Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՑՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ

Հունվար 08,2003 00:00

ԱՅՍՕՐ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՑՎՈՐ ԵՆՔ ԲՈԼՈՐՍ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցը՝ ՀՀ նախագահի անգործությունն անվավեր ճանաչելու պահանջով Բա ասում ենք Հայ դատ, ցեղասպանության ճանաչում, բա ասում ենք մեկ ազգ, մեկ հայրենիք, բա ասում ենք միացյա՜լ, անկա՜խ: Հը՞, ընկեր կուսակցականներ ու իշխանություններ: Բա եղեռնի հետեւանք չէ՞, որ հայը հայտնվել է ամերիկաներում: Արտերկրում բնավորված հայը տասներկու տարի ապրում է Հայրենիքում, ծնում հինգ զավակ, դառնում ՀՀ առաջին արտգործնախարար ու տասներկու տարի պայքարում է, որ իրեն իր երկրի քաղաքացի ճանաչեն: Իսկ դուք դեմ եք, ձեր հովանավորյալ նախագահը դեմ է: Դա հայերե՞ն է: Էդ ինչի՞ն եք դեմ, մտածել ե՞ք, ընկեր Հայ դատի պաշտպաններ: Դեմ եք ցեղասպանության հետեւանքով օտար ափերից հայրենիք վերադառնալո՞ւն: Բա ասում եք՝ միացյա՜լ, բա ասում եք մեկ ազգ, մեկ հայրենիք: Այսօր, ժամը 11-ից սկսած Հայաստանի եւ Սփյուռքի ողջ հայությունը հետեւելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հայցով դատավարությանը: Իսկ ՀՀ նախագահի թեկնածուն պահանջում է, որ իր քաղաքացիությունը ճանաչվի իր առաջին դիմումի օրվանից՝ 1991թ. սեպտեմբերի 23-ից: Այս դատին հայցվոր ենք բոլորս: Իր բովանդակությամբ աննախադեպ այս դատավարությունը ոչ թե մեկ մարդու իրավունքների վերականգնման խնդիր է, այլ երեւույթ, որը ցույց կտա, թե ինչպիսին է երկրի այսօրվա իշխանության բարոյական, քաղաքական, իրավական «կոմպլեմենտարությունը»: Ողջ Սփյուռքի ուշադրությունը մտասեւեռված է նախկին սփյուռքահայի հարուցած դատին: Եվ ի՞նչ է ասելու դատարանը: Որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրավունք ուներ, բայց՝ չունի՞: Որ օրենքն անբարոյակա՞ն է: Իսկ մե՞նք: Իսկ ավանդական, ամենակարկառուն կուսակցությունն իր թերթերի բերանով ասում է՝ Ղարաբաղի հայն ու Ամերիկայի հայը մեկ չեն: Մտածում ե՞ք, ինչ անհեթեթություն եք դուրս տալիս: Ասենք` ճիշտ եք. Քըրք Քըրքորյանն ի՜նչ հայ է որ, իսկականը Ռոբերտ Քոչարյանն է, որ հազարավոր կիլոմետրերով մոտ է Հայաստանին: Ճիշտ են ասում, որ ամենախելոքը լինելու ցանկությունն ամենամեծ տխմարությունն է: Այսօր հաճախ ասում են, թե բարոյական տեսակետից Հովհաննիսյանը ճիշտ է, բայց օրենքի տեսակետից՝ սխալ: Իսկ օրենքը գիտե՞ք, հարգելի ամենագետներ: Տասնմեկ տարի մարդը, քաղաքագետը, իրավաբանը, հասարակական գործիչը զրկված է եղել ընտրելու եւ ընտրվելու իրավունքից: Ուրիշների նման կեղծ տեղեկանքների ետեւից վազելու փոխարեն, հարգելով Սահմանադրությունը, դիմել է օրենքին: Իսկ այնտեղ՝ «Հայաստանի անկախության մասին» 23.08.1990թ. հռչակագրի 4-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի»: Բոլորս քաջատեղյակ ենք, որ այն ժամանակ գործել է ԽՍՀՄ քաղաքացիության մասին օրենքը, որտեղ նույնպես սեւով եւ նույնպես սպիտակի վրա գրված է. «Օտարերկրյա քաղաքացիները… կարող են իրենց խնդրանքով ԽՍՀՄ քաղաքացիության մեջ ընդունվել սույն օրենքին համապատասխան՝ անկախ իրենց ծագումից, ռասայական եւ ազգային պատկանելությունից… բնակության վայրից» (հոդված 18): Իսկ ըստ նույն օրենքի 45 հոդվածի՝ «քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների կամ առաջադրումների քննության ժամկետը մեկ տարուց չպետք է անցնի»: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ 23.09.1991թ. Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը ներկայացնելուց մեկ տարվա ընթացքում ՀՀ նախագահը պարտավոր էր Հովհաննիսյանին քաղաքացիություն շնորհել, որը չի արվել: Քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումի մերժման հիմքերը ամրագրված էին «ԽՍՀՄ քաղաքացիության մասին» օրենքի 18 հոդվածով, իսկ իշխանությունները Հովհաննիսյանի դիմումը մերժելու հիմքեր չեն ունեցել: Լավ, հեռուն չգնանք, խոսենք այսօրվա օրենքի լեզվով: «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի ընդունումից անմիջապես հետո եւս Րաֆֆի Հովհաննիսյանը քանիցս դիմումներ է գրել: Իսկ այդ օրենքի հոդված 13-ում գրված է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին հանրապետության նախագահի հրամանագրով… Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը՝ …82303) որը ծագումով հայ է եւ բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում»: Էս էլ` օրենքը: Որի առաջ հավասար ենք բոլորս, նույնիսկ` ՀՀ նախագահի 12 թեկնածուները, հարգելի «կոմպլեմենտարներ»: Ի՞նչ են հուշում իշխանությունների թաքուն սոցհարցումները, արդյո՞ք Րաֆֆիի ակնհայտ բարձր ու բարձրացող վարկանիշը նրանց կստիպի, որ դատավարությունը արհեստականորեն ձգձգելու փորձերով ազատվեն խիստ անցանկալի ընդդիմադիր թեկնածուից, թե՞ կհետեւեն օրենքի տառին, ինչի օրինակը չունենք: Ինչեւէ: Մեր համոզմամբ, դատարանն անկախ մարմին է, կամ գոնե մի օր պետք է լինի այդպիսին: Ես իշխանություններին դաս տալու նպատակ չունեմ, քավ լիցի: Դա անհույս բան է: Իրենց բարեմասնություններով հիացած ինքնասիրահարվածներին սխալը հասկացնելը նույնպիսի անիմաստ ծառայություն է, ինչպիսին մի ժամանակ մատուցվել է այն աթենացի խենթին, որը կարծում էր, թե նավահանգիստ մտնող բոլոր նավերն իրեն են պատկանում: ՀՀ նախագահի թեկնածուներից մեկն արդեն հայտարարել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիության հարցի արդարացի լուծումը ոչ միայն իր, այլեւ բոլորիս խնդիրն է: Ուրեմն ուշադրությամբ հետեւենք գործընթացին, որի սցենարը երեւի «խզբզում» են վերեւներում, ինչպես միշտ, չմտածելով հետեւանքների մասին: ՄԵԼՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել