Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջնադարյան շուկա

Հունվար 08,2003 00:00

Միջնադարյան շուկա Վերջին տարիներին տարեցտարի Բագրատաշենի շուկայում էլ ավելի են շատանում խոչընդոտներն ու դժվարություննրը։ Պատճառը մաքսային գանձումներն են թե Վրաստանի եւ թե Հայաստանի մաքսակետերում։ Անձամբ բազմիցս մաքսակետում ականատեսն եմ եղել տհաճ միջադեպերի եւ վիճաբանությունների։ Մաքսատան աշխատակիցը հրում է պարկի ծանրությունից ատամները սեղմած, հազիվ ոտքերը քարշ տվող տարեց տղամարդուն կամ կնոջը։ Իսկ այդ մարդիկ ապրելու այլ միջոց չունեն, ընտանիքի քաղցն է նրանց հասցրել այս անպատվաբեր գործին։ Ի՞նչն է դրա պատճառը եւ ինչպե՞ս կարելի է վիճակը շտկել։ Զրուցում ենք մաքսային բաժանմունքի պետի տեղակալ Տիգրան Ղարիբյանի հետ։ – Պարոն Ղարիբյան, ինչպիսի՞ն են մաքսակետ-ժողովուրդ փոխհարաբերությունները։ – Շատ բարդ։ Պատճառն այն է, որ ժողովուրդը չի ցանկանում սահմանված կարգի համաձայն մաքսազերծել իր գնած ապրանքը, ինչից էլ առաջանում են տհաճ քաշքշուկներ, վիճաբանություններ, որոնք ամենեւին էլ պատիվ չեն բերում մեզ։ – Ըստ Ձեզ, ժողովրդի վրա դրված մաքսերը շա՞տ են, քի՞չ, թե՞ նորմալ։ – Դրանք պետության կողմից սահմանված գներ են, որոնք շատ բարձր են։ Եթե մեկ առեւտրական ցանկանում է 50 կգ-ից ավելի կոնֆետ տեղափոխել, միայն 120 դոլար պետք է վճարի սերտիֆիկատի համար, դրանից հետո էլ մաքսազերծի։ Այնպես որ, մինչեւ ապրանքը հասցնի վաճառատեղ, մի քանի անգամ ավելի թանկ կնստի իր վրա, քան տեղի գներն են։ Առանձին դեպքերում մաքսակետը ի շահ ժողովրդի կատարում է զիջումներ։ Օրինակ, կան զոհված ազատամարտիկների այրիներ, մայրեր, որոնք իհարկե սահմանափակ քանակով, բայց առանց մաքսազերծման կարողանում են սահմանվածից ավելի գնումներ կատարել։ Նրանց մենք հնարավորինս զիջում ենք։ – Հնարավոր չէ՞ պետության կողմից սահմանվեն այնպիսի մաքսազերծման գներ, որոնք ձեռնտու լինեն բոլորին։ – Պատճառն այլ է։ Պետությունը ցանկանում է այնպես անել, որ հնարավորինս դրսից քիչ ապրանք ներմուծվի Հայաստան։ Այսինքն, հարկավոր է ոչ թե ներմուծել, այլ արտահանել կամ գոնե տեղում վաճառել մերը։ Մենք ունենք «Գրանդ քենդի», «Գրանդ տոբակո» եւ այլ ձեռնարկություններ, որոնց արտադրանքը հարկավոր է ավելի արագ իրացնել։ Այսինքն ստեղծել մի այնպիսի մեխանիզմ, որ փողը դուրս չհոսի Հայաստանից։ – Բայց չէ՞ որ մանրավաճառը եթե լիարժեք կատարի բոլոր մաքսավճարները, շուկայից դուրս կգա դատարկաձեռն։ – Եթե նա ի վիճակի է մեծ քանակությամբ ապրանք տեղափոխել, ներմուծելը ձեռնտու է, իսկ եթե քիչ, ապա՝ ոչ։ Քանի որ, ինչպես նշեցինք, միայն սերտիֆիկատի գինը 100 դոլարից ավելի է։ – Եթե այս չափով մաքսային դժվարություններ կան, ապա սա շուկան փակելու շատ ավելի լավ տարբերակ է, քան դարպասի բացահայտ կողպումը։ – Չէի ասի։ Քանի որ անկախ բոլոր դժվարություններից, ժողովրդի համար շուկան գոյատեւման աղբյուր է։ Կան աշխատատեղեր՝ սայլ հրողներ, բանվորներ, բեռնակիրներ, ծանր աշխատանքներ, որոնց շնորհիվ մարդ կարողանում է վաստակել իր հանապազօրյա հացը։ Ուղղակի ինչ-որ տեղ պետության կողմից պիտի մաքսային տուրքի սահմանված չափերը վերանայվեն եւ ժողովրդի վիճակը փոքրիշատե կբարելավվի։ Սակայն այն չափով, որ դրանից տեղի արտադրությունն էլ չտուժի։ – Փաստորեն ամեն մի ապրանք պիտի տարվի սահմանափակ քանակով։ Բայց չէ՞ որ մյուս կողմից էլ ճանապարհածախսն է թանկ նստում եւ այդքան գումարով քաղաքացին այդ ամենը կարող է տեղում գնել։ – Այո՛։ Հենց դրա համար էլ սա ընդամենը կոչվում է սահմանային շուկա։ Այստեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է գալ, սահմանված չափով գնումներ կատարել իր տան համար եւ գնալ։ Պարզապես մոտակա բնակավայրերի բնակչությունը չի հասնի մայրաքաղաք գնումներ կատարելու համար, այլ կգա այստեղ։ – Իսկ հեռու գտնվող բնակավայրե՞րը։ – Հեռու ապրող քաղաքացին, օրինակ, իրավունք ունի ամսվա մեջ մեկ անգամ անձնագրով գալ շուկա, գնել 50 կգ-ից ոչ ավելի ապրանք եւ 500 դոլարին համապատասխան գնումներ կատարել առանց մաքսազերծման։ Այդպիսին է շուկայի կարգը։ Ի՞նչ պարտադիր է, որ մանրավաճառը խախտելով մաքսային կարգը, առեւտուր անի մայրաքաղաքի հետ։ Եթե մայրաքաղաքի բնակչին այդ օրը հարկավոր է 2 կգ ցիտրուսային միրգ, դա էլ հոգ չէ։ Կան զանազան տրանսպորտային միջոցներ, որոնք օրինական կարգով տեղափոխում են մեծ քանակությամբ ապրանք եւ վաճառում։ Դրա համար կան այլ մաքսակետեր, օրինակ, Գոգավանի մաքսակետը, Այրումով անցնող գնացք։ – Շուկա հաճախողների մեջ չկա՞ն այնպիսի մարդիկ, որոնց հետ մաքսակետը երբեք խնդիրներ չի ունենում։ – Այստեղ հիմնականում գործ ենք ունենում հոգեկան հիվանդ, նյարդերը խախտված բանվորների հետ, որոնք չեն գիտակցում մեր աշխատանքային դժվարությունները։ Նրանց թվում է, թե մենք ժանդարմ ենք։ Երբ թույլ չենք տալիս շարժվել կարգին հակառակ, բղավում են, անեծքներ հեղում մեր ընտանիքների գլխին, ուշաթափվում։ Հոգեկան ալեկոծումների ժամանակ էլ, երբ այլեւս չենք կարողանում ինքնատիրապետել մեզ, ձեռք ենք բարձրացնում մեկի վրա, վազում են քաղմաս։ Այնպես որ, մեր աշխատանքն էլ նախանձելի չէ։ Ժողովրդի հետ շատ դժվար է աշխատելը։ Մի խոսքով, ամեն օր նույն անելանելի վիճակն է։ ԳԱԳԻԿ ԱԲՈՎՅԱՆ Տավուշի մարզ, Այրում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել