Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱ՞ԾԸ

Հունվար 08,2003 00:00

ՀԵՐԹԱԿԱՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱ՞ԾԸ Տիգրան Նաղդալյանի սպանության չորս վարկածները Անհայտ ոճրագործի (կամ ոճրագործների) կողմից ուղարկված քիլերը սպանեց փայլուն լրագրողին, բարձր պրոֆեսիոնալին, ոլորտի հմուտ ղեկավարին: Այդ նողկալի հանցագործությանը ցանկացած նորմալ մարդու արձագանքը պետք է լինի ցասումն ու զայրույթը: Բոլոր նորմալ մարդիկ գլուխ են խոնարհում Տիգրանի հիշատակի առաջ եւ ցավակցում նրա հարազատներին: Մինչդեռ քաղաքական գործիչները հաջորդ իսկ օրը սկսում են զբաղվել շահարկումներով: Դաշնակցական Վահան Հովհաննիսյանն, օրինակ, իսկույն իմացավ, որ սպանության կազմակերպիչն է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հասկանալի է, որ դա ընդամենը մանր վրեժխնդրություն է՝ իրեն ժամանակին բանտ նստեցնելու համար: Պարզապես ցավալի է, որ քաղաքական հակադիր «խրամատներում» գտնվող մարդիկ օգտագործում են ողբերգությունը՝ իրենց անձնական-քաղաքական հաշիվները մաքրելու, քարոզչական միավորներ շահելու կամ գործող նախագահին քծնելու նպատակով: Նույնքան կոռեկտ չի թվում այդ սպանությունը որակել որպես «ոտնձգություն ազատ խոսքի դեմ»: Ազատ խոսքը կարող են ճնշել միայն պետական կառույցները, իշխանության ներկայացուցիչները՝ էլ ոչ ոք: Երբ խոսք է գնում հենց իշխանության տեսակետն արտահայտող լրագրողի կամ լրատվամիջոցի մասին, նման որակումը, հավանաբար, սխալ է: Դա ամենեւին չի բացառում, իհարկե, որ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կարող էին կազմակերպել ընդդիմության հետ կապված ինչ-ինչ շրջանակներ: Հենց այս վարկածն էլ դիտարկենք առաջինը: 1. Դա արել է ընդդիմությունը՝ Քոչարյանին եւ նրա շրջապատին ահաբեկելու, նախագահին քարոզչական կարեւոր ռեսուրսից զրկելու, երկրի իրավիճակը ապակայունացնելու, նախագահին ակտիվորեն պաշտպանող եւ ընդդիմությանը անխնա քննադատող լրագրողից վրեժխնդիր լինելու նպատակով: Սա է, բնականաբար, իշխանության վարկածը, որի հավանականությունը, կարծում եմ, այս պահին 25 տոկոս է՝ ուղիղ այնքան, որքան մնացած երեքինը: Բայց այսօր ընդդիմություն ասելով, մենք հասկանում ենք նաեւ նախագահի ընդդիմադիր թեկնածուներին: Եվ այս դեպքում անխուսափելի ընդհանրացումները կարող են պարզապես ծիծաղելի լինել: Ես, օրինակ, չեմ հավատում, որ, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանը աշխարհում որեւէ մարդու նկատմամբ թշնամական զգացումներ ունենա, առավել եւս՝ ցանկանա որեւէ մեկի մահը: Ուրեմն, հնարավոր ոճրագործները պիտի լինեն ընդդիմության այն շրջանակներից, որոնք ունեն հակվածություն, հնարավորություններ եւ միջոցներ այդ տեսակի սպանություն իրականացնելու: Մյուս կողմից այստեղ, ինչպես եւ մնացած քաղաքական սպանությունների դեպքում /եթե ճիշտ է քաղաքական վարկածը/, պետք է առնվազն նշել, որ իրավապահ մարմինների կանխարգելիչ աշխատանքը թույլ է կազմակերպված: 2. Դա արել է իշխանությունը՝ ընդդիմության վրա մեղքը գցելու եւ նրա դեմ քարոզչական, իսկ եթե դա հնարավոր լինի՝ նաեւ քրեական հետապնդումներ կազմակերպելու համար: Խորհրդային պատմության մեջ նմանատիպ գործելակերպի դասական օրինակն է 1934 թվականին Կիրովի սպանությունը: Ոչնչացնելով իր մերձավորագույն զինակիցներից մեկին, Ստալինը եւս մի պատրվակ ստացավ էլ ավելի սաստկացնելու ռեպրեսիաները՝ հազարավոր մարդկանց մեղադրելով Կիրովի սպանության մեջ: Իհարկե, խորհրդային ահավոր բռնապետությունը բավականին հեռու է ներկայիս Հայաստանի շատ ավելի «թեթեւ» կիսաավտորիտար ռեժիմից: Բայց դա չի նշանակում, որ մեր կիսատ-պռատ ժողովրդավարության պայմաններում իշխանությունը չի կարող սադրիչ նպատակներով սպանել յուրայիններին: 3. Տիգրան Նաղդալյանի սպանությունը ինչ-որ ձեւով կապված է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության հետ: Եթե ժամանակին հանցագործությունը հետաքննող Գագիկ Ջհանգիրյանը գործեր որպես «մաքուր» իրավաբան եւ ամեն վայրկյան չհետեւեր քաղաքական կոնյունկտուրային, ապա այդ ահաբեկչության, ըստ էության, չբացահայտված բնույթը այդքան մեծ լարվածության եւ կասկածամտության մթնոլորտ չէր առաջացնի, ինչպես հիմա է: Համենայն դեպս, ակնհայտ է, որ «27»-ի գործի ներկայիս վիճակը պոտենցիալ վտանգ է պարունակում թե՛ ամբողջ հասարակության եւ թե՛ հատկապես այն մարդկանց համար, ովքեր տվյալ գործի մասին գիտեն ավելին, քան հասարակ քաղաքացիները: 4. Նույն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, տնտեսական վարկածը, հավանաբար, անտեսվելու է: Եվ իզուր: Վերջին 2-3 տարում (եւ դա, մասնավորապես, նաեւ Տիգրանի շնորհքն է) Հանրային հեռուստատեսությունը դարձել է բարգավաճող բիզնես: Պարզ է, որ հենց այդ հեռուստաընկերությունն է առաջատարը գովազդային շուկայում: Արեւմտյան որոշ գնահատականներով, այդ շուկան կազմում է տարեկան մոտ մեկ միլիոն դոլար: Ո՞ւմ կպատկանի «Հ1»-ում գովազդը պատրաստելու եւ հեռարձակելու իրավունքը, այդ հարցը կարող է լինել լուրջ շահագրգռությունների առարկա: 8230 Ամենացավալին այն է, որ այս հանցագործությունը նույնպես չի բացահայտվելու: Նախընտրական շրջանում իշխանությունն ու ընդդիմությունը ամեն ձեւով կշահարկեն սպանությունը՝ մեղքը գցելով իրար վրա: Ընտրությունները կանցնեն, եւ ոճրագործության մասին էլ բոլորը կմոռանան: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել