Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսկ նրանք հավատո՞ւմ են Աստծուն

Հունվար 08,2003 00:00

Իսկ նրանք հավատո՞ւմ են Աստծուն Միայն Աստված կարող է իմանալ, մեր երկրի պետական պաշտոնյաները հավատո՞ւմ են իրեն, թե՞ ոչ։ Բայց մի բան մենք գիտենք եւ հաստատ՝ պաշտոնյաներից քչերն են կարողանում ուղիղ նայել մարդկանց աչքերին եւ պատասխանել լրագրողի մեն-միակ եւ սովորական հարցին՝ «Իսկ դուք Աստծուն հավատո՞ւմ եք»։ Նախկին նախարար, այժմ՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն, օրինակ, հարցին պատասխանեց. «Իհարկե։ Իհարկե», ամենայն ջանք գործադրելով շուտ ազատվել հնարավոր այլ հարցերից։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ դեմքին այնպիսի արտահայտություն տվեց, կարծես հարցը չէր հասկանում եւ խույս տվեց հարցից։ Պաշտպանության նախարար, նախընտրական շտաբի պետ Սերժ Սարգսյանին եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին արդեն ավելորդ էր անգամ հարցն ուղղել, բա որ հանկարծ պատասխանեին, թե չե՞ն հավատում։ Մի քանի օր առաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց հայրապետական պատարագ։ Ամենայն Հայոց կաթողիկոսը կոնդակ հղեց ի սփյուռս աշխարհի հայ քրիստոնյաների։ Պատարագը նշանակված էր առավոտյան 10։30-ին, առաջինը հայտնվեցին օտարերկրյա դեսպանները, հետո՝ կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը՝ տիկնոջ հետ։ «Առավոտի» հարցին՝ հավատո՞ւմ է Աստծուն, ընկեր Թադեւոսյանը պատասխանեց. «Ես հավատում եմ իմ պապերի ավանդույթին, հավատում եմ մեր ժողովրդի ավանդույթներին։ Ոչ միայն ես, այլեւ այն քաղաքական ուժը, որ ես ներկայացնում եմ, շատ հարգանքով է վերաբերվում եկեղեցուն, եւ ինչո՞ւ չէ՝ շատ հարցերում նաեւ՝ համագործակցում»։ Սուրբ Ծննդյան պատարագին ներկա չէր երկրի գործադիր մարմինը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանով (ըստ որոշ աղբյուրների՝ նախարարաց դասը հունվարի 2-ից մեկնել էր Մոսկվա՝ հայերի աչքից հեռու քեֆ անելու), ներկա չէր նաեւ երկրի օրենսդիր մարմինը՝ Արմեն Խաչատրյանով (վերջինս նոր տարին դիմավորեց Լոնդոնում), իսկ նախագահ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պատարագի վերջին րոպեներից առաջ մտան եկեղեցի իրենց տիկնանց ուղեկցությամբ։ Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ երեւի հատուկ այնպես էր կարգավորել արարողությունը, որ նախագահի մուտքից անմիջապես հետո սկսեց կարդալ իր պատգամը. «Փառք քեզ, Թագավոր, երկնավոր, ազգս հայոց վերստին ապրում է Սուրբ Ծննդյան մխիթարությունը»։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ն ողջույնի խոսք հղեց նախագահ Քոչարյանին եւ Արկադի Ղուկասյանին, այլ ատյանների ղեկավարների անուններ չհնչեցին, կոչ արվեց խաղաղության եւ հենց «խաղաղություն ամենեցուն» մաղթանքը. «Մեր ժողովրդի սրտում արնածոր են վերքերը Հայոց ցեղասպանության, որ տակավին չի գտել համընդհանուր դատապարտություն պետությունների կողմից եւ շարունակում է մնալ քաջալերություն նոր եղեռնագործությունների համար, ինչպես ժամանակին՝ Հոլոքոստի։ Մեր հոգին այսօր խռովված է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փխրուն հաջողությամբ, քանզի հակառակ կողմից շարունակ պատերազմի վերսկսման անլուրջ կոչեր են հնչում։ Փակուղի է առաջնորդվում պատմական իր հողում ապրող արցախահայության հիմնահարցը, երբ արդարորեն ու հիմնազուրկ կերպով առնչվում է տարածքային ամբողջականության սկզբունքին եւ ոտնահարվում է մարդու եւ ազգի ազատ ապրելու բնական, արդար ու օրինական իրավունքը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել