Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Հունվար 08,2003 00:00

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ Ամենաչար Ձյունե թագուհու երեւակայությունն անգամ չէր բավականացնի ստեղծելու այնպիսի չար «խրախճանք», ինչպիսին առանց չարամտության կազմակերպեցին տեղական իշխանություններն ու զանազան ծառայություններ՝ ամանորի օրերին։ Դեկտեմբերի 31-ի հետկեսօրին, այն է՝ տոնական խոզի, հավի կամ այլոց ազդրերը կարմրացնելու թունդ ժամերին, մայրաքաղաքում սկսվեցին հոսանքի համատարած «խափանումներ»։ Տոնածառի լույսերի պես միանում-մարում էին նույնիսկ կողք-կողքի գտնվող շենքերի լույսերը։ Անհանգստացած բնակիչների զանգերին, ըստ մեր տեղեկությունների, չի պատասխանել էլցանցի ոչ մի հենակետ։ Բայց աշխատանք ինչ-որ չափով տարվում էր, քանի որ մի քանի համայնքների մի շարք շենքերում նոր տարվա զանգերից առաջ հոսանքը միացվել է՝ լուսաբացին անջատվելու պայմանով (ինչպես հետո պարզվեց)։ Իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ Ամանորը դիմավորել են խիստ «ռոմանտիկ» պայմաններում՝ մոմի լույսի տակ, առանց երգ-երաժշտության ու կաթողիկոսական -նախագահական շնորհավորանքների։ Այսպիսի Նոր տարի «բախտ» չի վիճակվել դիմավորելու նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին, երբ գոնե մոմի խնդիր մեր օջախներում չկար։ Էլ չասենք վառարանների եւ առանց հոսանքի աշխատող այլ տաքացուցիչների մասին։ Համատարած հոսանքազրկումների պատճառն արդեն հայտարարվել է՝ մալուխները չեն դիմացել հոսանքի գրեթե կրկնակի ծանրաբեռնվածությանը։ Տարօրինակն այն է, որ նույն մալուխներով հրաշալի յոլա գնացինք ընդամենը մեկ տարի առաջ։ Ծանրաբեռնվածության պատճառ կարելի էր համարել նաեւ աննախադեպ ցուրտը, բայց սառնամանիքը սկսվել է դեկտեմբերի կեսերից, ինչո՞ւ այդ օրերից չսկսվեց նաեւ այս անակնկալ հրավառությունը կամ միջոցներ չձեռնարկվեցին։ Այս ամենից հետո խոսել բաժանորդի իրավունքներից կամ վնասի փոխհատուցումից (կիսաեփ-կապտած ուտեստ, մրսած-հիվանդացած բնակիչներ)՝ կդառնա ամանորյա ծաղր։ Անցնենք «խրախճանքի» մյուս՝ «ամենահամեղ» մասին. ջրամատակարարման ու ջրահեռացման սառած եւ պայթած խողովակներ։ Այս առումով ձնհալը խուճապի մեջ է պահում բնակիչներիս, քանի որ սպիտակ «վերմակի» բարձրանալուն պես մեր վարդագույն քաղաքը հանդես կգա վարդագույն արտաքնոցի տեսքով, հատկապես՝ բնակելի շենքերի շրջակայքում։ Ամանորից դեռ մի քանի օր առաջ սառել ու խցանվել են բազմահարկերի (4-5 հարկանի շենքերի ու առանձնատների՝ նույնպես) կոյուղատարները։ Միայն Արաբկիրի համայնքում այդպիսի շենքերի թիվը 169-ն է, որոնցից այժմ 44-ում է վիճակը շտկված։ Եվ եթե էլեկտրամատակարարման հարցում պահանջող ու կատարող կողմերը հստակ են, ապա այստեղ խնդիրը բարդ է՝ ջրմուղ ընկերությունը շենքերի ներսում անելիք չունի (որքան էլ բողոք-զանգերն ուղղվում են նրան), համատիրությունները «խռոված են» բնակիչներից՝ «փող չեն տալիս» պատճառով, վերջիններս էլ անզոր են նման նեղ մասնագիտական խնդիր լուծելու համար։ Որպեսզի եղած խողովակներն էլ չպայթեն, այժմ թաղապետարանները որոշ նյութական օգնություն ցուցաբերում են՝ դիզվառելիքով, նավթավառերով եւ այլ միջոցներով։ Որոշ տեղերում էլ արդեն զրոյական ջերմաստիճանի ու եռացրած ջրի օգնությամբ են խնդիրը լուծել։ Բայց համընդհանուր խցանումների մեջ այդ «բախտավորները» չնչին տոկոս են կազմում։ Թաղապետարաններն օգնության համար դիմել են քաղաքապետարան, քաղաքապետին խնդրել, որ հայտարարի արտակարգ իրավիճակ ու շտապ միջոցներ ձեռնարկի, գուցե եւ համընդհանուր մայրաքաղաքային շաբաթօրյակի տեսքով։ Առայժմ պատասխան չկա։ Ի լրումն այս ամենի, Նոր Նորքի առաջին զանգվածի մի քանի շենքերում դեկտեմբերի 30-ի գիշերը Երեւանի ջերմային տնտեսությունը որոշել է ջերմացնել բնակիչների սառած մարմնամասերը եւ միացրել ջեռուցման համակարգը։ Եվ ի՞նչ՝ խեղճ սառած բնակիչները ողջ գիշեր ջուր են թափել իրենց բնակարաններում պայթած մարտկոցներից, մինչեւ ինչ-որ տեղից «պեղված» մի փականագործ փակել է հանգույցը։ Մի խոսքով, այս Ամանորի անակնկալների շարքը վերջ չունի, ինչն էլ սկսվել է՝ դեռ ավարտ չունի։ Աստղագուշակների վկայությամբ՝ սեւ ոչխարի տարին խիստ հաջող տարի է։ Ինչ խոսք, տարվա սկիզբը «խոստումնալից» էր։ Առավել իրատեսական մտածելակերպով խորհուրդ ենք տալիս զինվել ոչխարային համբերությամբ, ոչխարի գույնն այս հարցում էական չէ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Երբ նյութը պատրաստ էր տպագրության, տեղեկացանք, որ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը միջոցներ է ձեռք առել մինչեւ հունվարի 13-ը վերացնել բոլոր թերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել