հրավերները, չի սիրում միկրոֆոններ, իր մասին հաղորդումներ, հրապարակումներ։ Այս հարցազրույցն էլ, այսպես ասած՝ «ծանոթով» էր։ Պատճառն, իր ասելով, համեստ բնավորությունն է, մեծամտանալ չի սիրում, «ռեկլամվել»՝ նույնպես։ «Գլխավորն այն է, որ մարդը գտնի հոգեկան խաղաղություն, ես հասել եմ դրան՝ ճանաչելով Աստծո խոսքի ճշմարտությունը, ափսոսում եմ, որ դրան չեմ ձգտել փոքրուց»,- ասում է Ռուզաննան՝ գոհ ու բավարարված իր անցած փառքով, իր երեխաներով ու ընտանիքով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել