Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԵԶՎԱՆԻ» ԶԵԿՈՒՅՑ

Հունվար 08,2003 00:00

«ԼԵԶՎԱՆԻ» ԶԵԿՈՒՅՑ Եթե մերձբալթյան որեւէ երկրում միամտաբար պատմենք, թե Հայաստանում ի՞նչ վերաբերմունք կա ռուսերենի նկատմամբ, տեղաբնակները հավանաբար կապշեն: Իսկ ահա ռուսների համար դա երբեք էլ զարմանքի կամ տարակուսանքի թեմա չի եղել: Ավելին, ոչ վաղ անցյալում մոսկովյան մի քանի լրատվամիջոցներ նույնիսկ համարձակություն ունեցան Հայաստանին մեղադրել ռուսաց լեզուն հարկադրաբար եւ բռնի մեթոդներով դուրս մղելու մեջ: Սեփական լեզվի գերակայությունը վերահաստատելու ջանքերը հին իներցիայով դեռեւս ոմանց մեջ շարունակում են բացասական ասոցիացիաներ առաջացնել: Ճիշտ է, եթե 90-ականների սկզբներին մայրենիի պաշտպանությանն ուղղված քայլերը շատ դեպքերում պարզապես ծայրահեղացվում էին՝ վերածվելով հակառուսականության, ապա հետագա շրջանում առողջ դատողությունն ի վերջո թելադրեց, որ նույնիսկ ծանրության կենտրոնների միջեւ փոփոխությունը պիտի ընթանա տրամաբանված, բնական գործընթացների հունով, հակառակ դեպքում այն կարող է պարզապես բումերանգի էֆեկտը դրսեւորել: Այսօր «ռուսականացման» վտանգի մասին այլեւս չի շեփորվում ահազանգի հնչերանգներով: Արտաքուստ զարգացումներն էլ համընթաց են եւ մեղմ: Բայց կա ժողովրդական հայտնի իմաստնությունը, թե արժե, որ վախենանք նաեւ «մարմանդ գետից»: Այդպե՞ս է: Դատեք ինքներդ: Ընդ որում, այս անգամ պատկերը ներկայացնում ենք ոչ թե մենք /ինչից միշտ էլ ինչ-որ մեկը սուբյեկտիվիզմի հոտ կառնի/, այլ երբեմնի «տուժած կողմը»: Ռուսաստանի արտգործնախարարությունը հրատարակել եւ տարածել է մի զեկույց, որը կոչվում է «Ռուսաց լեզուն աշխարհում»: 165 էջ կազմող զեկույցը պատմում է 140 երկրներում իրերի դրության մասին, եւ ոչ պատահմամբ այս փաստաթղթի մի ընդարձակ հատված ամբողջությամբ նվիրված է Հայաստանին: Ռուսական դիտարկումների եւ նրանց իսկ մասնագետների գնահատմամբ, ներկայումս Հայաստանի բնակչության շուրջ 70 տոկոսն այս կամ այն չափով տիրապետում է ռուսերենին: Սա, իհարկե, անցյալի անուրանալի ավանդն է: Մինչդեռ ներկան էլ իր ձեռքբերումներն ունի: Համաձայն ՀՀ կառավարության 1999 թ. ընդունած «Ռուսաց լեզուն ՀՀ կրթական համակարգում եւ հասարակական-մշակութային կյանքում» հայեցակարգի, որը նախատեսում էր պետական կրթական չափանիշների մշակում ռուսաց լեզվի ուսուցման համար, ամենալայն /եթե չասենք՝ բացառիկ/ հնարավորություններն ընձեռվեցին թե լեզուն ուսուցանողների եւ թե սովորողների համար: Եթե այսօր մեր հանրապետությունում ռուսական դպրոց իբրեւ այդպիսին կարող են համարվել ընդամենը երկուսը՝ Ֆիոլետովո եւ Լերմոնտովո գյուղերի դպրոցները, ապա այս վերջին «մոհիկանների» կողքին կան ռուսական դասարաններով 47 դպրոցներ /13-ը՝ Երեւանում/, ուր սովորում է ավելի քան 8 հազ. աշակերտ /այլ կերպ ասած՝ սովորողների ընդհանուր թվի 1,5 տոկոսը/: 1995 թվից ի վեր ռուսաց լեզուն հայկական դպրոցներում դասվում է պարտադիր ուսուցման առարկաների ցանկում: 2-4-րդ դասարանցիների համար հատկացվում է շաբաթական 4 ժամ, 5-8-րդ դասարաններում՝ երեք, իսկ 9-10-րդում՝ երկու ժամ: Հանրապետությունում 26 դպրոցներ են գործում ռուսերենի խորացված ուսուցմամբ: Այստեղ գործընթացը սկսվում է հենց առաջին դասարանից, իսկ որոշ առարկաներ նույնիսկ դասավանդվում են ռուսերենով: Հայաստանի 16 պետական բուհերի առաջին կուրսեցիներ պարտադիր ուսանում են ռուսերեն լեզու: Ռուսական բուհերի հայկական մասնաճյուղերում սովորում է ավելի քան 2000 ուսանող: Ընդ որում, բուհական գրադարանների ֆոնդերի երկու երրորդը դեռեւս կազմում է ռուսերեն լեզվով գրականությունը: Ռուսերենի ուսուցմամբ խմբեր կան Երեւանի պետական համալսարանում, մանկավարժական ինստիտուտում, Բրյուսովի անվան ինստիտուտում եւ Գյումրիի մանկավարժականում: Դրանցում ընդգրկված է շուրջ 500 ուսանող: 1999 թ. ծնունդ առած Ռուս-հայկական սլավոնական համալսարանում սովորում է 700 երիտասարդ: Հաշվի առնելով, որ հանրապետությունում դեռեւս մեծ թիվ են կազմում բարձրակարգ մասնագետները, նախատեսվում է այս բուհին կից բացել ռուսաց լեզվի որակավորման բարձրացման տարածաշրջանային կենտրոն: 2001 թվին բացվեց Ռուսաց լեզվի զարգացման կենտրոնը: Ռուսաստանի հայերի միությունը ստանձնել է այդ կենտրոնի հովանավորությունը: Համաձայն նույն թվին կնքված երկկողմ պայմանագրի, փոխադարձաբար երկու երկրներում էլ ճանաչվում են կրթական փաստաթղթերը, գիտական կոչումներն ու աստիճանները: Տարեկան ավելի քան 120 հազար օրինակ դասագիրք ու գիտամեթոդական գրականություն է ներմուծվում Հայաստան: Վերստին արթնություն է տրվել վաղուց մոռացված ավանդույթներին: Հայ ուսուցիչները կրկին կարող են Ռուսաստանում մասնակցել որակավորման դասընթացներին, Ռուսաստանում պետական կրթաթոշակներ են հատկացվում Հայաստանի քաղաքացիներին /միայն այս տարի՝ 70 տեղ/: Այս տարվա գարնանը Արդարադատության նախարարությունը վերագրանցեց ռուսերեն դասավանդողների հայկական ասոցիացիան: Նախաձեռնությունների ցանկն ինքներս էլ կարող ենք հավելել տասնյակ այլ ձեռնարկներով ու քայլերով, որոնք կամա թե ակամա դուրս են մնացել ռուս դիվանագետների ծավալուն զեկույցից: Բայց փոխարենը հարկ է անդրադառնալ ոչ պակաս էական մի գործոնի եւս: Նման դեպքերում մեծ կարեւորություն ունի նաեւ արտաքին «ֆոնը», մասնավորապես, ռուսերենով հեռարձակվող ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումները, ինչպես նաեւ ռուսալեզու մամուլը: Առանց ավելորդ ջանքեր գործադրելու էլ ակնհայտ է հարաբերակցության ճնշող առավելությունը, ընդ որում, իսկապես լուրջ տագնապների տեղիք տվող: Եթե հեռուստածրագրերի դեպքում հեռուստադիտողի հայեցողությանն է թողնվում ալիքների ընտրությունը, ապա նույնը խիստ դժվար պիտի լինի ռադիոսիրողների համար, որտեղ եթերն ուղղակի հագեցած է անգրագետ ռուսերենով բլբլացող դիջեյների մտային մարզանքներով: Ինչ վերաբերում է վերոհիշյալ զեկույցին, ապա նրա նախաբանում միանշանակ ասվում է, որ դիտարկման նպատակն է «հասարակության ուշադրությունը հրավիրել վտանգավոր միտումների վրա, եւ8230 առաջին հերթին դա վերաբերում է լեզվական իրավունքներին»: Հուսանք, որ նման իրավունքներ մենք էլ ունենք: Նաեւ հուսանք, որ մեր երկրի արտաքին գերատեսչությունը եւս մի օր իրեն կթոթափի հոգսերից եւ ինքն էլ կփորձի պարզել, թե ինչպիսի վիճակում է հայոց լեզուն աշխարհում: Նաեւ Ռուսաստանում: Իսկ քանի որ խոսվեց ժողովրդական իմաստնությունների մասին, ապա անկեղծ լինենք մինչեւ վերջ եւ փաստենք, որ «…քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»… ԱՆԻ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել